Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի այս խոսքերն իր վաղեմի բարեկամ ու գործընկեր Համլետ Հակոբյանին էին վերաբերում: Հոկտեմբերի 1-ին ֆիզմաթ. գիտությունների թեկնածու, դոցենտ, Հայաստանի նկարիչների միության անդամ Համլետ Հակոբյանի ծննդյան 60-ամյակն էր: Համալսարանականները եւ հոբելյարի ընտանիքը նրա համար մեծ անակնկալ էին պատրաստել` կազմակերպելով նրա գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը:
Ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի սիրված դասախոսը, տաղանդավոր գիտնականն իր ծննդյան օրը ուսանողներին եւ գործընկերներին ներկայացավ նուրբ, չճչացող, քնքուշ բնապատկերների եւ գեղեցիկ դիմանկարների միջոցով: «Թող բոլոր ուսանողներն իմանան, որ իրենց առջեւ կանգնած է ոչ միայն դասախոս, այլեւ արվեստի մարդ,- ասաց ռեկտոր Արամ Սիմոնյանը:- Համեստ, իր գործունեության մեջ զուսպ այս մարդն ամբողջ էությամբ համալսարանական է: Նրա ամբողջ ընտանիքն է համալսարանական»:
Համլետ Հակոբյանին շնորհավորելու էին եկել ոչ միայն իր ուսանողներն ու գործընկերները, այլեւ հին ու նոր բարեկամները: Բանաստեղծ Ռազմիկ Դավոյանն իր ընկերոջ 60-րդ տարելիցը «ստարտային» է համարում: «Քնարական ու նուրբ զգացումներ, մայր բնության ու գեղեցիկի սիրահար: Թող քո 100-ամյակն էլ այսպես տոնենք»:
Ընկերոջը շնորհավորելու էր եկել արցախյան հերոսամարտի լեգենդներից մեկը` Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս): Հյուրերը հիշեցին` ով ինչպես է ծանոթացել հոբելյարի հետ, պատմեցին իրենց հավաքների, խարույկի կամ մի բաժակ թեյի շուրջ ծավալվող զրույցների մասին, առանձնացրին Համլետ Հակոբյանի տիկնոջ` Անուշի պատրաստած ձկան համեղ կոտլետները: «Մեր ընկերական շրջապատը բազմաոճ է, բազմազան: Բոլորն էլ հարազատ են, ուրույն, հետաքրքիր: Մեր տանն ամեն օր հյուր կա, եւ եթե նրանք մի օր չեն գալիս, օրը մի քիչ դատարկ է լինում»,- ասում է տիկին Անուշն ու հավելում, որ այլեւս չի հոգնում. վաղուց սովորել է:
Ինքը` Համլետ Հակոբյանը, իր ստեղծագործությունների ոգեշնչման աղբյուր է համարում ամեն ինչ` արեւը, բնությունը, ծաղիկները, կանանց: Նկարում է ամեն օր, նկարում է, որ լիարժեք կյանքով ապրի:
Քրիստափոր Միքայելյանը հայ բանասիրության ֆակուլտետի ուսանող է, եկել է Սիրիայից: Ասում է, որ շատ տպավորված է նկարներով. գույները, մոտեցումը, թեման իրեն հարազատ են: «Եթե այս նկարներից մեկը տուն տանելու լինեի, կտանեի հայկական նուռը` մեր երկրի խորհրդանիշը»,- ասաց նա:
Ցուցահանդեսը կգործի մինչեւ հոկտեմբերի 5-ը` ժամը 10-ից 18-ը, ԵՊՀ 8-րդ մասնաշենքի դահլիճում:

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի որոշմամբ, ԵՊՀ շրջանավարտ, ավագ լեյտենանտ, Արցախյան երկրորդ պատերազմին մասնակցած և Շուշիի պաշտպանության համար հերոսաբար զոհված Գևորգ Արշակյանը պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, որն այսօր ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանը փոխանցել է նրա ընտանիքին:
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Մհեր Խաչատրյանը ԿԳՄՍ նախարարության կազմակերպած «Հանրապետության լավագույն ուսանող-2020» մրցույթի հաղթողներից է: Մեքենայական ուսուցման ոլորտում մասնագիտացող Մհերի հետ զրուցել ենք մասնագիտության ընտրության, դրա հեռանկարների, կրթության ու գիտության զարգացմանն ուղղված քայլերի մասին: