05.05.2020 | 
Հասարակություն
«ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԱՌՑԱՆՑ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
«ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԱՌՑԱՆՑ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանի նախաձեռնությամբ մայիսի 4-ին տեղի ունեցավ հեռավար հանդիպում, որի նպատակն էր փորձագիտական շրջանակում քննարկել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի նախագիծը:

Քննարկմանը մասնակցում էին ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, ԱԺ պատգամավոր, օրենքի նախագծի համահեղինակ Վահագն Թևոսյանը, Նոր մեդիայի և հաղորդակցության ամբիոնի վարիչ Դավիթ Պետրոսյանը, Տպագիր և հեռարձակվող լրատվամիջոցների ամբիոնի վարիչ Մուշեղ Հովսեփյանը, ֆակուլտետի դասախոսներ Աստղիկ Ավետիսյանը, Վարդուհի Պետրոսյանը, Դավիթ Ալավերդյանը, Անահիտ Մենեմշյանը, Վանիկ Հակոբյանը, Քրիստինե Ալագուլյանը, Հարություն Ծատուրյանը և ֆակուլտետի այլ ներկայացուցիչներ:

 

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը շնորհակալություն հայտնեց քննարկման մասնակիցներին և նշեց, որ մասնակիցների բոլոր դիտարկումներն ու առաջարկությունները փոխանցվելու են օրենքի նախագծի հեղինակներին:

Հեռավար հանդիպման մասնակից դասախոսները հակիրճ ներկայացրին իրենց փորձագիտական կարծիքն օրենքի թերությունների և բացթողումների վերաբերյալ:

 

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս Վարդուհի Պետրոսյանը, ողջունելով օրենքի հեռավար քննարկման նախաձեռնությունը և հին օրենքը նորով փոխարինելու անհրաժեշտությունը, հանդես եկավ մի քանի նկատառումներով, որոնք վերաբերում էին օրենքի բովանդակային և տեխնիկական կողմերին:

 

Հանդես գալով առաջարկություններով՝ վերջինս նշեց, որ օրենքում տեղ գտած մի շարք իրավական ոչ հստակ ձևակերպումներ կարիք ունեն վերանայման:

 

Ֆակուլտետի դասախոս Վանիկ Հակոբյանն ընդհանուր դրույթներով անդրադարձավ օրենքում տեղ գտած մի շարք ձևակերպումների, որոնք, ըստ պարոն Հակոբյանի, ունեն իրավական որոշակիացման խնդիր:

 

Անդրադառնալով օրենքի նախագծում տեղ գտած ‹‹Ստուգված փաստի կամ իրադարձության մասին անկողմնակալ տեղեկացումը›› կետին՝ Վանիկ Հակոբյանը հանդես եկավ դիտարկմամբ՝ ասելով, որ նմանաբնույթ ձևակերպումը բավականին բարդ և կամայական մեկնաբանությունների առիթ տվող ձևակերպում է, քանի որ անկողմնակալության չափանիշն իրավական և էթիկական տիրույթում անչափելի է:

 

Պատասխանելով դիտարկմանը՝ Վահագն Թևոսյանը խոստացավ համապատասխան փոփոխություններն իրականացնել օրենքի նախագծում:

 

Վահագն Թևոսյանը շեշտեց նաև, որ օրենքի նախագծում ‹‹մահկաներ›› փնտրելը ճիշտ մոտեցում չէ, քանի որ դատարանի միջոցով միշտ էլ կարելի է լուծել առաջացած խնդիրները:

 

Ըստ նրա՝ շատ կարևոր է նախագծում տեղ գտած փոփոխությունների կոնցեպտը պատկերացնել, իսկ իրավական ձևակերպումները միշտ էլ կարելի է բարեփոխել:

 

 

Օրենքի նախագծի քննադատությամբ հանդես եկավ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս Դավիթ Ալավերդյանը:

Նրա խոսքով, տպավորություն է ստեղծվում, թե այս օրենքով հեղինակները ցանկանում են պայքարել կեղծ նորությունների դեմ, ինչը, ամենայն հավանականությամբ, չի հաջողվի․ ‹‹Կեղծ նորությունների դեմ պայքարում է ամբողջ աշխարհը, բայց առայժմ որևէ երկիր այդ հարցում հաջողության չի հասել, այս նախագիծն էլ բացառություն չի լինելու››:

 

Վահագն Թևոսյանն էլ նշեց, որ նոր օրենքի նախագիծն ամենևին էլ նպատակ չունի պայքարել կեղծ նորությունների դեմ, այն ընդամենը ստեղծվել է դաշտը կարգավորելու համար․ ‹‹Այս օրենքի ստեղծման հիմնական նպատակն իշխանությանը և ընդդիմությանը մեդիահարթակում հավասար ներկայանալու իրավունք տալն է, ինչպես նաև փաստի ու պարզապես կարծիքի հստակ տարբերակումները, որոնց չտարբերակումը կարող է խնդիր դառնալ արդեն իրավական դաշտում››:

 

Օրենքում տեղ գտած ձևակերպումների և եզրույթների խրթինությանն անդրադարձավ նաև Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս Աստղիկ Ավետիսյանը: Նրա դիտարկմամբ, կարիք կա օրենքում տեղ գտած մի քանի եզրույթներ փոխարինել համարժեք բառերով, ինչպես նաև ամբողջականացնել որոշ ձևակերպումներ:

 

Հանդիպման վերջում Վահագն Թևոսյանը շնորհակալություն հայտնեց նախաձեռնության մասնակիցներին ու խոստացավ անպայման անդրադառնալ հնչեցված դիտողություններին և առաջարկություններն ուղարկել ԱԺ:

 

Հարկ է նշել, որ ‹‹Տեսալսողական մեդիայի մասին›› նոր օրենքի նախագիծը սահմանում է տեսալսողական մեդիածառայությունների, տեսալսողական տեղեկատվություն տարածողների կարգավիճակը, կանոնակարգում է լիցենզավորման, թույլտվության տրամադրման, ծանուցումների ստացման կարգը, իրավունքների ու պարտականությունների առաջացման հիմքերը, գործունեության ընթացքում ծագող հարաբերությունները:

 

Անի Պողոսյան

Այլ նորություններ
«ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՍԻՄՎՈԼԻԶՄ. ՄԻ՞Ֆ, ԹԵ՞ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ». ԱՌՑԱՆՑ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ, ՀՀ արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ այսօր Իրավագիտության ֆակուլտետի ուսանողների համար իրականացվել է առցանց դասախոսություն, որի բանախոսներն են եղել Անահիտ Մանասյանը և Լատվիայի նախագահի՝ իրավական քաղաքականության հարցերով խորհրդական, Լատվիայի համալսարանի իրավունքի տեսության և պատմության ամբիոնի վարիչ Յանիս Պլեպսը:
ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ  ԾԱՆՈԹԱՑԵԼ ԵՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻՆ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ, Քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի աջակցությամբ տեղի է ունեցել հանդիպում-քննարկում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ: