26.04.2011 | 
Հասարակություն
ԱՅՑ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍԻ ՇԻՐՄԻՆ
ԱՅՑ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍԻ ՇԻՐՄԻՆ
Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի ծննդյան օրը համալսարանականները կրկին Թաթուլի հայրենի գյուղում էին:

ԵՊՀ «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի անդամները, ավանդույթի համաձայն, համալսարանական զոհված ազատամարտիկների ծննդյան ու մահվան օրերին այցելում են նրանց շիրիմներին ու ծննդավայրեր: Ապրիլի 21-ին Արեգում` այժմ իր հերոս զավակի անունը կրող Թաթուլ գյուղում, սպասում էին համալսարանականներին: Նախորդ օրը` վաղ առավոտյան, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մի խումբ ուսանողներ Երեւանի Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում օրհնություն ստանալուց հետո ճանապարհ ընկան դեպի Թաթուլ գյուղ:

 

Ազգային ու հայրենասիրական երգեր երգելով, Թաթուլի գրած բանաստեղծություններն ասմունքելով` ուղիղ քսանհինգ ժամ հետո ուխտավոր համալսարանականներն արդեն Ազգային հերոսի ծննդավայրում էին, որտեղ Թաթուլի հարազատները, մարտական ընկերներն ու վարդանանքցիներն իրենց հարգանքի տուրքն էին մատուցում Թաթուլ Կրպեյանի հիշատակին: «Դասը վարում են համալսարանականները» ծրագրի շրջանակում «Վարդանանք» ակումբի անդամները գյուղի` Թաթուլ Կրպեյանի անունը կրող դպրոցում ռազմահայրենասիրական դաս վարեցին: Հատկանշական է, որ այս դպրոցի անգամ ցածր դասարանների աշակերտներն ապրում են թաթուլյան ոգով. նրանք հպարտությամբ էին նշում, որ իրենք Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի համագյուղացիներն են:

 

Նշենք, որ նախորդ տարվա նոյեմբերին Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Էդգար Էլբակյանն ու իր երկու ընկերները` Գոռ Նազարյանն ու Էրիկ Դավթյանը, Էդգարի նախաձեռնությամբ Թալինից ոտքով քայլել են մինչեւ Թաթուլ գյուղ: Այս տարի տղաներին էին միացել նաեւ նրանց հինգ ընկերները. խմբի միակ աղջիկը Վարդինեն էր, ով իր ընկերուհիներին հորդորում է միանալ այդպիսի արշավներին:

Այլ նորություններ
ԵՊՀ-ՈՒՄ ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ «ԼԱՒԱԳՈՅՆ ԳՐԱԲԱՐԱԳԷՏ» ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
«Լավագոյն գրաբարագէտ» խորագրով օլիմպիադայի արդյունքների ամփոփման հանդիսավոր արարողության ժամանակ առաջին, երկրորդ և երրորդ կարգի մրցանակակիրներն արժանացել են պարգևների, մնացած մասնակիցները՝ շնորհակալագրերի և խրախուսական մրցանակների:
ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՄԵԴԻԱԴՊՐՈՑ» ԾՐԱԳԻՐԸ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողական խորհուրդն առաջին անգամ կազմակերպում է «Գարնանային մեդիադպրոց» մեկշաբաթյա ծրագիրը, որի նպատակն է դիմորդներին ծանոթացնել մասնագիտությանը, բուհին և ֆակուլտետին: