03.10.2022 | 
Կրթություն, Գիտություն
ԵՊՀ-ՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԳՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ԵՊՀ-ՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԳՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետում տեղի ունեցավ ասպիրանտների և երիտասարդ հետազոտողների համար նախատեսված, տեխնիկական նորագույն սարքավորումներով կահավորված լսարանի բացում: Նոր լսարանում գործելու է ակադեմիական գրագրության կենտրոն:

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, մատնանշելով միջազգային հեղինակավոր պարբերականներում տպագրվող հոդվածների չափորոշիչներն ու պահանջները, նշեց, որ կենտրոնը հնարավորություն է տալիս մանրամասն ծանոթանալու այդ ամենին՝ երիտասարդ գիտնականների համար հարթելով ճանապարհ՝ դեպի միջազգային գիտական ասպարեզ:

 

 

 

«Այս նախաձեռնության շնորհիվ երիտասարդ գիտնականները կներկայացնեն էլ ավելի գրագետ հոդվածներ՝ մեծացնելով դրանց՝ միջազգային պարբերականներում տպագրվելու հնարավորությունը: Ասպիրանտների ու երիտասարդ հետազոտողների համար նախատեսված լսարանը կօժանդակի հետազոտողներին նաև ատենախոսություն պաշտպանելիս»,- ասաց Հ. Հովհաննիսյանը:

 

ԵՊՀ ուսումնական գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանի խոսքով՝ գիտաուսումնական առանձնացված միջավայր ունենալը շատ կարևոր է Երևանի պետական համալսարանի երիտասարդ հետազոտողների, ասպիրանտների և դոկտորանտների համար։

 

 

 

«Նորաբաց լսարանում արդեն իսկ դասընթացներ են անցկացվում Միջազգային դոկտորական դպրոցի շրջանակում: Սա չափազանց կարևոր միջավայր է, որտեղ   հետազոտողները հնարավորություն ունեն աշխատելու, սովորելու, միմյանց հետ շփվելու, մասնագիտական քննարկումներ անցկացնելու»,- փաստեց Է. Ասրիյանը:

 

 

ԵՊՀ գիտական քաղաքականության վարչության պետ Երանուհի Մանուկյանը մեզ հետ զրույցում ընդգծեց դոկտորական դպրոցների գոյության, ինչպես նաև ասպիրանտների համար հետազոտական միջավայրի ստեղծման կարևորությունը։

 

«Հետազոտողները խոչընդոտների հանդիպելու դեպքում հնարավորություն կունենան օգտվելու ակադեմիական գրագրության կենտրոնի ուղեցույցներից: Բացի դրանից՝ հետազոտողն իր հարցերի պատասխանները կարող է ստանալ նաև կենտրոնի աշխատակցից»,- նշեց Ե. Մանուկյանը:

 

 

ԵՊՀ գիտական քաղաքականության վարչության պետը հավելեց, որ երկլեզու ուղեցույցներն այժմ տրվում են ասպիրանտներին, սակայն շուտով հասանելի կլինեն նաև առցանց հարթակում:

 

 

Նշենք, որ նոր լսարանն անհրաժեշտ տեխնիկայով ապահովվել է «Էրազմուս+» ծրագրի «Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան» («Armdoct») նախագծի շրջանակում: «Armdoct» նախագիծը նպատակ ունի բարեփոխելու ՀՀ-ում կրթական երրորդ աստիճանը՝ այն համապատասխանեցնելով Զալցբուրգյան սկզբունքներին, ինչը ենթադրում է ռազմավարության, իրավական դաշտի, ինստիտուցիոնալ ընթացակարգերի փոփոխություններ:

 

Այլ նորություններ
«ՄՐՑՈՒՅԹՆԵՐՆ ՈՒՍԱՆՈՂԻ ՀԱՄԱՐ ՀԻԱՆԱԼԻ ԱՌԻԹ ԵՆ ՎԵՐԱՐԺԵՎՈՐԵԼՈՒ ՍԵՓԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ». ԱՇՈՏ ՄԿՐՅԱՆ
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանող Աշոտ Մկրյանը մագիստրոսի կրթական ծրագրով «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի հայագիտական ոլորտում 2-րդ տեղի մրցանակակիր է: Աշոտի հետ զրույցը ուղենշում է, թե ինչ ճանապարհ է անհրաժեշտ անցնել լավագույն ուսանող ճանաչվելու համար:
ԻՆՉՊԵ՞Ս ԴԻՄԵԼ «ԷՐԱԶՄՈՒՍ+» ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ. ՈՒՂԵՑՈՒՅՑ
ԵՊՀ ուսանողներն ու ասպիրանտները յուրաքանչյուր կրթական աստիճանում հնարավորություն ունեն մեկ անգամ մասնակցելու «Էրազմուս+» փոխանակման ծրագրին և կրթություն ստանալու եվրոպական մի շարք բուհերում։ Ընդհանուր ուսումնառության ժամկետը չի կարող լինել 3 ամսից պակաս և 12 ամսից ավելի: