03.09.2020 | 
Կրթություն
ԳԵՐՄԱՆԱՑԻ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ. ԱՌՑԱՆՑ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԳԵՐՄԱՆԱՑԻ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ. ԱՌՑԱՆՑ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) համատեղ նախաձեռնությամբ այսօր մեկնարկել է երկօրյա առցանց դասախոսություն, որին մասնակցում են ինչպես ԵՊՀ-ի, այնպես էլ այլ բուհերի ուսանողներ։

Արդեն երկրորդ անգամ նման ձևաչափով իրականացվող առցանց դասախոսությունների ընթացքում գերմանացի փորձագետներ Թոմաս Մյուլլերը (Քարլսռուհեի ՔԿՀ-ի ղեկավար) և Հայնց Բրյուխեն (Բադեն-Վյուրթեմբերգի քրեակատարողական կրթական կենտրոն) մասնակիցների համար հանդես են գալու քրեակատարողական ընթացակարգի եվրոպական սկզբունքների, ՄԱԿ-ի ստանդարտների նվազագույն կանոնների և այլ թեմաների վերաբերյալ դասախոսություններով, ինչպես նաև պատասխանելու են նրանց հարցերին։

 

Մեզ հետ զրույցում ԵՊՀ քրեական իրավունքի ամբիոնի պրոֆեսոր, Հայաստանում IRZ-ի անմիջական գործընկեր Աննա Մարգարյանն ասաց, որ ֆակուլտետի և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) միջև համագործակցության արդյունքում բազմաթիվ միջոցառումներ են իրականացվել, որոնցից է նաև այս դասախոսությունը. «Քանի որ համավարակի պատճառով գերմանացի մեր գործընկեր փորձագետները չկարողացան գալ այստեղ, մենք նախաձեռնեցինք առցանց դասախոսություններ իրականացնելու գործընթացը»:

 

 

Նրա խոսքով, հունիսին տեղի ունեցած դասախոսությունը բավականին արդյունավետ էր, ինչի համար որոշվեց այս անգամ ևս այն անցկացնել առցանց ձևաչափով. «Այսօր մեկնարկած երկօրյա դասախոսություններին մասնակցում են ոչ միայն ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողները, այլև Գավառի պետական, Հայաստանում Ֆրանսիական և Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանների սաները, ինչպես նաև ՀՀ ԱՆ ներկայացուցիչներ»:

 

Դասախոսության սկզբում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը, ողջունելով մասնակիցներին, փաստեց, որ Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամը (IRZ) ֆակուլտետի ամենակարևոր և ամենահուսալի միջազգային գործընկերն է, որի հետ իրականացվել ու վստահորեն դեռ իրականացվելու են կրթական և օրենսդրական բազմաթիվ ծրագրեր:

 

Գագիկ Ղազինյանը նշեց, որ համագործակցության արդյունքում Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամը (IRZ) աջակցել է ՀՀ քրեակատարողական օրենսգրքի նախագծի մշակման աշխատանքներին, որոնք իրականացվել են հիմնականում ֆակուլտետի դասախոսների կողմից։

 

Ֆակուլտետի դեկանը կարևորեց առցանց դասախոսությունների թեմատիկան՝ փաստելով, որ ուսանողներին օգտակար կլինի ծանոթանալ եվրոպական սկզբունքներին և գերմանացի փորձագետներից լսել իրենց հուզող հարցերի պատասխանները։

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
«ԲԱՐՁՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ ԴԵՌԵՎՍ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԱՌՀԱՎԱՏՉՅԱ ՉԷ: ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԲԵՔ ՉՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԻՆՔՆԱՆՊԱՏԱԿ ԿԱՄ ՀԱՆՈՒՆ ԴԻՊԼՈՄԻ». ԱԼԵՔՍԱՆԴՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանող Ալեքսանդր Հայրապետյանը ԿԳՄՍ նախարարության կազմակերպած «Հանրապետության լավագույն ուսանող-2020» մրցույթի հաղթողներից է: Խորը ուսուցման ոլորտում մասնագիտացող Ալեքսանդրի հետ զրուցել ենք մասնագիտության ընտրության, գիտական հետաքրքրությունների շրջանակի, կրթության և ֆիզիկայի բնագավառի հիմնախնդիրների և դրանց լուծման եղանակների մասին:
ԱՐԻ՛ ԵՊՀ. «EXPO-2021»-Ը ՌԱԴԻՈՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության նախաձեռնությամբ ԵՊՀ բոլոր ֆակուլտետներում ու ինստիտուտներում մարտի 1-5-ն իրականացվում են իրազեկող առցանց հանդիպումներ: Այսօր նմանաբնույթ դասընթաց է անցկացվել ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետում: