08.10.2019 | 
Կրթություն
ԲԵՌԼԻՆԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԴՈԿՏՈՐ ՕԼԻՎԵՐ ԼԵՆՑԸ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ Է ԿԱՐԴԱՑԵԼ ԵՊՀ-ՈՒՄ
ԲԵՌԼԻՆԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԴՈԿՏՈՐ ՕԼԻՎԵՐ ԼԵՆՑԸ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ Է ԿԱՐԴԱՑԵԼ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի նախաձեռնությամբ հոկտեմբերի 7-ին Բեռլինի տեխնիկական համալսարանի դոկտոր Օլիվեր Լենցը հանդես է եկել «Ջրածինը ձևափոխող կենսակատալիզատորների կենսատեխնոլոգիական ներուժը» խորագրով դասախոսությամբ:

Դասախոսությունը կազմակերպվել էր ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի դոցենտ Աննա Փոլադյանի շնորհիվ, որը Գերմանիայի ակադեմիական փոխանակության ծրագրի (DAAD) շրջանակում համագործակցություն է հաստատել Բեռլինի տեխնիկական համալսարանի «Գազ-ձևափոխող կենսակատալիզատորների կենսաքիմիայի» հետազոտական խմբի հետ, և դրա ղեկավար, դոկտոր Օլիվեր Լենցին հրավիրել ԵՊՀ՝ ներկայացնելու հետազոտության վերջին արդյունքները:

 

Դասախոսության սկզբում ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ Արմեն Թռչունյանը, ներկայացնելով Օլիվեր Լենցի անցած գիտական ուղին, ասաց, որ դոկտորը դասախոսությամբ հանդես կգա նաև վաղը՝ ներկայացնելով թթվածին-կայուն հիդրոգենազները և դրանց դերը բնության մեջ:

 

«Գերմանիայի ակադեմիական փոխանակության ծրագրի (DAAD) կողմից մեր ամբիոնը ստացել է մի քանի դրամաշնորհներ, որոնց շրջանակում մեր դասախոսներից շատերը եղել են Գերմանիայի տարբեր համալսարաններում: Ամբիոնը համագործակցում է գերմանական տարբեր բուհերի հետ, և հուսով եմ՝ այս դասախոսությունը ոչ միայն հետաքրքիր և օգտակար կլինի, այլև կնպաստի նոր համագործակցության հաստատմանը և հետագա համատեղ միջոցառումների իրականացմանը»,- ասաց Արմեն Թռչունյանը:

 

 

Դասախոսության ընթացքում Օլիվեր Լենցը խոսեց մատչելի և մաքուր էներգիայի ստացման այլընտրանքային եղանակների ու կենսակատալիզատորների դերի մասին: Նա խոսեց հիդրոգենազ ֆերմենտների կիրառման տարբեր ոլորտների և այդ ուղղությամբ արված փորձերի արդյունքում ստացված արդյունքների մասին:

 

Օլիվեր Լենցը դասախոսության ընթացքում ներկայացրեց փորձեր, որոնց ժամանակ,  օրինակ, համատեղելով լույսը ձևափոխող մեխանիզմը և հիդրոգենազի գործունեությունը՝ ջրածնի արտադրության նոր ուղիներ են փնտրում, ինչը էկոլոգիապես մաքուր էներգիայի այլընտրանքային աղբյուր է: Դասախոսության ընթացքում խոսվեց նաև էլեկտրաէներգիայի ստացման ժամանակ հիդրոգենազ ֆերմենտների՝ որպես կատալիզատորների դերի մասին:

 

Մեզ հետ զրույցում ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի դոցենտ Աննա Փոլադյանը, որը  Գերմանիայի ակադեմիական փոխանակության ծրագրի շրջանակում Գերմանիայում աշխատել է Օլիվեր Լենցի հետ, պատմեց, որ դոկտորի հետ համագործակցությունը սկսվել է դեռևս երկու տարի առաջ. «Այն ժամանակ դիմել էինք նրանց՝ մեզ անհրաժեշտ բակտերիա ստանալու համար: Նրանք էլ, մեզ չճանաչելով, նամակ էին գրել և ուղարկել այն: Հետո արդեն համագործակցությունն ամրապնդվել է DAAD-ի միջոցով»:

 

Օլիվեր Լենցը, որն առաջին օրն է համալսարանում, մեզ հետ զրույցում ասաց, որ արդեն հրաշալի տպավորություններ ունի այստեղից. «Նախևառաջ ինձ շատ ջերմ դիմավորեցին ԵՊՀ-ում՝ թե՛ ուսանողները, թե՛ դասախոսները: Բացի դրանից՝ մեծապես տպավորված եմ ուսանողների հետաքրքրասիրությամբ, նոր գիտելիք ստանալու ցանկությամբ: Հուսով եմ՝ մեր համագործակցությունը շարունակական կլինի»:

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
«ԻՆԴՈՒՍՏՐԻԱՅԻ ՕՐ» ԵՊՀ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ԵՎ ՄԵԽԱՆԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետն այսօր կազմակերպել էր «Ինդուստրիայի օր» խորագիրը կրող միջոցառում, որի նպատակն էր բարձր կուրսերի ուսանողներին հնարավորություն տալ ծանոթանալու ՏՏ ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների հետ և իրենց մագիստրոսական ծրագրի համար գտնելու համագործակցության ուղիներ։
ՀԱՆԴԻՊՈԻՄ ԱՍԱԼԱ-Ի ԱՆԴԱՄ ՎԱԶԳԵՆ ՍԻՍԼՅԱՆԻ ՀԵՏ
Երևանի պետական համալսարանի «Վարդանանք» ՌՀԴԱ-ի և Պատմության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության համատեղ նախաձեռնությամբ այսօր կազմակերպվել էր հանդիպում ԱՍԱԼԱ-ի անդամ, «Վան» գործողության ղեկավար Վազգեն Սիսլյանի հետ։