22.05.2017 | 
Մշակույթ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂԵՐԸ՝ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԳԻՇԵՐՎԱ ՄԱՍՆԱԿԻՑ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂԵՐԸ՝ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԳԻՇԵՐՎԱ ՄԱՍՆԱԿԻՑ
Այս տարի «Թանգարանային գիշեր» խորագրով միջոցառումներին ակտիվ մասնակցել են նաև ԵՊՀ մշակույթի կենտրոնի սաները:

Դեռևս 1997 թ.-ին Գերմանիայում սկիզբ առած այս նախաձեռնությանը Հայաստանը միացել է 2005 թ.-ին: Այս տարի ևս 100-ից ավելի թանգարաններ Երևանում և ՀՀ մարզերում իրենց դռները բացել էին այցելուների առջև, և նրանցից յուրաքանչյուրը փորձել էր յուրովի ներկայանալ:

 

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը, ցուցանմուշներից բացի, այցելուներին ներկայացավ նաև մշակութային ծրագրով, որի մի մասն էին կազմում ԵՊՀ մշակույթի կենտրոնի սաների կատարումները: Ի դեպ, սա Մշակույթի կենտրոնի և թանգարանի առաջին համագործակցությունը չէ, առաջիկայում էլ նախատեսվում է դրան պաշտոնական բնույթ հաղորդել:

 

 

«էրեբունի» արգելոց-թանգարանում կազմակերպված մշակութային ծրագրի թեմատիկ ուղղվածությունը Վանի թագավորությունն ու դրա մշակութային ժառանգությունն էր:

 

Նախ ԵՊՀ մշակույթի կենտրոնի սաները մասնակցեցին Վանի տարազների ցուցադրությանը, որն ուղեկցվում էր տարազների ու դրանց զարդանախշերի նշանակության վերաբերյալ մեկնաբանություններով: Ի դեպ, տարազները տրամադրել էր «Տերյան» մշակութային կենտրոնը: Իսկ «Համալսարանական» թատրոն-ստուդիայի սաներն իրենց բեմադրությամբ վերականգնել էին հին Վանի կոլորիտը՝ գորգագործություն, արծաթագործություն և այլն:

 

Պատկերն ամբողջացրին Մշակույթի կենտրոնի աղջիկների պարային համույթն ու երգչախումբը՝ կատարելով «Ցորյաններ» պարը, իսկ որպես վերջաբան՝ հնչեցնելով Կոմիտասի երգերի շարան, ապա «Էրեբունի-Երևան» երգը:

 

 

«Այսպիսի համագործակցությունները ինքնանպատակ չեն: Այն ամենը, ինչ ստեղծվում է այստեղ՝ Մշակույթի կենտրոնում, կարծում եմ՝ վաղուց ժամանակն է, որ դուրս գա այս պատերից: Մենք դա անում ենք տարբեր կառույցների հետ համագործակցելով, մրցույթների ու փառատոների մասնակցելով և այլն: Լավ արված աշխատանքը պետք է նաև հանրության սեփականությունը դառնա: Միևնույն ժամանակ մեր ուսանողներն էլ հասկանում են, թե ինչքան կարևոր գործ են անում, երբ տեսնում եմ տարբեր մարդկանց վերաբերմունքն ու լսում գովեստի խոսքերը»,- ասում է ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը:

Այլ նորություններ
«ԵՎԱ» ՖԻԼՄԸ ՑՈՒՑԱԴՐՎԵՑ ՄԱՅՐ ԲՈՒՀՈՒՄ
Հոկտեմբերի 18-ին ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ «Եվա» ֆիլմի ցուցադրությունը:
ՄԱՅՐ ԲՈՒՀԻ ՀՐԱՏԱՐԱԿԱԾ ԳՐՔԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՒՄ ԵՆ ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ
Հոկտեմբերի 3-8-ը Վիեննայի Հայ Առաքելական և կաթոլիկ համայնքներում ներկայացվեցին ԵՊՀ-ի վերջին տարիների հրատարակությունները: