ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի՝ սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ, «Հասարակայնության հետ կապեր» մագիստրոսական ծրագրի ղեկավար Նվարդ Մելքոնյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այս տարի թե՛ բակալավրիատի, թե՛ մագիստրատուրայի կրթական ծրագրերում նորություններ ունեն։
«Սեպտեմբեր ամսից մեկնարկում է «Հասարակայնության հետ կապեր» բակալավրիատի ծրագիրը, իսկ մագիստրոսական ծրագիրը դարձել է մեկամյա: Մեկ ծրագրում ներառված են թե՛ մասնագիտական պրակտիկան, թե՛ տեսական գիտելիքների տրամադրումը: Փոխվել է նաև ավարտական աշխատանքի պաշտպանության ձևաչափը. դրանք լինելու են PR նախագծերի տեսքով»,- նշեց Ն. Մելքոնյանը։ Ծրագրի ղեկավարը, խոսելով հանդիպման կարևորությունից, նշեց․ «Այս ձևաչափով հանդիպումների կազմակերպումը պարբերական բնույթ ունի։ Մենք դիմորդներին ոչ միայն ներկայացնում ենք մագիստրոսական ծրագրի մանրամասները և դրանք դասավանդող դասախոսներին, այլև խոսում ենք առհասարակ PR-ից ու դասընթացներից։
Այս միջոցառման առանձնահատկությունն այն է, որ այն կազմակերպել են մագիստրոսական ծրագրի առաջին կուրսի ուսանողներն իրենց «PR արշավների նախագծում» առարկայի շրջանակում։ Դա կատարել են որպես պրակտիկ հանձնարարություն»:
Հանդիպման ընթացքում ուսանողները ներկայացրին «Հասարակայնության հետ կապեր» մագիստրոսական ծրագիրը, խոսեցին մասնագիտության արդիականության մասին: Նշեցին, որ ծրագիրը հնարավորություն է ընձեռում զարգացնելու քննադատական մտածողությունը, ինչը կարևոր է հաղորդակցության ոլորտում:
ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի «Հասարակայնության հետ կապեր» մագիստրոսական ծրագրի շրջանավարտ Անի Հակոբյանը ևս հրավիրված էր հանդիպմանը: Նշեց, որ եկել է ապագա դիմորդներին և ուսանողներին ներկայացնելու իր աշխատանքային փորձը։ «Կարծում եմ՝ մեկ տարվա ընթացքում ուսանողները կկարողանան ձեռք բերել նոր գիտելիքներ, թարմացնել դրանք, ձեռք բերել նոր մասնագիտություն և աշխատաշուկայում հեշտությամբ գտնել իրենց տեղը»,- հավելեց նա:
Սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանող Ֆլորա Մանուկյանը որոշել է ներկա գտնվել հանդիպմանը, որպեսզի հետագայում մագիստրոսական ծրագրի ճիշտ ընտրություն կատարի։ «Այս հանդիպումից մեծ ակնկալիքներ ունեմ․ ուզում եմ հասկանալ՝ ինչ է ինձ սպասվում հետագայում այս մասնագիտությունն ու մագիստրոսական ծրագիրն ընտրելու դեպքում»,- ասաց նա:
Մագիստրոսական ծրագիրը տրամադրում է խոր և համակողմանի գիտելիքներ հաղորդակցության կառավարման, հասարակական կարծիքի ձևավորմանն առնչվող մեթոդաբանական հիմնական մոտեցումների, հաղորդակցության հայեցակարգերի վերաբերյալ, ինչպես նաև տալիս է պրակտիկ հմտություններ, որոնք անհրաժեշտ են հասարակայնության հետ կապերի, գովազդի, մարքեթինգի, կորպորատիվ, սոցիալական, քաղաքական հաղորդակցությունների ոլորտներում՝ ազգային և միջազգային աշխատաշուկայում մասնագիտական գործունեություն ծավալելու համար:
Հանդիպմանը ներկա էին ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի «Հասարակայնության հետ կապեր» մագիստրոսական ծրագրի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, շրջանավարտներ, դիմորդներ: Հանդիպման ավարտին ներկաներն ստացան իրենց հետաքրքրող հարցերի սպառիչ պատասխանները: