14.12.2015 | 
Ուսանողական
ԲԱՐՁՐԱՑՆԵԼՈՎ ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ՈԳԻՆ ՈՒ ԴԱՌՆԱԼՈՎ ԻՐԱԶԵԿՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ
ԲԱՐՁՐԱՑՆԵԼՈՎ ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ՈԳԻՆ ՈՒ ԴԱՌՆԱԼՈՎ ԻՐԱԶԵԿՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ
Դեկտեմբերի 11-ին և 12-ին ԵՊՀ մարտական պատրաստության ակումբի անդամները հյուրընկալվել էին ՀՀ ԶՈՒ-ի՝ Երևանում տեղակայված զորամասերից մեկը:

ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի նախաձեռնած մարտական պատրաստության ծրագրի նպատակն է զարգացնել ուսանողների՝ մարտական պատրաստության կարողություններին միտված հմտությունները, ռազմաքաղաքական գիտելիքները, աջակցել ռազմահայրենասիրական դաստիարակությանը, ինչպես նաև նպաստել բանակ-բուհ կապերի ամրապնդմանը:

 

Ծրագրի շրջանակում ԵՊՀ մարտական պատրաստության ակումբի անդամների համար կազմակերպվել են ռազմագիտական դասընթացներ ու դասախոսություններ: Եվ ահա հերթական դասախոսություններն ունկնդրելու նպատակով դեկտեմբերի 11-ին համալսարանականներն այցելեցին ՀՀ ԶՈՒ-ի՝ Երևանում տեղակայված զորամասերից մեկը:

 

Զորամասում ուսանողների համար դասախոսություններ կարդացին ՀՀ ԶՈՒ փոխգնդապետներ  Սերոբ Սուջյանը, Գրիգոր Տոնաբեկյանը և ավագ լեյտենանտ Դավիթ Այվազյանը:

 

Սերոբ Սուջյանը, ով նաև աշխարհագրական գիտությունների թեկնածու է, ծանոթացրեց տեղանքում կողմնորոշվելու հմտություններին, բացահայտեց տեղագրական քարտեզի նշաններն ու դրանք կարդալու գաղտնիքները, ներկայացրեց տեղագրական և աշխարհագրական քարտեզների տարբերությունը` նշելով, որ դրանք նախևառաջ տարբերվում են մասշտաբով. տեղագրական քարտեզի մասշտաբն ավելի խոշոր է, և այն ընդգրկում է փոքր տարածք՝ ավելի մանրակրկիտ նկարագրությամբ:

 

Հաջորդ դասախոսությունը վարեց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի շրջանավարտ Գրիգոր Տոնաբեկյանը: Նա անդրադարձավ տարածաշրջանում տիրող իրավիճակին, Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռի խոցման հետևանքներին ու Ադրբեջանի զինված ուժերին: Ըստ նրա՝ տարածաշրջանում շարունակվում է կայուն լարված իրավիճակ տիրել:

 

Խոսելով ռուսական ինքնաթիռի խոցման մասին՝ փոխգնդապետը պարզաբանեց, որ ըստ Թուրքիայի վարկածի՝ ինքնաթիռը խոցվել է բազմաթիվ նախազգուշացումներից հետո, այնինչ այդ վարկածը կասկածի տակ են դրել նույնիսկ Թուրքիայի դաշնակիցները՝ ԱՄՆ-ն ու Գերմանիան: Ավելին՝ որոշ փաստեր վկայում են, որ Թուրքիան նախօրոք պլանավորել էր ինքնաթիռի խոցումը:


Ավագ լեյտենանտ Դավիթ Այվազյանն էլ ուսանողներին ներկայացրեց ընդհանուր մարտավարական գործողություններ, զինվորների գործունեությունն ու նրանց առաջադրված խնդիրները:


 

Հաջորդ օրն էլ՝ դեկտեմբերի 12-ին, ուսանողները զորամասի հրաձգարանում մասնակցեցին դաշտային պարապմունքներին: Անցկացվեց նաև կրակային պատրաստության պարապմունք, որի ընթացքում ուսանողները կիրառեցին հրաձգային զինատեսակներ՝ դիպուկ խոցելով հեռու և մոտ թիրախները:

 

Ինչպես մեզ հետ զրույցում նշեց ԵՊՀ մարտական պատրաստության ակումբի համակարգող Արմեն Խաչիկյանը, առկա ռազմաքաղաքական իրավիճակով պայմանավորված՝ շատ կարևոր է, որ հասարակությունն իրազեկված լինի ռազմական ոլորտի առանձնահատկություններին: Նա հավելեց նաև, որ այդ նպատակին ուղղված աշխատանքները շարունակական են լինելու:

Այլ նորություններ
ԻՐԱՎԱԳԵՏՆԵՐԻ ԲԱՆԱՎԵՃԻ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԱԿՈՒՄԲԻ ԱՌԱՋԻՆ՝ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՓՈՒԼՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում գործող բանավեճի մասնագիտացված ակումբն իր գործունեության շրջանակում երկրորդ տարին անընդմեջ կազմակերպում է մեկշաբաթյա դասընթացներ, որոնց հաջորդում է բուն առաջնության փուլը:
«ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆ ԻՄ ԿՅԱՆՔԻ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ԲԱՂԱԴՐԻՉՆ Է». ՕՐԻՆԱԿԵԼԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆԻ ԿԵՐՊԱՐՈՒՄ ՄԱՆԵ ԾԱՏՈՒՐՅԱՆՆ Է
21-ամյա Մանե Ծատուրյանն այն համալսարանականներից է, որի նպատակասլաց կերպարը, անկասկած, օրինակ կարող է ծառայել յուրաքանչյուր երիտասարդի համար: Չնայած իր երիտասարդ տարիքին՝ Մանեն արդեն իսկ լուրջ ձեռքբերումներ ունի թե՛ ուսման մեջ, թե՛ կարիերայի ստեղծման գործընթացում, թե՛ հասարակական ոլորտում: ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրանտը փայլուն ուսանող է, որն ապրում է ներհամալսարանական և հասարակական ակտիվ կյանքով: Դեռևս 1-ին կուրսից նա եղել է ՈՒԽ անդամ, կազմակերպել ու մասնակցել ուսանողական միջոցառումների՝ չմոռանալով կրթության ու առաջադիմության մասին: Մանեն նաև անվճար է սովորում և ստանում «Ջոն Կիրակոսյանի անվան» կրթաթոշակ: