19.05.2022 | 
Ուսանողական, Կրթություն
ԵՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ «ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԴԵՐԸ ԲԻԶՆԵՍՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԴԱՍԸՆԹԱՑ
ԵՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ «ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԴԵՐԸ ԲԻԶՆԵՍՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԴԱՍԸՆԹԱՑ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի կազմակերպած դասընթացի նպատակն էր մասնակիցներին ծանոթացնել հանրային հաղորդակցման հիմքերի, հանրային արշավների կազմակերպման փուլերի, PR ռազմավարությունների մշակման, PR նախագծերի պլանավորման և ներկայացման հիմունքներին, ինչպես նաև ներկայացնել կազմակերպության հեղինակության և վարքի բարելավմանն ուղղված առաջարկների և հանձնարարականների մշակման սկզբունքները։

Դասընթացն անցկացրեց ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի` սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ, «Հասարակայնության հետ կապեր» մագիստրոսական ծրագրի ղեկավար Նվարդ Մելքոնյանը։ Խոսելով ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի համագործակցությամբ կազմակերպվող դասընթացներին իր մասնակցությունից և ընտրված թեմայից՝ Ն. Մելքոնյանը նշեց. «Սա կարիերայի կենտրոնի հետ համագործակցությամբ կազմակերպված առաջին դասընթացը չէ: Այն ոչ միայն ուղղված է ուսանողներին նոր գիտելիքներ տալուն, այլև հնարավորություն է նորից ու նորից խոսելու PR մասնագիտության մասին և նպաստելու դրա առաջխաղացմանը:

 

Ճիշտ է, դասընթացը մեկօրյա էր, սակայն մասնակիցներին ներկայացվեցին այն ամենակարևոր և հիմունքային տեղեկությունները, որոնք հետագայում կիրառելի կլինեն: Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են առավել խորքային գիտելիքներ ստանալ, կարող են ինքնուրույն ուսումնասիրել թեման կամ ուսումը շարունակել ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի «Հասարակայնության հետ կապեր» նոր մեկամյա մագիստրոսական ծրագրում: Այս դասաընթացի նպատակը, ինչո՞ւ ոչ, նաև մասնագիտության հանդեպ հետաքրքրություն առաջացնելն է»:

ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի փոխտնօրեն Կ. Նազարյանը, անդրադառնալով դասընթացի կարևորությանը, ընդգծեց. «Ընտրված թեմաները մշտապես քննարկում ենք մեր գործընկերների հետ՝ ելնելով աշխատաշուկայի պահանջարկից: Այսօր աշխատաշուկան զարգանում է չափազանց արագ տեմպերով, և դրանով պայմանավորված՝ պետք է ոչ միայն աշխատաշուկան իր առաջարկներով գա բուհ, այլև բուհը պետք է մտնի աշխատաշուկա: Կրթական ծրագրերի մեջ անընդհատ փոփոխություններ կատարել հնարավոր չէ, սակայն դրանք հնարավոր է լրացնել այսպիսի այլընտրանքային տարբերակներներով»:

 

ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Գայանե Հովսեփյանը, խոսելով դասընթացին իր մասնակցությունից, ասաց. «Դասընթացի մասին իմացել եմ սոցցանցում տեղադրված հայտարարությունից: Ես սիրում եմ տեղեկացված լինել տարբեր ոլորտներից: Դասընթացը, ճիշտ է, մեկօրյա է, այնուամենայնիվ վստահ եմ՝ այն շատ նոր գիտելիքներ կտա, հատկապես արդի ժամանակաշրջանում, երբ PR-ի դերը չափազանց մեծ է»:

 

 

Հիշեցնենք, որ ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետում սեպտեմբեր ամսից կգործեն Հայաստանում առաջին «Հասարակայնության հետ կապեր» բակալավրիատի կրթական ծրագիրը և մագիստրատրոսական մեկամյա համանուն ծրագիրը, որի ընդունելությունը շուտով կմեկնարկի:

 

Այլ նորություններ
ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄ ՈՒ ՆՈՐ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ․ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԱՅՍ ՈՒՍՏԱՐՎԱ ԳԽ ՎԵՐՋԻՆ ՆԻՍՏԸ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի ունեցավ գիտական խորհրդի նիստը՝ օրակարգային 7 և ընթացիկ հարցերով։ Նիստի ընթացքում հաստատվեցին ներկայացված նախագծերն ու հարցերը, ինչպես նաև հնչեցին ու քննարկվեցին նոր առաջարկներ։
«ԻՆՁ ՀԱՄԱՐ ԿԱՐԵՎՈՐ ԵՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՍՏԱՑԱԾ ԿՐԹՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՁԵՌՔ ԲԵՐԱԾ ՄՆԱՅՈՒՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ»․ ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ ԷԼԻՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի շրջանավարտ, հանրային կապերի մասնագետ և նկարչուհի Էլինե Պողոսյանի հետ զրուցել ենք համալսարանի ընձեռած հնարավորությունների, մասնագիտությունների ընտրության, ապագայի պլանների և այլ թեմաների շուրջ: