18.01.2019 | 
Հասարակություն
«ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ, ԼԻՆԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ, ԹԵ ԱՐՏԵՐԿՐՈՒՄ, ՊԵՏՔ Է ՇԱՐՈՒՆԱԿ ՆԵՐԿԱՅԱՑՆԻ ՄԵՐ ՀՈԳԵՎՈՐ ՈՒ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՄԱՐԳԱՐՏԱՀԱՏԻԿՆԵՐԸ». ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄԵԿՆԱՐԿ ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍՈՒՄ
«ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ, ԼԻՆԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ, ԹԵ ԱՐՏԵՐԿՐՈՒՄ, ՊԵՏՔ Է ՇԱՐՈՒՆԱԿ ՆԵՐԿԱՅԱՑՆԻ ՄԵՐ ՀՈԳԵՎՈՐ ՈՒ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՄԱՐԳԱՐՏԱՀԱՏԻԿՆԵՐԸ». ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄԵԿՆԱՐԿ ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍՈՒՄ
Վերջերս Լոս Անջելեսում մեկնարկել են հայագիտական ծրագրերի լայն ուսումնասիրություններ։ ԱՄՆ-ի արևմտյան թեմի առաջնորդարանի հովանու ներքո իրականացվող ծրագրերին մասնակցել է բանասիրական գիտ. թեկնածու, դոցենտ Նորայր Պողոսյանը:

Այսօրինակ ծրագիր իրականացնելու գաղափարը դոցենտը մտածել է 2018 թվականի օգոստոսին, երբ աշխատանքային հրավերով գտնվում էր Միացյալ Նահանգներում՝ հայերենի դասավանդման ծրագրեր մշակելու և իրագործելու համար։

 

«Պատկերացրեք, որ միայն Լոս Անջելեսում, ըստ որոշ գնահատականների, մոտ 110 հազար դպրոցահասակ հայորդիներ կան, որոնց 5 տոկոսն է միայն հայկական վարժարաններ հաճախում։ Մյուսները սովորում են ամերիկյան պետական դպրոցներում, որտեղ ուսուցման լեզուն ամբողջովին անգլերենն է, և աստիճանաբար մեր երեխաները ձեռք են բերում անգլերեն լեզվամտածողություն»,- փաստեց Ն. Պողոսյանը:

 

Կարևորելով հայերենի, հայապահպան լեզվամտածողության դերը՝ Պողոսյանը նկատեց, որ հայախոսությունը լրջագույն խնդիր է բոլոր համայնքների համար. «Ցավալի է տեսնել, թե ինչպես վառվռուն, ընդունակ մեր մանուկները կցկտուր են կարողանում հայերեն խոսել, շատերն անգամ հայերեն գրել չգիտեն»։

 

Մեջբերելով հռչակավոր մեր ազգակցի՝ Վիլյամ Սարոյանի խոսքերը՝ «Ես հայ եմ, և դուք գիտեք, թե ինչ դժվարին և միանգամայն ինչ հրաշալի բան է դա», բան. գիտ. թեկնածու Նորայր Պողոսյանն արձանագրեց . «Մեր աչքի առջև հսկա մի շերտ իր լեզվամշակույթով զատվում է հայ աշխարհից, և այդ ուղղությամբ պետական մակարդակով լրջագույն քայլեր պետք է արվեն։ Սփյուռքի հետ հարաբերության անկյունաքարը պետք է լինի հենց սա»։

 

Ծրագրի իրագործմանը նպաստել է ԱՄՆ-ի արևմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս  Տերտերյանը, որի հետ Ն. Պողոսյանը քննարկել ու առանձնացրել է հայագիտական որոշ թեմաներ:

 

«Եթե չլիներ թեմի առաջնորդ Հովնան Սրբազանի նպատակադիր կամեցողությունը, շատ դժվար կլիներ քայլերն առաջ տանել։ Առհասարակ, առաջնորդարանում խնդիրները դրված են հստակ, ծրագրերն արգելակելու մեզ ծանոթ մտայնությունն ու խոչընդոտներն այստեղ քիչ են»,- նշեց դոցենտը։ 


 

 

Վերջինս հիշատակեց ԱՄՆ-ում հաջողությամբ գործող մի քանի կենտրոններ, որոնցում, ցավոք, հայագիտական բոլոր ճյուղերը չեն, որ մեծ ուշադրության են արժանանում։

 

«Մեծաքանակ ու կարող հայ համայնք ունենք Կալիֆորնիայում, բայց գիտական ներուժը մեկտեղելու և նպատակասլաց դարձնելու խնդիր, այնուամենայնիվ, կա,- ասաց Պողոսյանն ու հավելեց, որ այդ աշխատանքի կատարմանը մեծապես օգնում ու նպաստում են նաև ուսանողները:-  Առաջնորդարանում գործում է Առաքել և Շաքէ Աղա-Սարգսեան գրադարանը Հայկ Մադոյանի ղեկավարությամբ, սակայն անհրաժեշտ գրականություն գտնելու բարդություն երբեմն առաջանում է, և այդ դեպքում, թվային միջավայրում եղած գրականությանը զուգահեռ, օգնության են գալիս մեր մի քանի ուսանողները, որոնք Հայաստանից հայթայթում և տրամադրում են անհրաժեշտ էջերի պատկերներ»։ 

 

Դոցենտը տեղեկացրեց, որ ամերիկյան հողի վրա են հայտնվել Եղեռնից հետո փրկվածներ ու նրանց սերունդներ, որոնցից շատերը երկյուղածությամբ պահպանել ու հետագայում առաջնորդարանին են փոխանցել ինչ-ինչ վավերագրեր, վկայություններ, ուստի դրանց քննությունն ու շրջանառության մեջ դնելը նոր նյութեր կմատուցեն հայ գրականությանն ու պատմությանը:

 

«Իմ ձեռքի տակ են Զորավար Անդրանիկի 1918-19 թթ. ձեռագիր մասունք-վավերագրերը, որոնք տասնամյակներ պահպանել և 1960-ական թթ. թեմի առաջնորդարանին է փոխանցել իր զորակից Գարեգին Սահակյանը»,- փաստեց դասախոսը:

 

Ուշադրության են արժանի առաջնորդարանում գտնվող 14-17-րդ դարերի ընտիր ձեռագրերը՝  ավետարաններ, սաղմոսարան, ինչպես նաև 19-րդ դարի ձեռագիր նյութեր, որոնք որոշակի նորույթ են հայագիտության համար:

 

«Առանձնահատուկ արժեքավոր է 1647 թ. Իսֆահանի ավետարանը՝ հրաշալի ծաղկազարդումով. դրանք բոլորը եկել ու հանգրվանել են ամերիկյան հողի վրա, մնացել են համեմատաբար աննկատ. այդ ամենը  մեր մշակութային ժառանգության մաս է կազմում և իր արժանի տեղը պետք է ստանա գիտական ոլորտներում»,- հավաստիացրեց դոցենտը:


 

Վերջինիս տեղեկացմամբ, Հայաստանում և Բեյրութում տպագրվել են և տպագրության են հանձնվել մի քանի հոդվածներ, բացի դրանից՝ Հովհան Ոսկեբերանի քարոզների ժողովածուն: «Ոսկեղենիկ» մատենաշարով շարունակվում են գրաբարյան բնագրերի թարգմանությունները՝ Հովհան Ոսկեբերան, Բարսեղ Կեսարացի, Կարապետ Պալատացի և այլն։ 

 

«Գոհունակությամբ պետք է ասել, որ գրաբարի թարգմանությունների գործին արդեն մասնակցում են Հայաստանի մեր գործընկերները, այդ թվում՝ ԵՊՀ-ից,- ասաց  Պողոսյանն ու հավելեց, - «Ոսկեղենիկը» մի բաղադրիչն է այն լայն ծրագրի, որի մեջ մտնում է նաև աջակցությունը երիտասարդ ու խոստումնալից հայագետներին։ Մեր գիտական միջավայրը, լինի Մայր բուհում, թե այլուր, պետք է կարողանա հայտնաբերել ու ասպարեզ տրամադրել կարող ուժերին։ Միջոցների բացակայությունը, կներեք, արդեն անլուրջ փաստարկ է»։

 

Դոցենտը հույս հայտնեց, որ ծրագիրը դեպի իրեն է ձգելու  հայագետներից շատերին. «Աշխատանքների շարքը երկար է, տպագրության շրջանակը՝ լայն: Շատ կարևոր է, որ աշխատանքները շարունակական դառնան: Այն պետք է իր չափով ծառայի ու նպատակաուղղված լինի մեր ազգային իղձերի իրականացմանը»։ 




«Հայագիտությունը, լինի Հայաստանում, թե արտերկրում, պետք է շարունակ ներկայացնի մեր հոգևոր ու նյութական մշակույթի մարգարտահատիկները»,- ամփոփեց զրույցը Նորայր Պողոսյանը: 

 

 

Անգին Խաչատրյան

Այլ նորություններ
ԳՈՐԾՆԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՔԻՄԻԱՅԻ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅՈՒՄ․ԱՇԱԿԵՐՏՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԵՊՀ
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետում այսօր հյուրընկալվել էին Երևանի թիվ 105 ավագ դպրոցի աշակերտները:
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ ՀՀ ԱԳՆ-Ի ԵՎ ԵՊՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՄԻՋԵՎ
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ապրիլի 25-ին հանդիպել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների և ուսանողների հետ: