07.06.2018 | 
Հասարակություն
«ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԵԶ ԱՎԵԼԻ ՈՒԺԵՂ ԵՆ ԴԱՐՁՐԵԼ». ՊՈՒԼԻՑԵՐՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ ԵՌԱԿԻ ԴԱՓՆԵԿԻՐ
«ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԵԶ ԱՎԵԼԻ ՈՒԺԵՂ ԵՆ ԴԱՐՁՐԵԼ». ՊՈՒԼԻՑԵՐՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ ԵՌԱԿԻ ԴԱՓՆԵԿԻՐ
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր տեղի ունեցավ հանդիպում հայտնի լրագրող, Պուլիցերյան մրցանակի եռակի դափնեկիր, «The Boston Globe» պարբերականի հետաքննական թիմի հիմնադիր-անդամ Սթիվեն Քյուրքչյանի հետ:

Հանդիպման կայցման գործում իր մեծ ներդրումն ունեցավ նաև Ժուռնալիստիկայի ֆակուլտետը՝ դեկան Նաղաշ Մարտիրոսյանի գլխավորությամբ, ում ջանքերի շնորհիվ հնարավոր դարձավ կազմակերպել նմանատիպ միջոցառում:

 

Հանդիպման թեման Գյումրու ողբերգությունն էր, որը տեղի էր ունեցել 30 տարի առաջ: Իր ելույթի ընթացքում անվանի լրագրողը խոսեց Գյումրու երկրաշարժի, մարդկային խեղաթյուրված ճակատագրերի և սովետական ղեկավարության անպատասխանատու գործունեության մասին:

Սթիվեն Քյուրքչյանը ներկայացրեց ամերիկյան հասարակության անդրադարձն այդ ողբերգությանը, ինչպես նաև խոսեց Բոստոնում ապրող այն հայերի մասին, ովքեր շատ արագ կարողացել են արձագանքել և անգամ պետական ոլորտներում օգտագործել իրենց անձնական կապերը, որպեսզի կարողանան անհրաժեշտ օգնությունը և սարքավորումները տեղափոխել Գյումրի:

«Տեղի ունեցածը, իհարկե, մեծ ողբերգությունն էր,- ասաց Սթիվեն Քյուրքչյանը,- սովետական իշխանությունները ճիշտ չեն կարողացել կազմակերպել իրենց քայլերը՝ արագ արձագանքելու ու մարդկանց օգնելու հարցում: Շենքերի սեյսմակայունության խնդիրը մեծ բացթողում էր, որի պատճառով նման ուժգնության երկրաշարժի դեպքում զոհերի թիվն անհամեմատ ավելի շատ եղավ:

Սթիվեն Քյուրքչյանն իր ելույթում առանձնահատուկ անդրադարձավ նաև այն ընտանիքիների պատմություններին, որոնք կարողացել են հաղթահարել ողբերգությունը: «Ի վերջո, յուրաքանչյուր իրադարձություն մեզ համար դաս է, որը սովորեցնում է ուժեղ լինել ու հաղթահարել ողբերգությունը»,- վերջում հավելեց Սթիվեն Քյուրքչյանը:

Հայտնի լրագրողի ելույթին հաջորդեց Անահիտ Հարությունյանի խոսքը, ով նույնպես հետաքննական լրագրության ներկայացուցիչ է: Անահիտը ծնվել է Գյումրիում:

Նա իր խոսքում հատուկ անդրադարձավ Գյումրու համար անջնջելի հետք թողած տնակների թեմային:
«Տնակներն այնքան մնացին Գյումրիում, որ մարդիկ սովորեցին դրանց,- իր խոսքում ասաց Անահիտ Հարությունյանը,- 2013 թվականին, երբ բնակարաններ էին հանձնում մարդկանց, նրանք այլևս չէին ուզում տեղափոխվել. մարդիկ արդեն սովորել էին տնակներին, իրենց տնկած ու մշակած այգիներին: Կառավարության կողմից կատարած վատ աշխատանքի մասին են խոսում այն փաստերը, որ մինչ այժմ Գյումրիում կան տնակներ, կեցության անմարդկային պայմաններում շարունակում են ապրել բազմազավակ ընտանիքներ»:

«Երկրաշարժից երեսուն տարի է անցել, բայց քաղաքում զգացվում է երկրաշարժի շունչը, այնպիսի տպավորություն է, թե այն ընդամենը մի քանի ամիս առաջ է տեղի ունեցել,- իր ելույթում ասաց Անահիտ Հարությունյանը,- բայց իրավիճակն էլ ավելի է ծանրանում, երբ տեղեկություններ են տարածվում, որ նոր կառուցված և կառուցվող շենքերը նույնպես անվտանգ չեն»:

Անահիտ Հարությունյանը կոչ արեց այն լրագրողներին, ովքեր պատրաստվում են Գյումրիում անօթևանների խնդրին անդրադառնալ, զգոն լինել, ճշտել այդ ընտանիքն արդյո՞ք նախկինում բնակարան չի ստացել և ինչո՞ւ է նորից ապրում տնակում:

«Եվ չնայած այն մեծ ողբերգությանը, որը պատահեց մեր երկրին, Գյումրին ընտրեց ապրելու ճանապարհը: Դրա վառ ապացույցը երկրաշարժից հետո ծնելիության աճն էր»,- իր խոսքը եզրափակեց Անահիտ Հարությունյանը:

Անի Պողոսյան

Այլ նորություններ
ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆՔ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ԱՍՏՎԱԾԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՄԻՆՉԵՎ ՕՐՍ ՉԼՈՒՍԱԲԱՆՎԱԾ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԷՋԵՐԸ
Ֆակուլտետի անցյալի փակ դռները կօգնի բացել ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի հիմնադիր դասախոս Գևորգ Ղուշչյանը:
ԵՊՀ-ՈՒՄ ՆՇՎԵԼ Է ԲԱՐԵՐԱՐ ՄԿՐՏԻՉ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԻ 200-ԱՄՅԱԿԸ
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր տեղի ունեցավ Մկրտիչ Սանասարյանի ծննդյան 200-ամյակին նվիրված միջոցառում: