27.06.2018 | 
Կրթություն
«PRINTeL» ՆԱԽԱԳԾԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԲԱՐՍԵԼՈՆԱՅԻ ԵՎ ՊՈՐՏՈՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐ
«PRINTeL» ՆԱԽԱԳԾԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԲԱՐՍԵԼՈՆԱՅԻ ԵՎ ՊՈՐՏՈՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐ
2018 թ.-ի հունվարից մեկնարկել է Եվրահանձնաժողովի կողմից ֆինանսավորվող «Erasmus+»-ի «PRINTeL» նախագիծը` «Փոփոխություն լսարանում. նորարարական դասավանդման և ուսումնառության օժանդակում՝ Արևելյան գործընկերության երկրներում ուսանողի ուսումնական փորձառության բարելավման նպատակով», որը համակարգում է Երևանի պետական համալսարանը։

«PRINTeL» նախագծում ներգրավված են եվրոպական և արևելյան գործընկերության մի շարք բուհեր՝ Լյովենի կաթոլիկ, Բարսելոնայի և Պորտոյի, Լինշոպինգի և Գրացի Կիրառական գիտությունների FHJ եվրոպական համալսարանները, ինչպես նաև Արևելյան գործընկերության երկրները ներկայացնող Երևանի պետական, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական և Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանները (Հայաստան), Իլիայի պետական, Վրաստանի տեխնիկական և Թելավիի Յակոբ Գոգեբաշվիլիի պետական համալսարանները (Վրաստան), Բելառուսի պետական, Բրեստի պետական տեխնիկական և Գրոդնոյի Յանկա Կուպալայի պետական համալսարանները (Բելառուս)։

Նախագիծը նպատակաուղղված է բարձրագույն կրթության հիմնական մարտահրավերներից մեկի լուծմանը, այն է՝ դասավանդման և ուսումնառության մեթոդների զարգացմանը և նորարարությանը, ինչպես նաև դասավանդման գործընթացում նոր տեխնոլոգիաների ներդրմանը։


Նշված նպատակին հասնելու համար նախագծի աշխատանքային պլանով նախատեսված են մի շարք վերապատրաստումներ եվրոպական գործընկեր համալսարաններում, որոնք նպատակաուղղված են Հայաստանի, Վրաստանի և Բելառուսի վերոնշյալ գործընկեր բուհերի դասախոսների վերապատրաստման կենտրոնների և, ընդհանուր առմամբ, դասախոսների մասնագիտական և ժամանակակից տեխնոլոգիական միջոցներին տիրապետելու կարողությունների և հմտությունների զարգացմանը, ինչպես նաև նշված կենտրոնների գործունեության վերակազմակերպմանը։


Այս շարքի վերապատրաստումներից առաջինը ճանաչողական այցը և տեղեկատվական սեմինարն էր Բարսելոնայի համալսարանում, որը տեղի ունեցավ 2018 թ.-ի հունիսի 11-12-ը։ Միջոցառման հիմնական նպատակն արևելյան գործընկեր բուհերի վարչական կազմի ծանոթացումն էր դասախոսների վերապատրաստման կենտրոնների աշխատանքի ժամանակակից փորձին, նրանց գործունեությանը, կառուցվածքին և իրականացվող վերապատրաստման ծրագրերին։ Հիմնական կազմակերպիչներին էին Բարսելոնայի համալսարանի պրոֆեսորներ` Ջոան-Թոմաս Պուջոլան և Մարինա Սոլե Կատալան։ Սեմինարների ընթացքում ելույթ ունեցան և իրենց փորձը ներկայացրին նաև նախագծի եվրոպական գործընկեր բուհերի ներկայացուցիչները։


Հունիսի 14-15-ին էլ Պորտոյում տեղի ունեցավ աշխատաժողով-վերապատրաստում, որի նպատակն արևելյան գործընկեր բուհերի դասախոսների վերապատրաստման կենտրոնների վարչական կազմի կարողությունների բարձրացումն էր` վերապատրաստման կենտրոնների նոր ոճով աշխատանքի, նորարարական վերապատրաստման ծրագրերի մշակման և իրականացման, ինչպես նաև նոր գործառնական պլանների մշակման ոլորտներում։


Առաջին օրն իրենց փորձը ներկայացրին Պորտուգալիայի մի քանի համալսարաններից հրավիրված առաջատար մասնագետներ, ովքեր անդրադարձան վերապատրաստման իրենց կենտրոնների աշխատանքին ու գործառույթներին: Պրոռեկտոր Ֆերնանդո Ռեմիաոյի և պրոֆեսոր Մարիա Պինտոյի նախաձեռնությամբ Պորտոյի համալսարանի գործընկերներն աշխատաժողովն անցկացրին «World Café» եղանակով, որն ապահովում է բոլոր մասնակիցների առավել ներգրավվածություն։


Չորսօրյա աշխատանքային հանդիպումները, որոնց մասնակցում էին արևելյան գործընկեր բուհերի համալսարանների շուրջ 35 ներկայացուցիչներ, ամփոփեցին «PRINTeL» նախագծի համակարգող Արմեն Բուդաղյանը, Բարսելոնայի համալսարանի պրոֆեսոր Մարիա Սոլե Կատալան և Պորտոյի համալսարանի պրոռեկտոր Ֆերնանդո Ռեմիաոն։ Ընդգծվեց նաև, որ գործընկեր բուհերի ներկայացուցիչները պետք է ուսուցողական այցի և աշխատաժողով-վերապատրաստման ընթացքում ձեռք բերած գիտելիքները ներկայացնեն իրենց հաստատություններում և ձեռնամուխ լինեն նախագծի աշխատանքային պլանով նախատեսված հաջորդ աշխատանքներին։


Նշված միջոցառումներին Երևանի պետական համալսարանից մասնակցում էին ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ա. Գրիգորյանը, «PRINTeL» նախագծի ղեկավար, Որակի ապահովման կենտրոնի տնօրեն Ա. Բուդաղյանը, նախագծի աշխատանքների համակարգող, Որակի ապահովման կենտրոնի առաջատար մասնագետ Մ. Սանթուրջյանը, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դոցենտ, ԵՊՀ գիտական քարտուղար Մ. Սողոմոնյանը, Հետբուհական լրացուցիչ կրթության վարչության պետ Ժ. Աղասյանը, ինչպես նաև ՏՏ կրթական և հետազոտական կենտրոնի ուսուցման նոր տեխնոլոգիաների լաբորատորիայի ղեկավար Ա. Ավագյանը։


Հունիսի 16-ին Պորտոյի համալսարանում տեղի ունեցավ նաև «PRINTeL» նախագծի համակարգող հանձնաժողովի առաջին նիստը, որին ներկա էին եվրոպական և արևելյան գործընկեր բուհերի ինստիտուցիոնալ համակարգողները։ Համակարգող հանձնաժողովի նիստի ընթացքում լսվեցին աշխատանքային խմբերի ղեկավարների զեկույցներն ընթացիկ գործողությունների առաջընթացի վերաբերյալ, հաստատվեցին մինչև 2018 թ.-ի վերջը նախատեսված աշխատանքների բովանդակությունը և համապատասխան ժամանակացույցները։


Համակարգող հանձնաժողովի նիստը վարում էր «PRINTeL» նախագծի ղեկավար, ԵՊՀ որակի ապահովման կենտրոնի տնօրեն Արմեն Բուդաղյանը։

Այլ նորություններ
ԵՊՀ ՌՈՒՍԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ԱՌԱՋԻՆԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԻՆ
Այսօր ԵՊՀ ռուսական կենտրոնը նախաձեռնել էր ամենամյա հանդիպում Ռուս բանասիրության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողների հետ:
ԵՊՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՏԱՇՔԵՆԴԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴՊՐՈՑԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի մագիստրատուրայի ուսանողների և դասախոսների մի խումբ մասնակցել է Տաշքենդի համալսարանում կազմակերպված «Էքստրեմոֆիլներ՝ կենսաբանությունից մինչև կենսատեխնոլոգիա» խորագիրը կրող միջազգային ամառային դպրոցի աշխատանքներն: