02.02.2018 | 
Քաղաքականություն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ
ԵՊՀ ռեկտորն այսօր հյուրընկալել էր ՀՀ-ում (նստավայրը՝ Մոսկվա, ՌԴ) Մեքսիկայի Միացյալ Նահանգների դեսպան Նորմա Բերտա Պենսադո Մորենոյին:

Հանդիպմանը ներկա էին նաև ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը և Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ռոմանական բանասիրության ամբիոնի վարիչ Հասմիկ Բաղդասարյանը:

 

Հանդիպման սկզբում ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը դեսպանին ներկայացրեց Մայր բուհի պատմությունը, կառուցվածքը և ներկայիս գործունեությունը. «Մեր բուհը դասական համալսարան է: Այստեղ գործում են 19 ֆակուլտետներ: Դրանք հենց այն ֆակուլտետներն են, որոնք բնորոշ են դասական բուհին՝ բացի նախկին Բժշկական ֆակուլտետից, քանի որ տարիներ առաջ այն անջատվել և դարձել է առանձին համալսարան: Բայց դրա փոխարեն մեզ մոտ գործում է Ֆարմացիայի ինստիտուտը, որը հագեցած է ժամանակակից տեխնիկայով»:

 

Արամ Սիմոնյանը խոսեց նաև բուհում գործող կենտրոնների, իրականացվող հետազոտական աշխատանքների, արտասահմանյան ուսանողների  աշխարհագրության ու միջազգային գործընկերների մասին. «Մեր գործընկերների մեծ մասը Ռուսաստանի Դաշնությունից են: Ունենք բազմաթիվ գործընկերներ Եվրոպայից, Մերձավոր Արևելքից և աշխարհի տարբեր երկրներից»:

 

Նորմա Պենսադո Մորենոն, շնորհակալություն հայտնելով ջերմ հյուրընկալության համար, նշեց, որ մեքսիկական համալսարանները ցանկանում են ընդլայնել միջազգային համագործակցությունների շրջանակը և միջազգային ճանաչում ձեռք բերել, ընդ որում՝ ոչ միայն մայրաքաղաք Մեխիկոյի, այլև ամբողջ երկրում տեղակայված բուհերը:

 

«Շատ կցանկանայի, որ մեր համալսարանները համագործակցեն ձեզ հետ: Հուսով եմ՝ մենք միասին կկարողանանք դնել այդ համագործակցության հիմքը և առաջին քայլերն իրականացնել»,- ասաց դեսպանը:

 

Հասմիկ Բաղդասարյանը և Ալեքսանդր Մարգարովը նույնպես հայտնեցին իրենց կարծիքները երկկողմ փոխհամագործակցությունն արդյունավետ սկսելու և զարգացնելու, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում կապեր հաստատելու վերաբերյալ:

 

Հանդիպման ավարտին ԵՊՀ ռեկտորը և Նորմա Պենսադո Մորենոն միմյանց գրքեր նվիրեցին:

Այլ նորություններ
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ ԹԱԹՈՒԼ ԿՐՊԵՅԱՆԻ ՀԱՅՐԵՆԻ ԳՅՈՒՂ
«Դասը վարում են համալսարանականները» ծրագրի շրջանակում ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչությունը կազմակերպել էր այցելություն Արագածոտնի մարզի Թաթուլ գյուղի միջնակարգ դպրոց, ինչպես նաև Հայաստանի Ազգային հերոս, ԵՊՀ զոհված ուսանող-ազատամարտիկ Թաթուլ Կրպեյանի տուն-թանգարան:
ԵՊՀ-ՈՒՄ ՆՇՎԵՑ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ 50-ԱՄՅԱԿԸ
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետը նշում է հիմնադրման 50-ամյակը, ինչի առթիվ նոյեմբերի 9-10-ը կազմակերպում է Հայկական արևելագիտական առաջին միջազգային կոնգրեսը (ACOS’18):