06.04.2020 | 
Կրթություն
ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԱՌՋԵՎ ԾԱՌԱՑԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԼՈՒԾՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ. ԱՆՎՃԱՐ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ՈԼՈՐՏՈՎ ՀԵՏԱՔՐՔՐՎՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԱՌՋԵՎ ԾԱՌԱՑԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԼՈՒԾՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ. ԱՆՎՃԱՐ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ՈԼՈՐՏՈՎ ՀԵՏԱՔՐՔՐՎՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի սերվիսի ամբիոնի դոցենտ Գոռ Ալեքսանյանը նախաձեռնել է հեռավար ուսուցմանը լրացնող առցանց անվճար դասընթացներ, որոնց օգնությամբ թե՛ ամբիոնի ուսանողները, թե՛ոլորտով հետաքրքրվողները կիրազեկվեն բնագավառում առկա խնդիրների մասին և կծանոթանան դրանց լուծման ճանապարհներին։

Նախաձեռնության նպատակի, առաքելության և արդյունավետության, ինչպես նաև համավարակի հետևանքով զբոսաշրջային ձեռնարկությունների առջև ծառացած խնդիրների մասին զրուցեցինք Գոռ Ալեքսանյանի հետ։

Խոսելով համավարակի հետևանքով զբոսաշրջային ձեռնարկությունների առջև ծառացած խնդիրների մասին՝ Գոռ Ալեքսանյանը որոշ դիտարկումներ ներկայացրեց։

«Համավարակի հետևանքով «կմահանան» զբոսաշրջային ձեռնարկությունները, բայց զբոսաշրջությունը՝ որպես այդպիսին, «չի մահանա» (համաձայն եմ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության ուղերձի հետ)»,- ասաց մասնագետը։

Ըստ նրա՝ համավարակը ժամանակավորապես կասեցրեց զբոսաշրջության առաջխաղացումը։

«Այստեղ երեք կարևոր ռազմավարական ուղղություններ պետք է առանձնացնենք՝ զբոսաշրջային բիզնես գործունեության տեսակներ, որոնք կվերանան, զբոսաշրջային բիզնես գործունեության տեսակներ, որոնք կպահպանվեն՝ վերապրոֆիլավորվելով կամ նոր ծառայություններ ավելացնելով, զբոսաշրջային գործունեության տեսակներ, որոնք չկան և ի հայտ կգան։ Այսպես. զբոսաշրջությունը, ըստ էության, կա այն ժամանակ, երբ կա զբոսաշրջիկը՝ սպառողը, այս պահին դա չկա, հետևաբար, ուղիղ գծային կապով, բիզնես գործունեությունը կանգ է առել։ Բայց չէ՞ որ մարդիկ հետո նորից տեղաշարժվելու են՝ ա) մարդն առանց քնելու կարո՞ղ է զբոսաշրջությամբ զբաղվել՝ ոչ, հետևաբար հյուրանոցները նորից հաճախորդներ կունենան, բ) զբոսաշրջիկները կարո՞ղ են առանց սնվելու ճանապարհորդել՝ ոչ, հետևաբար ռեստորանային բիզնեսը նորից հաճախորդներ կունենա։

 

Զբոսաշրջիկը տեղից տեղ գնալու համար պե՞տք է իր ճանապարհորդությունը կազմակերպի՝ այո՛, ահա, հարցն այստեղ այն է, որ նմանատիպ թվային տեխնոլոգիաների դարաշրջանում այդ այցերը կազմակերպողների, մասնավորապես տուրօպերատորների և գործակալների գործառույթն արդեն դառնալու է չպահանջված, ինչը կատարված հետազոտությունն է վկայում նաև, հետևաբար, այդ բիզնեսի տեսակներն այս ամենն ավարտվելուց հետո գուցե և վերանան այն տեսքով ու բովանդակությամբ, ինչ որ հիմա կան»,- մանրամասնեց նա։

Մյուս խնդիրը, ըստ մասնագետի, մարդկանց մտածողության, սոցիալական վարքի և պահանջմունքների փոփոխություններն են։

«Զբոսաշրջային արդյունաբերության՝ հետագայում նույնպես հաճախորդ ունենալու մեծ ներուժ ունեցող տարրերը՝ ռեստորանները և հյուրանոցները, շուկայում գոյատևելու համար պետք է կանխատեսեն նշված պահանջմունքները և դրանց փոփոխությունները, ես կարծում եմ, որ պետք է շեշտը դնեն իրենց կողմից մատուցվող ծառայությունների վրա, մասնավորպես ռեստորանները՝ առողջ սնունդ, իսկ հյուրանոցները՝ առողջությունը վերականգնող ծառայություններ ավելացնելու և գովազդելու վրա։ Այստեղից նաև հետևություն, որ գուցե արագ սննդի ձեռնարկությունները, որոնք հայտնի են իրենց ոչ առողջարար սննդով, հետագայում հաճախորդներ քիչ ունենան, և թրենդային դառնա դանդաղ սննդի (slow food) կոնցեպտը»,-հավաստիացրեց ամբիոնի դոցենտը։

Մասնագետի համոզմամբ, այս ամենից հետո էլեկտրոնային հարթակներում մեծ թափ են հավաքելու զբոսաշրջային գործունեության տեսակները՝ վիրտուալ զբոսաշրջային ծառայությունները՝ VR և AR տեխնոլոգիաների ավելի մեծ թափով ներդրման տեսքով. «Ներկայիս սխալները չկրկնելու համար այս նոր միտումների ի հայտ գալու և դրանցով հետագայում զարգանալու ժամանակ պետք չէ մոռանալ դրանց բնորոշ և դրանց հետ ծնվող ռիսկերի մասին ու վերջիններս հնարավորինս չեզոքացնելով՝ գործունեությունը զարգացնել։ Հատկապես այստեղ զբոսաշրջիկների տեղեկատվական անվտանգության և էլեկտրոնային ծառայությունների անվտանգության ապահովման հարցերը կարող են մեծ խնդիրներ առաջացնել»:

Ի վերջո, նրա հավաստիացմամբ, ապագան կայուն զբոսաշրջությանն է։

Վերադառնալով օրեր առաջ նախաձեռնած և հեռավար ուսուցմանը լրացնող իր ծրագրին՝ Գոռ Ալեքսանյանը մեջբերեց Նելսոն Մանդելայի խոսքը՝ այսկերպ ներկայացնելով նախաձեռնության առաքելությունը. «Նելսոն Մանդելան ասել է. «Կրթությունն ամենահզոր զենքն է, որը դու կարող ես օգտագործել աշխարհը փոխելու համար»։ Կարծում եմ՝ հիմա ապրում ենք այնպիսի անցումային փուլում, որտեղ ընդգծվում և իրականության մեջ ավելի տեսանելի է դառնում կրթության այս ռազմավարական կարևորությունը, երբ բոլորը, անկախ իրենց զբաղեցրած դիրքից, տարիքից և այլն, կրթության կոչ են անում և կրթվելու պահանջ ներկայացնում։ Այսինքն՝ գալիս է կրթության և գիտության վերարժևորման դարաշրջան, որի համար, կարծում եմ, լավագույնս պատրաստ են բուհերը»:

Ամբիոնի դոցենտի խոսքով, հասունացել է այն պահը, երբ բուհերից դուրս գտնվող «միջավայրի բաղադրիչները» «դեմքով շրջվեն» դեպի կրթությունը և լսեն կրթության ու գիտության ձայնը։

Անդրադառնալով ծրագրի նպատակին՝ Գոռ Ալեքսանյանը պարզաբանեց. «Կորոնավիրուսով պայմանավորված համընդհանուր փոփոխությունների հետևանքով, երբ պարզ դարձավ զբոսաշրջության ոլորտում ծագող հնարավոր խնդիրների շրջանակը, կատարեցի հետազոտություն, որի արդյունքում պարզ դարձան մի շարք խնդիրներ (նշված հղումով կարող եք ծանոթանալ՝ https://drive.google.com/file/d/1Paw8Q3Y9ZWz27sIW1H9CtbNPu339ssKP/view?fbclid=IwAR2iJxoO4w40ZXpJq-Aftk_4bDn79mMiPo4CRy4ebB0XJ3xrJCX9ZgXR7jE , https://www.facebook.com/visitTavush/videos/1855259701271453/ ): Դրանցից առաջնահերթը, իմ կարծիքով, ոլորտում զբաղվածների գործունեության մեջ իրենց իսկ գործունեության ռիսկերի կառավարման բաղադրիչի գրեթե բացակայությունն էր, ինչպես նաև առցանց մասնագիտական դասընթացների պահանջը»։

Այս փաստի վրա հիմնվելով՝ մասնագետը նախաձեռնեց ծրագիր, որի ընթացքում բնագավառում ունեցած իր գիտելիքները և հմտությունները ներկայացնելու է ոլորտի մասնագետներին ու ոլորտով հետաքրքրվողներին։

«Նախ՝ հիմնական թիրախային խումբը ոլորտում զբաղվածներն են կամ հետագայում ոլորտում ձեռնարկատիրական գործունեություն սկսելու ցանկություն ունեցողները, որոնք ինչ-ինչ պատճառներով չունեն համապատասխան կրթություն և ժամանակ՝ դասական իմաստով այդ բացը լրացնելու համար, իսկ հիմա ստանում են կրթության ոլորտի «օգնության ձեռքը»։ Կարծում եմ՝ դասընթացից կարող են օգտվել այն ուսանողները, որոնք հետաքրքրված են նշված թեմաներով, նաև ուսանողները, որոնք դասի չէին եկել և որևէ թեմա բաց էին թողել: Ներկայացված նյութերը կրթական նպատակներով կարող են օգտագործվել ուսումնական տարբեր հաստատությունների կողմից»,- տեղեկացրեց ամբիոնի դոցենտը։

Այն հարցին, թե մասնագիտական փորձն ու գիտելիքները ներկայացնելու համար ինչու ընտրեց առցանց հարթակը, Գ. Ալեքսանյանը մեկնաբանեց. «Թերևս ամենամեծ պատճառը ժամանակի թելադրանքն է։ Հավելեմ, որ մեր ոլորտում զարգացում ապահովելու համար նորարարական մոտեցումներ են համարվում կիսվելու տնտեսությունը (sharing economy) և տպավորությունների /փորձառությունների տնտեսությունը (experience economy), որոնց գաղափարախոսության հիման վրա էլ ընտրվել է դասընթացի իրականացման այս եղանակը»։

Մասնագետի տեղեկացմամբ, դասընթացների սկզբնական փուլում արդեն բազմաթիվ դրական արձագանքներ են եղել. «Կարծում եմ՝ այն մեծաթիվ դրական արձագանքները, որոնք ստացվել են ընդամենը ներածական դասը յութուբյան իմ ալիքում (https://l.facebook.com/l.php?u=https%3A%2F%2Fm.youtube.com%2Fwatch%3Ffeature%3Dshare%26v%3DqeVID_wg5OU) տեղադրելուց հետո, շարունակական են լինելու, իսկ դասընթացները՝ պահանջված և օգտակար շատերի համար»։

Մենք զրուցեցինք նաև Սերվիսի ամբիոնի երրորդ կուրսի ուսանողուհի Արմինե Սարգսյանի հետ, որը հետևում է ամբիոնի դոցենտի կողմից իրականացվող առցանց դասընթացներին։

«Պարոն Ալեքսանյանի նախաձեռնությունը հրաշալի հարթակ է ոլորտի դեռևս նորաթուխ մասնագետների և վերապատրաստում՝ արդեն կայացածների համար»,- փաստեց ուսանողուհին։

Վերջինիս հաղորդմամբ, ծրագիրը հրաշալի մոտեցում է ոչ միայն ուսանողների ու գործընկերների համար, այլև այն հետևորդների, որոնք, նյութը տարածելով, հասանելի են դարձնում իրենց ընկերներին ու ընտանիքի անդամներին:

«Դասընթացն անվճար է, ու կարծում եմ՝ ցանկացած հետաքրքրվող չպետք է ձեռքից բաց թողնի նման հնարավորությունը»,- ասաց Արմինեն:

Անգին Խաչատրյան

Այլ նորություններ
ՆՈՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ՄԵԴԻԱԴԱՇՏԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ. ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՄԵԴԻԱ ԻՐԱՎՈՒՆՔ» ԴԱՍԸՆԹԱՑԸ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ և «Կոնրադ Ադենաուեր» գերմանական քաղաքական հիմնադրամի աջակցությամբ մեկնարկել է «Մեդիա իրավունք» կրթական ծրագիրը, որը նպաստելու է մասնակիցների իրավական գրագիտության բարձրացմանը:
ԵՊՀ-ՈՒՄ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՐՐՈՐԴ ԲԱՂԱԴՐԻՉԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՑՎԵԼՈՒ Է ԲՈԼՈՆՅԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ
«Erasmus +» ծրագրի շրջանակում 2020 թվականի փետրվարից մեկնարկել է «Armdoct» եռամյա նախագիծը, որն ուղղված է Հայաստանում կրթական երրորդ աստիճանի բարեփոխմանը: