19.04.2017 | 
Քաղաքականություն
«PICASA». ԲՈՒՀԵՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ ԴԵՊԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՐԹԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔ
«PICASA». ԲՈՒՀԵՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ ԴԵՊԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՐԹԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔ
Արևելյան գործընկերության երկրների բուհերը դեպի միջազգայնացում տանող «PICASA» նախագիծն ամփոփում է արդյունքները:

«TEMPUS» ծրագրի «Մշակութային և կառուցվածքային վերափոխումների միջոցով նպաստել Արևելյան գործընկերության երկրների բուհերի միջազգայնացմանը» (PICASA) նախագիծն այսօր մեկնարկած գիտաժողովով ամփոփում է կատարված աշխատանքներն ու ներկայացնում արդյունքները: 

 

Նախագծի համակարգողը Երևանի պետական համալսարանն է, որտեղ էլ անցկացվում է «Համալսարանի միջազգայնացում. ռազմավարություն և որակի ապահովում» խորագրով միջազգային գիտաժողովը: Դրա շրջանակում Հայաստանի, Վրաստանի, Բելառուսի և Ուկրաինայի գործընկեր հաստատությունները ներկայացնում են նախագծի ընթացքում իրենց գրանցած արդյունքները:

 

Գիտաժողովի սկզբում ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի ուղերձը փոխանցեց ԿԳՆ արտաքին կապերի և Սփյուռքի վարչության պետ Արթուր Ղազարյանը: Նախարարն իր ուղերձում առանձնացրել էր ծրագրի տված արդյունքներն ու արձանագրել, որ դրա օգնությամբ վերջին տարիներին զգալի առաջընթաց է գրանցվել հայկական բուհերի միջազգայնացման գործում:

 

«PICASA» նախագիծը մեկնարկել է դեռևս 2013 թ.-ին, այն իրականացվում էր աշխատանքային մի քանի փաթեթներով: Առաջին փաթեթն իր մեջ ներառել է այն ստորաբաժանումների վերանայումն ու անձնակազմի վերապատրաստումը, որոնք պատասխանատու են միջազգայնացման համար: Հաջորդ փաթեթն իր մեջ ներառել է միջազգայնացման քաղաքականության մշակումը յուրաքանչյուր բուհում: Նախագծի երրորդ փաթեթում շեշտադրվում էր կրթական ծրագրերի միջազգայնացումը: 

 

«Մենք, բնականաբար, կարող ենք առանձնացնել միջբուհական համագործակցություն, համատեղ հետազոտություններ, դասախոսական և ուսանողական շարժունություն, գիտական և կրթական ծրագրերի միջազգայնացում և այլն: Մեզ համար առավել կարևոր է եղել այն հանգամանքը, որ մենք կարողացել ենք մասնակից բոլոր երկրների բուհերում մշակել ռազմավարություններ և քաղաքականություններ, ինչպես նաև կոնկրետ գործողություններ, որոնք ուղղված են լինելու միջազգայնացման խորացմանը»,- ասում է ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը:

 

 

«PICASA» նախագծի ամենակարևոր ձեռքբերումներից մեկն էլ միջազգայնացման ձեռնարկի հրատարակումն է, որի շնորհանդեսը կայացավ այսօր՝ գիտաժողովի ընթացքում: Թե ինչ թեմաներ են ներառված գրքում, ինչ խնդիրներ են բարձրացված, և բուհի միջազգայնացմանն ուղղված ինչպիսի քայլեր են անհրաժեշտ, գիտաժողովի մասնակիցներին ներկայացրեց հենց հեղինակը՝ Բելգիայի Լյուվեն-Լիմբուրգ համալսարանի ներկայացուցիչ Միխաել Յորիսը:

 

«Գրքում պատասխանել ենք այն բոլոր հարցերին, որոնք վերաբերում են բուհերի միջազգայնացման խնդիրներին, նպատակներին, գործիքներին, որոնցով պետք է կազմակերպել գործընթացը»,- նշում է պարոն Յորիսը:   

 

Գիտաժողովի երկու օրերի ընթացքում մասնակիցները ոչ միայն հանդես են գալու զեկուցումներով, այլև անցկացվելու է կլոր սեղան, որին կմասնակցեն Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Ուկրաինայի կրթության և գիտության նախարարությունների ներկայացուցիչներն ու որակի ապահովման պատասխանատուները:

 

«Այժմ մենք ունենք «Tempus»-ի և «Erasmus+»-ի ընթացիկ 20-ից ավելի նախագծեր, որոնք ուղղված են կարողությունների զարգացմանը, դրանցից մեկը «PICASA»-ն է: Այն շատ լավ հնարավորություն է տալիս Արևելյան գործընկերության երկրներին համագործակցելու Եվրոպական միության հետ: Կարողությունների զարգացմանն ու շարժունությանն ուղղված ծրագրերը տարեցտարի աճում են, և բուհերը լավ հնարավորություն ունեն զարգացնելու իրենց կրթական ծրագրերը, ապահովել աշխատակազմի որակավորման բարձրացումն ու ուսանողների շարժունությունը»,- փաստում է «Erasmus+»-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լանա Կարլովան:

Այլ նորություններ
ՄԱՐԵԿ ՄԻԽԱԼԱԿ. «ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՀՆԱՐԱԾ ԳԱՂԱՓԱՐՆԵՐ ՉԵՆ»
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողներն այսօր հյուրընկալել էին Լեհաստանի երեխաների իրավունքների պաշտպան Մարեկ Միխալակին:
ԵՊՀ ՈՐՈՇ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԿԱՏԱՐՎԵԼ
Այսօր անցկացվեց ԵՊՀ գիտխորհրդի հերթական նիստը՝ օրակարգային 9 և ընթացիկ հարցերով: