31.05.2019 | 
ԱՐԵՎԵԼՅԱՆ ԼԵԶՎԻ ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ Է. ԲԱՑ ԴԱՍ ԵՊՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈԻՄ
ԱՐԵՎԵԼՅԱՆ ԼԵԶՎԻ ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ Է. ԲԱՑ ԴԱՍ ԵՊՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈԻՄ
ԵՊՀ 100-ամյակի շրջանակում Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի միջազգային հարաբերությունների բաժնում այսօր տեղի ունեցավ բաց դաս, որի ընթացքում Միջազգային հարաբերությունների բաժնի 3-րդ կուրսի ուսանողները հնարավորություն ունեցան ցուցադրելու արաբերենից ձեռք բերած գիտելիքները:

ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանի տեղակալ Արթուր Իսրայելյանը, միջոցառման սկզբում ողջունելով ուսանողներին, շեշտեց, որ ավանդույթի համաձայն՝ վերջին դասն անցկացվում է բաց դասի ձևաչափով, որի ընթացքում ուսանողները, ընտրելով որևէ միջազգային կառույց, արաբերենով ներկայացնում են այդ կառույցի պատմությունն ու գործառույթները:

«Այս միջոցառման նպատակն է ցույց տալ, թե լեզվական ինչպիսի գիտելիքներ են ձեռք բերել ուսանողներն ուսումնառության 3 տարվա ընթացքում»,- նշեց Արթուր Իսրայելյանը՝ հավելելով, որ խորհրդանշական է համարում այն փաստը, որ միջոցառմանը ներկա են նաև առաջինկուրսեցիները, որոնք պետք է այսօրվանից հասկանան, թե ինչպիսի աշխատանք է իրենց սպասվում:

 

Այնուհետև ուսանողներին ողջունեց ԵՊՀ դիվանագիտական ծառայության և մասնագիտական հաղորդակցման ամբիոնի վարիչ Նուբար Չալըմյանը:

«Այս միջոցառման շնորհիվ ես տեսնում եմ այն «միջուկը», որի հետ կարող եմ հետագայում աշխատել, և շատ կցանկանայի, որ ձեր հետագա աշխատանքը միտված լինի արաբերենը չմոռանալուն ու այն կատարելագործելուն, քանի որ արևելյան լեզուների իմացությունը հպարտություն է»,- շեշտեց Նուբար Չալըմյանը:

Այնուհետև ուսանողներն արաբերենով ներկայացրին Եվրամիության հիմնադրման, նրա կառուցվածքի, գործառույթների, հանձնաժողովների պատմությունը՝ անդրադառնալով նաև Հայաստանի հետ ունեցած դիվանագիտական հարաբերություններին:

Վերջում ուսանողները շնորհակալություն հայտնեցին Արթուր Իսրայելյանին և արաբերենով երգ կատարեցին: