19.06.2017 | 
Հասարակություն
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ՆԵՐԿԱ ԳՏՆՎԵՑԻՆ ԹԱԹՈՒԼ ԿՐՊԵՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԻ ԲԱՑՄԱՆԸ
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ՆԵՐԿԱ ԳՏՆՎԵՑԻՆ ԹԱԹՈՒԼ ԿՐՊԵՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԻ ԲԱՑՄԱՆԸ
Հունիսի 17-ին Արագածոտնի մարզի Թաթուլ գյուղում տեղի ունեցավ Հայաստանի Ազգային հերոս, ԵՊՀ զոհված ուսանող-ազատամարտիկ Թաթուլ Կրպեյանի տուն-թանգարանի բացման արարողությունը:

Բացման արարողությանը ներկա էին ՀՀ ՊՆ փոխնախարար Արտակ Դավթյանը, ԵՊՀ «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի նախագահ Սաթենիկ Աբրահամյանը, փոխնախագահ Ռուզաննա Կրպեյանը, ակումբի անդամներ, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը, ԵՊՀ ՈՒԽ նախագահ Արմեն Խաչիկյանը, ՈՒԽ փոխնախագահ Դավիթ Ափոյանը, բարձրաստիճան զինվորականներ, Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների մայրեր, ապրիլյան պատերազմի մասնակիցներ, նորօրյա հերոսներ և ուրիշներ:

Ներկաները նախ հարգանքի տուրք մատուցեցին Թաթուլ Կրպեյանի շիրիմին, այնուհետև նրա հարազատների ուղեկցությամբ ուղևորվեցին հերոսի տուն-թանգարան:

«Կան մարդիկ, ովքեր կյանքի ընթացքում օգտակար են լինում իրենց մտերիմներին, ավելի քչերը օգտակար են լինում և ծառայում են պետությանն ու ժողովրդին, սակավաթիվ մարդիկ հետք են թողնում պետության և ժողովրդի պատմության մեջ, և միայն ընտրյալներն են, որ իրենց մահից հետո շարունակում են ծառայել իրենց հայրենիքին և ժողովրդին: Այդ ընտրյալներից մեկը Թաթուլ Կրպեյանն էր, ով մեր ժողովրդի ազգային զարթոնքից մինչև անկախությունն ընկած ժամանակահատվածի ամենավառ անհատականություններից մեկն էր: Հենց Թաթուլ Կրպեյանի և իր նմանների շնորհիվ է, որ իրականություն դարձավ հաղթանակած երկու հայկական պետությունների այսօրը»,- նշեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արտակ Դավթյանը:

Տուն-թանգարանում ներկայացված են անձնվեր հայորդու և արժանապատիվ համալսարանականի անձնական իրերը, լուսանկարները, այն աշխատությունները, որոնցում տեղ են գտել Թաթուլ Կրպեյանի մասին հերոսապատումները:

 

 

«Այսօր պատմական օր է: Հերոսի տուն-թանգարանը մեծ խորհուրդ է պարունակում: Հերոսները ծնվում են ժամանակի ընթացքում՝ իրենց հետ բերելով ու թողնելով մեծ և  պատմական հետք սերունդների հիշողության, հայրենասիրության գաղափարախոսության մեջ: Թաթուլը գաղափարի մարտիկ էր, իսկապես, ոչ միայն իսկական կռվող զինվոր էր, այլև մեծ մտավորական,- ասաց ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը և հավելեց,- ինձ անձամբ բախտ է վիճակվել ծանոթանալու Թաթուլի հետ, լինելու նրա դասախոսը: Ես հպարտ եմ, որ այս աշխարհի ծնունդ եմ, Թաթուլ աշխարհի, հպարտ եմ, որովհետև Թաթուլի հայրենակիցն եմ: Իսկ երկրորդ հպարտությունս այն է, որ ղեկավարում եմ այն նույն ֆակուլտետը, որտեղ ուսանել է Թաթուլ Կրպեյանը»:

 

Տուն-թանգարանի բակում բացման արարողությունը ուղեկցվում էր ՀՀ ՊՆ սպայի տան «Զորակն» երգի համույթի և «Կարին» ազգագրական երգի և պարի համույթի կատարումներով:

Այլ նորություններ
ԿԱՐՈ ՓԱՅԼԱՆԻՆ ՇՆՈՐՀՎԵՑ ԵՊՀ ՈՍԿԵ ՄԵԴԱԼ
Այսօր ԵՊՀ-ում տարբեր ֆակուլտետների ուսանողների հետ հանդիպեց Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը:
«ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ Է»
ԵՊՀ ռեկտորատի նախաձեռնած հանդիպումների շարքն առաջին կուրսեցիների հետ ամփոփվեց այսօր Հայ բանասիրության ու Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետներում: