14.04.2017 | 
Գիտություն
ՆԻԿՈԼ ԴՈՒՄԱՆԻ ԿՅԱՆՔԻ ՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԼԵԶՎՈՎ
ՆԻԿՈԼ ԴՈՒՄԱՆԻ ԿՅԱՆՔԻ ՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԼԵԶՎՈՎ
ԵՊՀ պատմության ֆակուլտետում Նիկոլ Դումանի 150-ամյակը նշում են արցախցի գործընկերների հետ:

Հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ Նիկոլ Դումանի 150-ամյակին նվիրված գիտաժողովը, որն անցկացվեց այսօր, հերթականն է մեծն արցախցու հոբելյանին նվիրված միջոցառումների շարքում:

 

Նիկոլ Դումանի գործունեության տարբեր շրջանների, Արցախի և ընդհանրապես Հայաստանի պատմության մեջ ունեցած դերի մասին պատմում էին ոչ միայն ԵՊՀ-ի, այլև Արցախի պետական համասարանի դասախոսներն ու ուսանողները: Գիտաժողովին ներկա էին նաև ԱրՊՀ-ի հայագիտական կենտրոնի ներկայացուցիչները:

 

«Մենք վերջերս ենք Արցախի պետական համալսարանում անցկացրել Դումանի 150-ամյակին նվիրված գիտաժողով ու այնտեղ ևս ներկայացրել նրա կյանքն ու գործունեությունը: Մեր ֆակուլտետը շատ սերտ համագործակցում է Արցախի պետական համալսարանի հետ, առաջիկայում էլ պատրաստվում ենք նրանց հետ համագործակցության հուշագիր ստորագրել, որը ենթադրում է ոչ միայն համատեղ գիտաժողովների անցկացում, այլև ուսանողների փոխանակում, դասախոսների վերապատրաստում, մեթոդական աջակցություն և այլն»,- նշեց Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը:

 

Գիտաժողովի ընթացքում հատուկ անդրադարձ եղավ Նիկոլ Դումանի «Նախագիծ ժողովրդական ինքնապաշտպանության» ռազմագիտական ձեռնարկին, Խանասորի արշավանքում նրա ունեցած դերին, Բաքվի ինքնապաշտպանության կազմակերպմանը և այլն:

 

Ելույթներից հետո ԵՊՀ 6-րդ մասնաշենքի դահլիճում ցուցադրվեց «Նիկոլ Դուման» փաստավավերագրական ֆիլմը:

 

Նիկոլ Դումանը (Նիկողայոս Տեր-Հովհաննիսյան) ծնվել է 1867 թ.-ին Արցախի Ղշլաղ գյուղում: Ավարտել է Շուշիի թեմական դպրոցը, եղել է ուսուցիչ Հյուսիսային Կովկասի հայկական դպրոցներում, Թավրիզի և Սալմաստի վարժարաններում։ 1894-1896 թթ. մասնակցել է Դերիկի կռիվներին։ Բողասքյասանի մարտում էլ վաստակել է «Դուման» մականունը։

1895 թ.-ին խմբով (50 հոգի) անցել է Վան։

 

1904 թ.-ին փորձել է հասնել ապստամբ Սասունին օգնության, սակայն սահմանի վրա կռվի է բռնվել և տեղ չի հասել։1905 թ.-ի հայ-թաթարական ընդհարումների ժամանակ ղեկավարել է Երևանի նահանգում և Արարատյան դաշտում գործող ուժերը, կարողացել հմտորեն կազմակերպել հայերի պաշտպանությունը։ 1910 թ.-ին մասնակցել է 2-րդ ինտերնացիոնալի Կոպենհագենի կոնգրեսին։ Իրանում հեղափոխության ժամանակ ղեկավարել է Թավրիզի պաշտպանությունը։

 

Թոքախտով հիվանդ Նիկոլ Դումանը, զգալով, որ չի կարող մասնակցել 1914 թ.-ին սկսված պատերազմում ծավալված հայկական կամավորական շարժմանը, 1914 թ.-ի սեպտեմբերի 27-ին ինքնասպան է եղել:

Այլ նորություններ
ՏԵՍԱԿԱՆ ՖԻԶԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ՄԵԿ ՎԱՅՐՈՒՄ
Ավելի քան 10 երկրների 50-ից ավելի գիտնականներ հավաքվել են Երևանում՝ քննարկելու ֆիզիկայում սիմետրիայի մեթոդների ուսումնասիրման վերջին ձեռքբերումները:
ԿԱՅԱՑԱՎ ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ՉՈՐՐՈՐԴ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԸ
Հունիսի 27-ից հուլիսի 4-ը ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետը Ծաղկաձորի «Համալսարան» ուսումնաարտադրական բազայում կազմակերպել էր «Մաթեմատիկա և կիրառություններ» թեմայով չորրորդ ամառային դպրոցը: