24.04.2019 | 
Հասարակություն
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԸ. ԴՈԼՈՐԵՆՍ ԶՈՀՐԱՊ-ԼԻԲՄԱՆ, ԳԱՌՆԻԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ, ԱՇԽԵՆ ՏԻԳՐԱՆՅԱՆ
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԸ. ԴՈԼՈՐԵՆՍ ԶՈՀՐԱՊ-ԼԻԲՄԱՆ, ԳԱՌՆԻԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ, ԱՇԽԵՆ ՏԻԳՐԱՆՅԱՆ
Որքան էլ Հայոց ցեղասպանության թեման բազմիցս արծարծված լինի, միևնույն է, այն շարունակում է մնալ արդիական: Ցեղասպանության մնացորդները սպիի նման խրված են մնում վերապրածների և հաջորդող սերունդների հիշողության ծալքերում:

ԵՊՀ միջազգային հարաբերությունների դիվանագիտական ծառայության և մասնագիտական հաղորդակցման ամբիոնի վարիչ Նուբար Չալըմյանն այն եզակի մարդկանցից մեկն է, որը ձեռնամուխ եղավ իր իսկ միջոցներով որոնելու Մեծ եղեռնի արհավիրքներից փրկված «հերոսներին», պատառիկ առ պատառիկ հավաքել նրանց ահասարսուռ  հուշերը:

«Լինելով Հայոց մեծ եղեռնի երրորդ սերունդը՝ ես ձեռնամուխ եղա փնտրելու ցեղասպանություն ապրած կենդանի վկաներին և գրի առնելու նրանց ցավոտ հուշերը»,- պատմում է Չալըմյանը և հիշատակում Տիգրանակերտում կոտորված իր տոհմի տղամարդկանց:

 

Այդ դժվարին աշխատանքի մեկնարկը եղավ Սիրիայում, երբ ամբիոնի վարիչը գործուղվեց Հալեպ: «Ես հանդիպեցի Հալեպի ծերանոցում ապաստան գտած որբ ու անօգնական ծերերին, որոնք փրկվել էին Եղեռնի ճիրաններից ու տանում էին այդ ճակատագրի դառը կորիզները,- հիշում է ամբիոնի վարիչն ու հավելում,- նրանք գաղթել էին Ադանայից, Վանից, Ալաշկերտից: Յուրաքանչյուրը վերապրում էր իր տան, հայրենիքի, ծնողի, ընկերոջ կորուստը: Այդ վերապրումը շատ անգամ այնքան ցավոտ էր լինում, որ պատմողը դուրս էր գալիս գիտակցության սահմաններից»:

 

Չալըմյանի հաջորդ աշխատանքը եղավ հայրենիքում: Հենց այստեղ էլ կազմավորվում է հասարակական խումբ:

«Ինձ միացան այդ դժվարամարս, բայց և կարևոր աշխատանքով հետաքրքրվածները: Մենք անցանք գյուղերով, քաղաքներով, խոսեցինք ամենատարբեր մարդկանց հետ, պատրաստեցինք շուրջ 100 տեսագրություն»,- ասում է Նուբար Չալըմյանը:

 

Առաջին տեսագրությունը հայ գրականագետ, թատերագետ, գրող, բառարանագիր Գառնիկ Ստեփանյանինն էր, որը Մեծ եղեռնի ժամանակ տարագրվել էր Դեր Զոր ու հասել Մալաթիա:

 

Կենսագրական հաջորդ պատումը Աշխեն Տիգրանյանին էր. այս անունը կարող է ընթերցողին ոչինչ չասել, բայց նա Եղեռնի մազապուրծ ճիրաններից փրկված այն կանանցից  էր, որը կորցրել էր հայրենիքը, տունն ու տան կողքին աճող վայրի վարդերը:

 

Չալըմյանը հիշում է, թե ինչպես էր զառամյալ այդ կինը ոգևորությամբ, բայց և խորը ցավով հիշում իր երջանիկ ու խաղաղ տանիքը, ամբարներով լի ցորենը, գունազարդ գորգերը և ամեն գարնանն այգում աճող վայրի վարդերը, որոնք դարձնում էին այգին դրախտավայր. «Նա պատմում էր, որ հաջողված փախուստից հետո քնում էին դրսում՝ քարերի վրա, սնվում էին խոտերով և օրուգիշեր քայլում ՝օթևան որոնելու»:

 

Չալըմյանն ուղևորվում է նաև Բոստոն, որտեղ համագործակցում  է  հայագիտական ուսումնասիրություններով զբաղվող «Զորյան» ինստիտուտի հետ:

 

Հաջորդ ուղևորությունը Նյու Յորքում էր՝ արքեպիսկոպոս Թորգոմ Մանուկյանի հրավերով:

 

«Ես առաջին ծիծեռնակն էի, որը եկել էր հավաքագրելու ցեղասպանություն վերապրածների հուշերը»,- ասում է ամբիոնի վարիչը:

 

Հենց այստեղ էլ Չալըմյանը հանդիպում է Գրիգոր Զոհրապի կրտսեր դստերը՝ Դոլորենս Զոհրապ-Լիբմանին, որը «Զորյան» ինստիտուտի մեկենասն էր և նվիրաբերել էր մեկ միլիոն դոլար:

 

Դոլորենս Զոհրապ-Լիբմանը 16 տարեկան էր, երբ հորն աքսորել են:

 

«Ես այսօրվա նման հիշում եմ՝ իմ առջև դրված էր ելակ, և Դոլորենսն ինձ ասաց. «Ա՛յ, տեսնում եք, երիտասա՛րդ, Ձեր առջև դրված է ելակ, որը մեր ընտանիքի համար անընդունելի պտուղ է, քանի որ թուրքերը հորս տարան այն ժամանակ, երբ մենք ուտում էինք այդ «քաղցր» պտուղը»»,- պատմում է Չալըմյանն ու նկատում, որ 90-ամյա այդ կինը խոսում էր Էրզրումի բարբառով:

 

Դոլորենս Լիբմանը պատմել է ամբիոնի վարիչին, թե ինչպես են հորը հացի մեջ պահած նամակներ ուղարկել ու ստացել են նամակներ աքսորավայրից:

 

«Նա պատմում էր, որ Ստամբուլի փողոցներից մեկով քայլելիս տեսել է Թալեաթ փաշային, որը հոր մտերիմ «ընկերն» է եղել: Թալեաթը կանչել է Դոլորենսին, բայց վերջինս վախեցած  փախել է»,- վերապատմում է ամբիոնի վարիչը:

 

Տեղեկացնենք, որ Դոլորենս Զոհրապ-Լիբմանն ամուսնացած է եղել Լիբման ազգանունով շատ հարուստ հրեայի հետ:


Չալըմյանը նկատում է, որ այս բեղումնալից աշխատանքի շնորհիվ շուտով իրեն հրավիրում են Սան Ֆրանցիսկո՝ մասնակցելու Ցեղասպանությանը նվիրված գիտաժողովի, որտեղ Չալըմյանն իր զեկուցմամբ փաստում է, որ դարի առաջին ցեղասպանությունը Հայոց ցեղասպանությունն էր:

 

«Այդուհանդերձ, ես ափսոսում եմ, որ բեղումնառատ այգեստանից քիչ պտուղներ եմ հավաքել»,- նշում է  Ն. Չալըմյանը:

 

Նշենք, որ հավաքագրած բոլոր նյութերը, տեսագրություններն ու ձայնագրությունները Նուբար Չալըմյանը հանձնել է Ցեղասպանության թանգարանին:

 

Անգին Խաչատրյան

Այլ նորություններ
«ԺԱՄԱՆԱԿԻ ՄԵՋ ԳՈՅԻ ԻՄԱՍՏԱՎՈՐՄԱՆ ԴԱՍԵՐԸ…». ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԺՈՂՈՎԱԾՈՒՆ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել Սահմանադրական ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ Սահմանադրական դատարանի նախկին նախագահ, ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի մենագրության շնորհանդեսը:
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅՈՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ Հ. 94 ԱՎԱԳ ԴՊՐՈՑՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի իրավաբան Օլիմպիա Գեղամյանն այսօր մասնագիտական թեմայով դասախոսություն է կարդացել Երևանի հ. 94 ավագ դպրոցի իրավաբանական հոսքի 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտների համար: