17.02.2009 | 
Ուսանողական, Քաղաքականություն, Կրթություն
«ԹՈՒՆԵԼԻ ԼՈՒՅՍԸ ԵՐԵՎՈՒՄ Է»
«ԹՈՒՆԵԼԻ ԼՈՒՅՍԸ ԵՐԵՎՈՒՄ Է»
«Համաշխարհային տնտեսությանը սպառնացող վտանգն ավելի խորը հետքեր կթողնի, քան մեզ թվում է»,- ասում է Ահե Բաքերը:

Փետրվարի 17-ին ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Ահե Բաքերը եւ ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը հանդիպեցին ԵՊՀ ուսանողների եւ պրոֆեսորադասախոսական կազմի հետ: ԱՄՀ գործադիր տնօրենը դասախոսություն կարդաց համաշխարհային տնտեսական ճգնաժամի եւ տարածաշրջանում դրա հետեւանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

 

Ահե Բաքերը 2007 թ-ի մայիսից վարում է Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը` ներկայացնելով հոլանդական խմբի մեջ մտնող Հայաստանի, Բոսնիա եւ Հերցեգովինայի, Բուլղարիայի, Խորվաթիայի, Կիպրոսի, Վրաստանի, Իսրայելի, Մակեդոնիայի, Մոլդովայի, Մոնտենեգրոյի, Նիդեռլանդների, Ռումինիայի եւ Ուկրաինայի շահերը: 1994 թ-ից նա նաեւ Ամստերդամի Ազատ համալսարանի ֆինանսական շուկայի եւ ինստիտուտների ամբիոնի դասախոս է: Պարոն Բաքերն հրատարակել է նաեւ 10 գիրք, դրամական ու ֆինանսական արդյունքների վերաբերյալ բազմաթիվ հոդվածներ:

 

Նրա վերջին գիրքը` «Կենտրոնական բանկի ռեզերվների կառավարումը», լույս է տեսել 2007 թ-ին Անգլիայում` Էդվարդ Էլգարի նախաձեռնությամբ: Ահե Բաքերը 5-րդ անգամ է Հայաստանում. առաջին անգամ մեր երկրում եղել է 1995 թ-ին, իսկ վերջին այցելությունը 2008 թ-ի նոյեմբերին էր: Այսօր Հայաստանում է, որովհետեւ իրեն համարում է Հայաստանի դեսպանն Արժույթի միջազգային հիմնադրամում: «Գաղտնիք չէ, որ համաշխարհային ճգնաժամն սկիզբ առավ 2007 թ-ի ամռանը հենց զարգացած, արդյունաբերական երկրներում:

 

Մեր հիմնադրամի գերխնդիրն է օգնել աշխարհի զարգացող երկրներին, ինչպիսին, օրինակ, Հայաստանն է, օգնել մեր կողմից տրամադրվող վարկերով եւ երկրի ֆինանսական ոլորտին վերաբերող խորհուրդներով»,- ասում է Ահե Բաքերը: Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրենը համոզված է, որ Հայաստանի նման տնտեսություն ունեցող երկրների համար դժվար է նավարկել «միջազգային ծովերի ջրերով, դիմանալ մակընթացություններին»:

 

«Փոքր պետություններն իրենք պետք է հարմարվեն տեղի ունեցող փոփոխություններին, ճգնաժամից խուսափելու համար անհրաժեշտ է ավելի թափանցիկ ու ճկուն դարձնել դրամավարկային շուկան, ինչպես նաեւ կատարել կառուցվածքային բարեփոխումներ»: Նա նաեւ ավելացրեց, որ Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանի կառավարությանն է ներկայացրել համաշխարհային տնտեսական ճգնաժամը շրջանցելու ֆինանսական ծրագիր, որն այժմ քննարկման փուլում է գտնվում: «Հայաստանում եւս քիչ թե շատ նկատվում են տնտեսական ճգնաժամի հետքերը. դա մասնավորապես պայմանավորված է արտերկրից դրամական փոխանցումների, վարկավորման եւ ներդրումների նվազմամբ»:

 

Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Ահե Բաքերը, այնուամենայնիվ, չի կորցնում լավատեսությունը.«Թեեւ 2009 թ-ը դժվարին տարի է լինելու աշխարհի ողջ բնակչության համար, բայց «թունելի լույսն արդեն նկատելի է»»: Իսկ հանդիպման վերջում ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն Ահե Բաքերին շնորհակալություն հայտնեց հանգամանալից դասախոսության համար եւ ի նշան երախտագիտության` նրան նվիրեց հայ անվանի նկարիչ Մարտիրոս Սարյանի նկարների ալբոմը:

Այլ նորություններ
ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏԻ ‹‹ԿԱՌԱՎԱՐՈՒՄ›› ԵՎ ‹‹ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ›› ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՎԱՐՏԱԿԱՆ ԿՈՒՐՍԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում «Մարքեթինգ» առարկայի շրջանակում տեղի է ունեցել վարպետության դաս, որը կրել է «Թվային մարքեթինգի գործիքների կիրառումը բիզնեսի առաջխաղացման համար» խորագիրը։
ՖՐԱՆՍԻԱՑԻ ՀԱՅՏՆԻ ՆՅԱՐԴԱՀՈԳԵԲԱՆ ՔՐԻՍԹԵԼ ԿՈԼՈՄԲԸ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ Է ՀԱՆԴԵՍ ԵԿԵԼ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում տեղի է ունեցել «Մեծահասակների նյարդահոգեբանական գնահատում. նպատակը, մեթոդները և գործիքները» թեմայով դասախոսություն: