ԵՊՀ գրադարանն այսօր ընթերցողին ներկայացրեց ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի ռուսաց լեզվաբանության, տիպաբանության եւ հաղորդակցման տեսության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Լիլիթ Բրուտյանի նոր` «Окно в мир, или дорога к себе» գիրքը: Շուրջ մեկ տասնյակ մասնագիտական գրքերից հետո հեղինակը ընթերցողին է ներկայանում բոլորովին նոր ժանրով` իր ճամփորդություններն ու դրանցից ստացած տպավորությունները ներկայացնելով օրագրային գրառումներով: Գրքում առանձին բաժիններով ներկայացված են Լիլիթ Բրուտյանի` տարբեր երկրներում կատարած ճամփորդությունները, որոնց ընթացքում արած գրառումները մանրամասնորեն վերարտադրում են հեղինակի` այդ օրերին ստացած տպավորություններն ու զգացողությունները: Հեղինակը գիրքը նվիրել է հորը` ակադեմիկոս Գեւորգ Բրուտյանին:
Լիլիթ Բրուտյանի խոսքերով` հենց նա է բացել «ճամփորդություն» մեծ աշխարհի դռները: «Գիրքը գրելիս եւ այն տպագրելուց հետո էլ վստահ էի, որ այս ժանրին երբեւէ չեմ անդրադառնա, սակայն գրքի մասին առաջին արձագանքները ստիպում են ինձ մտածել, որ գուցե տարիներ անց նմանօրինակ մի նոր գիրք գրեմ»,- ասում է հեղինակը: «Սկզբում զարմացած էի, որ մի շարք մասնագիտական գրքերից հետո Լիլիթը հեղինակեց այսպիսի գիրք,- իր ելույթում նշեց Ռուս բանասիրության ֆակուլտետի դասախոս Իրինա Ստրելցովան:- Սակայն գրքին ծանոթանալուց հետո շատ ուրախ եմ, որովհետեւ այս գիրքն ամբողջությամբ լցված է լավատեսությամբ եւ կենսասիրությամբ: Այդ մասին է խոսում նաեւ այն ժանրը, որով հեղինակը ներկայանում է մեզ, քանի որ օրագրային ժանրը կյանքին սիրահարված մարդու ժանր է»: Գրքի մասին իր մտորումները ներկայացրեց նաեւ ֆակուլտետի դեկան Պավել Բալայանը. «Կարծում եմ` «Окно в мир, или дорога к себе» վերնագիրը պատահական չէ: Լիլիթ Բրուտյանը, բացահայտելով աշխարհը, բացահայտում է ինքն իրեն, ընդլայնում իր սեփական աշխարհի սահմանները: Եվ հետաքրքիր է, որ գիրքը դառնում է հրաշալի միջոց` ընթերցողի համար բացահայտելու հեղինակին ու նրա աշխարհը»: