07.12.2017 | 
Մշակույթ
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ՀԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՐԱԶԸ
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ՀԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՐԱԶԸ
Դեկտեմբերի 6-ին ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ «Հին հայկական տարազը» թեմայով զրույց-դասախոսություն:

«Մշակութային դաստիարակություն» ծրագրի շրջանակում Մշակույթի կենտրոնում հյուրընկալվել էր ՀՀ վաստակավոր նկարիչ, գեղանկարիչ, թատերանկարիչ Աշոտ Համբարձումյանը:

 

«Տարազները նկարիչները չեն պատրաստել: Հեղինակները մեր տատիկներն են, մեր մայրերը: Նրանց կողքին չի եղել ոչ մի նկարիչ: Այսօր ամեն մի տանն էլ կարող ենք տարազի մի մասունք հայտնաբերել: Դա և՛ ժառանգաբար է փոխանցվում, և՛ գենետիկորեն սերնդից սերունդ: Արյան կանչի ուժն է դա»,- ասաց ՀՀ վաստակավոր նկարիչը:

 

Հանդիպման ընթացքում Աշոտ Համբարձումյանը խոսեց տարազի առանձնահատկությունների, տեսակների, օտար ժողովուրդների տարազների ազդեցության, ինչպես նաև տարբեր զարդերի և հարդարանքների մասին, որոնք լրացնում են հագուստը և ամբողջացնում հայկական տարազը: Նա անդրադարձավ նաև տարազի պատմությանը՝ ըստ տարածաշրջանների: Ներկայացրեց Շատախի, Խարբերդի, Գավաշի, Նոր Ջուղայի, Երևանի, Արցախի, Գյումրիի, Լոռվա և մի շարք այլ շրջանների տարազները: Այնուհետև ցուցադրվեցին տարազների տեսակները՝ ըստ հասարակության շերտերի և խավերի:

 

Աշոտ Համբարձումյանը նշեց, որ բազմիցս հանդիպել է մի խումբ ուսանողների հետ և փորձել են նորաձևության պահանջներին չհամապատասխանող հագուստը վերաձևել տարազներին բնորոշ նախշերի միջոցով, նոր շունչ հաղորդել, դարձնել ավելի արդիական:

 

«Երբ տարազներ ենք պատրաստում, վարպետների հետ աշխատանքի ժամանակ ես ոչ թե նկարում եմ և ասում, թե ինչ նախշ անեն, այլ բացատրում եմ, թե դա ինչ նախշ է և ինչպես կարող են նրանք դա անել՝ համապատասխանեցնելով իրենց բնավորությանը: Յուրաքանչյուրը անհատ է, այդ իսկ պատճառով յուրաքանչյուրն իր տեսակով պետք է անի այդ ամենը: Այդ դեպքում աշխատանքդ ավելի մեծ սիրով ես անում. աշխատում է քո էներգետիկան, այլ ոչ թե դառնում ես մեխանիկական կատարող»,- նշեց Աշոտ Համբարձումյանը:

 

Հանդիպման ավարտին Աշոտ Համբարձումյանը խոսեց նաև տարազները ձևելու յուրահատկությունների մասին:

Այլ նորություններ
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐՆ ԱՄՓՈՓՈՒՄ ԵՆ ԱՆՑՆՈՂ ՏԱՐԻՆ․ ՄԱՍ 2-ՐԴ
Համալսարանականները շարունակում են ամփոփել անցնող տարվա ընթացքում կատարած աշխատանքներն ու գրանցած հաջողությունները։ Տարին մշակութային էր, ԵՊՀ ուսանողների և շրջանավարտների համար՝ հագեցած աշխատանքի առաջարկներով։
ՆԱԽԱՏՈՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ այսօր տեղի ունեցավ տոնական համերգ՝ նվիրված Ամանորին և Սուրբ Ծննդյան տոնին։