14.12.2018 | 
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԹԱՐԳՄԱՆԱԿԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՏԵՂԵԼՈՒ ԵՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐԻ ՀԵՏ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԹԱՐԳՄԱՆԱԿԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՏԵՂԵԼՈՒ ԵՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐԻ ՀԵՏ
ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոնում այսօր բացվեցին համաժամանակյա (սինքրոն) թարգմանության երկու լսարան՝ հագեցած ժամանակակից տեխնիկայով:

Բացման արարողությանը ներկա էին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, պրոռեկտորներ Գեղամ Գևորգյանն ու Ալեքսանդր Գրիգորյանը, Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի դեկան Սամվել Աբրահամյանը, Թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոնի վարիչ Ռուզան Ղազարյանը, ուսանողներ:

Արամ Սիմոնյանը բացման խոսքում կարևորեց  համաժամանակյա (սինքրոն) թարգմանության նոր լսարանների բացումը:

«Ռոմանագերմանական ֆակուլտետի, ինչպես նաև համալսարանի համար նմանօրինակ լսարանների բացումը  շատ կարևոր է,- նշեց Արամ Սիմոնյանը,- այս ամբողջ ընթացքում մեր հիմնական մարտահրավերներից մեկը եղել է այն, որ հնարավորություն չենք ունեցել ամբողջությամբ  դրսևորվելու մեր թարգմանական ներուժը: Համաժամանակյա  թարգմանության լսարանների բացումը մի համեստ քայլ է իրավիճակը շտկելու, թարգմանչական նոր կադրեր պատրաստելու ուղղությամբ»:

 

 

Արամ Սիմոնյանն ավելացրեց , որ համալսարանը հատուկ դեր ունի միջմշակութային ու միջլեզվական շփումներն ապահովելու գործընթացում,  և  այսօրվանից  հիմք է ստեղծում   որակյալ կադրերի ստեղծման համար:

«Ես լիահույս եմ, որ այս երկու լսարանները մեզ հնարավորություն կտան վերականգնելու  մեր թարգմանական դպրոցի ավանդույթները, և համոզված եմ, որ կգա մի օր, երբ մեր ուսանողները մեծ ներդրում կունենան մշակութային արժեքների ստեղծման և փոխանցման գործում»,-ավելացրեց Արամ Սիմոնյանը:

 

Թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոնի վարիչ Ռուզան Ղազարյանը նախ  շնորհակալություն հայտնեց  ներկաներին լսարանների բացմանը մասնակցելու համար, ապա ավելացրեց,  որ այսօր չափազանց կարևոր օր է բուհի, ամբիոնի և ուսանողների համար:

«Առաջին անգամ է, երբ բուհը, կարևորելով լեզվի դասավանդման  ժամանակակից մեթոդները,  ստեղծել է այս երկու լսարանը՝ բացարձակապես սեփական միջոցներով: Այստեղ մեծ է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի դերը: Լեզվական ֆակուլտետներում նմանօրինակ որակյալ տեխնիկայով հագեցած լսարանների առկայությունը ժամանակի պահանջ է»:

Տիկին Ղազարյանն իր խոսքում  կարևորեց  ուսանողների մտավոր ներուժի և բուհի տեխնիկական տվյալների համապատասխանեցումը. «Օտարերկրյա  ուսանողների հետ շփման  փորձն ինձ թույլ է տալիս ասելու, որ մեր ուսանողները ոչնչով չեն զիջում արտասահմանցի ուսանողներին: Խնդիրը տեխնիկական հնարավորությունների մեջ է»:

Շնորհակալ էին նաև ուսանողները, քանի որ նրանք այսուհետ թարգմանչության մասին տեսական գիտելիքները համատեղելու են գործնական պարապմունքների հետ:  


Անի Պողոսյան