25.12.2018 | 
Կրթություն
ԵՊՀ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԲԱՑՎԵՑ «ՄՈՒԼՏԻՄԵԴԻԱ» ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ
ԵՊՀ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԲԱՑՎԵՑ «ՄՈՒԼՏԻՄԵԴԻԱ» ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում այսօր տեղի ունեցավ ձայնագրման և ձայնային մոնտաժի նորագույն սարքավորումներով հագեցած «Մուլտիմեդիա» լաբորատորիայի բացումը:

Բացման արարողությանը ներկա էին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, «Sound Progress» ՍՊԸ-ի ներկայացուցիչներ Տիգրան և Արսեն Հակոբյանները, դասախոսներ և ուսանողներ:

 

ԵՊՀ-ի և «Sound Progress» ՍՊԸ-ի միջև համագործակցության արդյունքում Ժուռնալիստիկայի ֆակուլտետի  ուսանողները ձայնագրման և ձայնի մշակման հմտությունները սովորելու են անմիջապես մասնագետներից, ինչն ապագա լրագրողներին թույլ կտա գործնական հմտություններ ձեռք բերել և հետագայում աշխատաշուկա մուտք գործել առավել մրցունակ:

 

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն իր գոհունակությունը հայտնեց համագործակցության համար և նշեց, որ լաբորատորիայի բացումը մի նոր խոսք է համալսարանական կրթության մեջ:

 

«Ես պետք է առանձնահատուկ շեշտեմ, որ այս լաբորատորիան իր տեխնիկական տվյալներով յուրահատուկ է ոչ միայն համալսարանում, այլև ընդհանրապես մեր հանրապետությունում,- նշեց Արամ Սիմոնյանը,- առաջին անգամ հենց ԵՊՀ ուսանողները կսովորեն ձայնագրել, մոնտաժել ձայնը ժամանակակից տեխնիկայով, որևէ անհարմարություն չեն զգա լսարանից աշխատավայր տեղափոխվելիս»:

 

Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան  Նաղաշ Մարտիրոսյանն առաջինն էր, որը ձայնագրվեց նոր ստուդիայում: Դեկանի խոսքով, ժամանակակից տեխնիկայով հագեցած լաբորատորիան, որը  նախկինում երազանք էր թվում, այժմ համատեղ ջանքերի շնորհիվ իրականություն է դարձել:

 

««Sound Progress»-ի հետ համագործակցության արդյունքում ֆակուլտետում այժմ ունենք այս լաբորատորիան, այսուհետ մեր ուսանողները բոլոր տեխնիկական պայմաններն ունեն լրագրողական որակյալ արտադրանք տալու և հեռուստատեսությունների ուշադրությունը գրավելու համար»,- ասաց Նաղաշ Մարտիրոսյանը:

 

«Sound Progress» ՍՊԸ-ի  ներկայացուցիչ Տիգրան Հակոբյանը կարևորեց այն փաստը, որ ուսանողների մուտքը լրագրողական կյանք լինելու է գործնական գիտելիքներով հագեցած:

 

«Ինչ-որ առումով այս լաբորատորիան ապագա լրագրողների համար նշաձող է լինելու. որակի և տեխնիկական հագեցվածության չափանիշը կարևորագույն պայման է լինելու նրանց համար հետագայում աշխատանք փնտրելիս»,- ասաց Տիգրան Հակոբյանը:

Արսեն Հակոբյանը պատրաստակամության և ցուցաբերած աջակցության համար շնորհակալություն հայտնեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին և ֆակուլտետի դեկան  Նաղաշ Մարտիրոսյանին:

 

«Այս լաբորատորիան վստահություն է տալու ապագա լրագրողին, քանի որ նա արագ զարգացող տեխնիկական միտումներին արդեն ծանոթ կլինի և աշխատավայրի տեխնիկական պայմաններին ընտելանալու կարիք այլևս չի ունենա»,- ասաց Արսեն Հակոբյանը:

«Sound Progress» ընկերության ներկայացուցիչները դասավանդելու են «Մուլտիմեդիա» լաբորատորիայում:

 Անի Պողոսյան

 

 

 

Այլ նորություններ
«ՆՈՐ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ ՈՉ ՍՊԻՏԱԿՈՒՑԱՅԻՆ ԱՄԻՆԱԹԹՈՒՆԵՐԻ ԱՍԻՄԵՏՐԻԿ ՍԻՆԹԵԶՈՒՄ». ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ
Ֆարմացիայի ինստիտուտի և Քիմիայի ֆակուլտետի ուսանողների համար այսօր դասախոսությամբ հանդես եկավ Ռուսաստանի Ա.Նեսմեյանովի անվան էլեմենտօրգանական միացությունների ինստիտուտի ասիմետրիկ կատալիզի լաբորատորիայի ավագ գիտաշխատող, քիմ. գիտ. թեկնածու Վլադիմիր Լարիոնովը:
ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ԱՅՑԵՐԸ ԵՊՀ ՕԳՆՈՒՄ ԵՆ ՏԵՍԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐՆ ԱՄՐԱՊՆԴԵԼ ՏԱՐԲԵՐ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԵՐՈՎ
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետն այսօր հյուրընկալել էր Երևանի թիվ 148, 29 և 16 ավագ դպրոցների աշակերտներին: