24.09.2008 | 
ՎԵՐԵԼՔ ԴԵՊԻ ԱՐԱՅԻ ԼԵՌԱՆ ԳԱԳԱԹ
ՎԵՐԵԼՔ ԴԵՊԻ ԱՐԱՅԻ ԼԵՌԱՆ ԳԱԳԱԹ
Արայի լեռան գագաթը հաղթահարեցին նաեւ համալսարանականները:
Սեպտեմբերի 20-ին ԵՊՀ ֆիզդաստիարակության եւ սպորտի ամբիոնի ու «Ալպինա» ձմեռային մարզաձեւերի եւ տուրիզմի կենտրոնի նախաձեռնությամբ համալսարանի տարբեր ֆակուլտետներում սովորող ուսանողները բարձրացան Արայի լեռ: Հերթական միջոցառումը` վերելքը դեպի Արայի լեռան գագաթ, նվիրված էր ՀՀ անկախության օրվա հռչակմանն ու ԵՊՀ ծննդյան 90-ամյակին: «Ալպինա» ձմեռային մարզաձեւերի կենտրոնն իր հիմնադրման առաջին իսկ տարիներից ակտիվ համագործակցություն է ծավալում ԵՊՀ ուսանողների հետ: Արդեն երեք տարի է, ինչ ավանդույթ է դարձել նմանաբնույթ արշավների կազմակերպումը: «Նմանաբնույթ արշավների առաջնահերթ նպատակներն են` ուսանողական կյանքն առավել ակտիվացնել, ինչպես նաեւ ուսանողների մեջ արթնացնել սերը դեպի հայրենի երկիրը, բնությունը: Ի վերջո, սպորտը, մաքուր օդը, ջինջ արեւը նպաստում են առողջ ապրելակերպին, երիտասարդը ճանաչում է սեփական օրգանիզմը, ընդլայնվում է նրա աշխարհայացքը»,- ասում է ԵՊՀ ֆիզիկական դաստիարակության եւ սպորտի ամբիոնի վարիչ Հենրիկ Թումանյանը: Միջոցառման կազմակերպմանն աջակցել են ոչ միայն «Ալպինա» ձմեռային մարզաձեւերի եւ տուրիզմի կենտրոնը. ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը եւս իր աջակցությունն է ցուցաբերել լեռնագնացներին` տրամադրելով տրանսպորտային միջոցներ: Վերելքը դեպի Արայի լեռ տեւեց մոտ 3 ժամ, որին հետեւեց կազմակերպիչների կողմից պատվոգրերի եւ մրցանակների հանձնումը լեռնագնացներին: Ի դեպ, ԵՊՀ ֆիզիկական դաստիարակության եւ սպորտի ամբիոնի եւ ԵՊՀ արհկոմիտեի նախաձեռնությամբ ուսումնական ողջ տարվա ընթացքում կկազմակերպվեն սպորտային եւ տուրիստական մի շարք այլ միջոցառումներ: