03.03.2011 | 
Հասարակություն
ՏՈՆ ՔԱՋՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ
ՏՈՆ ՔԱՋՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ
Համալսարանականներն այս տարի Վարդանանց տոնը նշեցին Էջմիածնում:

Արդեն մի քանի տարի է` ԵՊՀ-ում Վարդանանց տոնին նվիրված միջոցառումները բարի ավանդույթ են դարձել: Այս տարի առաջին անգամ համալսարանականները Վարդանանց տոնը նշեցին Էջմիածնում` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո գործող Էջմիածնի հայորդյաց տանը: ԵՊՀ մշակույթի կենտրոնի եւ Գեւորգյան հոգեւոր ճեմարանի համատեղ ջանքերով կազմակերպված տոնական հանդիսությունը նախագահում էր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Միջոցառմանը ներկա էին նաեւ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ եւ ճեմարանականներ: Տերունական աղոթքից եւ ՀՀ օրհներգից հետո բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:

 

«Սիրելի՛ երիտասարդներ, սա հատկապես ձեր տոնն է, որովհետեւ այս տոնն է խորհրդանշում երիտասարդ ու քաջ այն երիտասարդների սխրանքը, ովքեր հանուն հայրենիքի, հանուն հավատի մարտի դուրս եկան: Ինչ գործ էլ անելու լինեք, արե՛ք մաքուր սրտով, մաքուր ձեռքով եւ եղե՛ք քաջասիրտ, որովհետեւ միայն քաջասիրտ մարդուն են տրվում բոլոր բարձունքները»,- նշեց ԵՊՀ ռեկտորը` երիտասարդներին մաղթելով արթուն պահել Վարդանանց անմար հավատքն ու վճռական լինել հայրենիքի ազատության ու հավատքի ամրապնդման գործում: Ներկաներին իր հոգեւոր պատգամը հղեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը. «Սիրելինե՛ր, Վարդանանց հերոսությունը մեզ համար միայն պատմություն կամ հիշողություն չէ, այն կենդանի խորհրդանիշ է բարու պայքարի, որ միշտ պիտի մղենք:

 

Արդի ժամանակներում Հայրենիքում եւ Սփյուռքում բազմաբնույթ մարտահրավերներ ու խնդիրներ են հառնում մեր ժողովրդի կյանքից ներս: Եվ այսօր մեզ պետք է Վարդանանց ոգին, քաջալերությունը` ազգի միությունն ու միաբանությունը ամրապնդելու, մեր հավատքը զորացնելու, զերծ պահելու Հայրենիքը վտանգներից, հայ ընտանիքը` տկարանալուց, հայոց լեզուն` աղարտվելուց: Ավարայրը շարունակվում է այնքան ժամանակ, քանի դեռ անհրաժեշտություն կա պայքարելու մեր Հայրենիքի անսասանության, մեր պետականության զորացման, մեր Սուրբ Եկեղեցու պայծառության, մեր սրբազան արժեքների պահպանության համար: Նախանձախնդիր ու եռանդուն ջանքեր ներդնենք` մեր գործերում, առաքելության ու ծառայության մեջ հաջողություններ ունենալու, քանզի յուրաքանչյուրիս առանձին հաղթանակը բարիք է ազգի համար, եւ համայն ազգի հաղթանակը փառք է բոլորիս համար»:

 

Հանդիսության մշակութային հատվածն ապահովեցին ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախումբը, նվագախումբը եւ պարային համույթը: Համերգի երկրորդ հատվածում ելույթ ունեցան Գեւորգյան հոգեւոր ճեմարանի սաները եւ ճեմարանի երգչախումբը: Վարդանանց հիշատակի օրը Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Բուն բարեկենդանին նախորդող հինգշաբթի օրը` Սուրբ Զատկից 8 շաբաթ առաջ: Վարդանանց տոնը հավերժացնում է հանուն հավատի եւ հայրենիքի 451 թ-ին Ավարայրի ճակատամարտում ընկած 1036 նահատակների հիշատակը: Այս տոնն իր մեջ միավորում է նաեւ բոլոր ժամանակների հայրենիքի պաշտպանների հիշատակը:

Այլ նորություններ
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐՆ ԱՄՓՈՓՈՒՄ ԵՆ ԱՆՑՆՈՂ ՏԱՐԻՆ․ ՄԱՍ 2-ՐԴ
Համալսարանականները շարունակում են ամփոփել անցնող տարվա ընթացքում կատարած աշխատանքներն ու գրանցած հաջողությունները։ Տարին մշակութային էր, ԵՊՀ ուսանողների և շրջանավարտների համար՝ հագեցած աշխատանքի առաջարկներով։
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐՆ ԱՄՓՈՓՈՒՄ ԵՆ ԱՆՑՆՈՂ ՏԱՐԻՆ. ՄԱՍ 1-ԻՆ
Ավարտվում է 2022 թվականը, և համալսարանականները ներկայացնում են անցնող տարվա ընթացքում գրանցված հաջողություններն ու ձեռքբերումները, ինչպես նաև անդրադառնում ապագայի ծրագրերին։ Հաջողությունները եղել են բոլոր ուղղություններով՝ գիտականից մինչև ֆինանսական։