12.07.2017 | 
Ուսանողական
ՄԱՅՐ ԲՈՒՀԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԿԼԻՆԵՆ ԶԻՆՎՈՐԻ ՊԵՍ ՈՒ ԶԻՆՎՈՐԻ ԿՈՂՔԻՆ
ՄԱՅՐ ԲՈՒՀԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԿԼԻՆԵՆ ԶԻՆՎՈՐԻ ՊԵՍ ՈՒ ԶԻՆՎՈՐԻ ԿՈՂՔԻՆ
Հուլիսի 12-18-ը Արցախի Հանրապետությունում կանցկացվի «Համահայկական ուսանողական ռազմական բանակում» ծրագիրը:

Արդեն 4-րդ տարին անընդմեջ ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնը Ուսանողական խորհրդի, Լ. Ազգալդյանի անվան մարտական պատրաստվածության ակումբի, Ավագների խորհրդի և Ուսանողական գիտական ընկերության աջակցությամբ Արցախում կազմակերպում է վրանային ճամբար, որը  նպատակ ունի բարձրացնել ուսանողների ռազմահայրենասիրական ոգին և մարտական պատրաստվածությունը:

«Առաջին երկու տարիներին բանակումն իրականացվել է հետաքրքիր խաղերի ու մրցույթների միջոցով: Նախորդ տարի, ելնելով ապրիլյան իրադարձություններից ու բոլորիս մոտ ձևավորված ոգուց, որոշեցինք անցկացնել ռազմական բանակում»,- նշեց ԵՊՀ ՈՒԽ նախագահ Արմեն Խաչիկյանը և հավելեց, որ հենց հաջող փորձը առիթ դարձավ այս տարի ևս իրականացնելու ռազմական բանակում, որն այս անգամ   համահայկական բնույթ ստացավ:

ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանի խոսքերով՝ ավելի քան 400 դիմողներից ընտրվել են շուրջ 160 ուսանողներ, ովքեր մեկ շաբաթ կապրեն զինվորի առօրյայով, կստանան ռազմական գիտելիքներ, կմասնակցեն կրակային պատրաստության պարապմունքների, Արցախին և ռազմական ոլորտին առնչվող մի շարք դասընթացների. «Այս ամենից զատ՝ ապահովվելու է նաև ուսանողների հետաքրքիր ժամանցը ինտելեկտուալ, մարզական մրցույթների, խաղերի միջոցով: Իրականացվելու են այցելություններ Արցախի պատմամշակութային վայրեր»:

Արմեն Խաչիկյանը, խոսելով մասնակիցների ընտրության մասին, ասաց, որ ընտրվել են այն մարդիկ, ովքեր կկարողանան դիմանալ ֆիզիկական ծանրաբեռնվածությանը և գաղափարապես պատկերացնում են՝ ինչ են նշանակում «ազգ-բանակ» կամ «Արցախյան հիմնահարց» հասկացությունները, որպեսզի բանակումը լինի ոչ միայն ժամանակ անցկացնելու, այլև կարևոր գիտելիքներ ձեռք բերելու հնարավորություն:

 

ՈՒԽ նախագահի հավաստմամբ՝ լինելու են ջոկեր, որոնց հրամանատարները   ուսանողական կառավարման և կազմակերպման փորձ ունեցող, բարոյական, մարդկային բարձր հատկանիշներով օժտված մարդիկ են:

Տեղեկացնենք, որ այս տարի բանակումին կմասնակցեն մի խումբ երիտասարդներ ինչպես Հայաստանից, այնպես էլ Սփյուռքից:

Այլ նորություններ
ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԲԱՆԱԿՈՒՄԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐՆ ԱՐԴԵՆ ԱՐՑԱԽՈՒՄ ԵՆ
Հուլիսի 12-18-ը Արցախի Հանրապետությունում 160 ուսանողներ Համահայկական ուսանողական ռազմական բանակումի շրջանակում կապրեն զինվորական առօրյայով:
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԿՈՂՔԻՆ ԵՆ
Հունիսի 17-ին ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ՈՒԽ-ն կազմակերպել էր «ԵՊՀ ուսանողները՝ երեխաների համար» խորագրով միջոցառում: