19.02.2010 | 
Ուսանողական, Կրթություն, Մշակույթ
ԵՍ ԵԿԱ ԷՐՄԻՏԱԺ
ԵՍ ԵԿԱ ԷՐՄԻՏԱԺ
Էրմիտաժի գանձերն այնքան էլ անհաս չեն ԵՊՀ ուսանողներին:

ԵՊՀ ռուսական կենտրոնի նախաձեռնությամբ փետրվարի 16-ից 18-ը կազմակերպվել էր «շրջագայություն» Էրմիտաժում: Չորս օրերի ընթացքում ուսանողները հնարավորություն են ունեցել ֆիլմերի միջոցով ծանոթանալու Էրմիտաժի պատմությանն ու գանձերին: Իսկ վիրտուալ շրջագայության ընթացքում այցելուները հնարավորություն ունեին տեսնելու Էրմիտաժի 25 դահլիճները, ծանոթանալու թանգարանի հավաքածուի «մարգարիտներին»:

 

Ռուսական կենտրոնն այսօր էլ մարդաշատ էր: Ուսանողներն ամփոփեցին ստացած գիտելիքները, զեկույցի տեսքով ներկայացրին Էրմիտաժի ստեղծման ու հավաքածուների պատմությունը: «Չնայած այցելուների մեծ հոսքին, Էրմիտաժն այն վայրն է, որտեղ կարելի է առանձնանալ ու վերանալ»,-նկատում է Աշխարհագրության եւ երկրագիտության ֆակուլտետի Սերվիսի բաժնի ուսանողուհի Նունե Հայրյանը, ով նաեւ հրավիրում է բոլորի ուշադրությունը Էրմիտաժի յուրահատուկ հավաքածուների վրա, ինչպիսիք են, օրինակ, 2000 խաղաթղթերի նմուշները, 50 կատուները, որոնք ավանդաբար բնակվում են Էրմիտաժում` պաշտպանելով այն կրծողներից:

 

ԵՊՀ ռուսական կենտրոնի տնօրեն Արուսյակ Ներսեսյանը կարծում է, որ միջոցառումն օգնում է ուսանողներին խոսելու ու շփվելու ռուսերենով, հաղորդակից լինելու ռուսական մշակույթին ու զարգացնելու լեզվական, հաղորդակցական հմտությունները: «Օրական 2-3 խումբ դիտում էր ֆիլմը: Այն ոչ միան ուսանելի է, հետաքրքիր, այլ նաեւ` շատ մատչելի ուսանողների համար»- ասում է Արուսյակ Ներսեսյանը: Ի դեպ, «Ես եկա Էրմիտաժ» խորագիրը կրող կլոր սեղանի քննարկումներին ներկա էր նաեւ Երեւանում Ռուսական արվեստի թանգարանի ներկայացուցիչ Հասմիկ Իսաղուլյանը: Ողջունելով ուսանողների այս նախաձեռնությունը` թանգարանի հանրահռչակման բաժնի վարիչն առիթը օգտագործեց ու հրավիրեց նրանց այցելելու թանգարան:

 

1984 թվականին հիմնադրված թանգարանի մասին շատերն անգամ չեն էլ լսել, այնինչ, այն 19-20-րդ դարերի ռուսական գեղանկարչության հարուստ ու տպավորիչ հավաքածու ունի: Ռուսական արվեստի թանգարանը Երեւանում հիմնադրվել է մեր հայրենակից, Մոսկվայի պատվավոր քաղաքացի, բժշկագիտության պրոֆեսոր Արամ Աբրահամյանի անձնական հավաքածուի հիման վրա, որը նա մահից առաջ նվիրաբերել է հայրենիքին: Թանգարանում լայնորեն ներկայացված են 19-րդ դարավերջի եւ 20-րդ դարասկզբի ռուսական գեղանկարչության, գրաֆիկայի, դեկորատիվ-կիրառական արվեստի եւ բեմական ձեւավորման վարպետների աշխատանքները, որոնք հիմնականում որոշիչ դեր են ունեցել ռուսական ողջ մշակույթի հետագա զարգացման ընթացքի համար: Թանգարանում ներկայացված են այնպիսի նկարիչների ստեղծագործություններ, ինչպիսիք են` Վ.Սերովը, Կ. Կորովինը, Ն. Ռեյրիխը. Մ. Սարյանը, Պ. Կուզնեցովը եւ ուրիշներ:

Այլ նորություններ
ԵՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ՖԻԶՄԱԹ ՀՈՍՔԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության նախաձեռնությամբ Երևանի մասնագիտական և ավագ դպրոցների աշակերտները հանդիպեցին Ֆիզիկայի ֆակուլտետի ղեկավարության հետ:
ԵՊՀ ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 198 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության դիմորդների հետ տարվող աշխատանքների բաժինն այսօր մասնագիտական կողմնորոշման նպատակով այց է կազմակերպել Երևանի թիվ 198 ավագ դպրոց։