«Կանանց դերի ընկալումներն ավանդական ու ոչ ավանդական կրոնական համայնքների կողմից Հայաստանում» վերտառությամբ հետազոտության հեղինակն էր ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի կրոնի պատմության և տեսության ամբիոնի դոցենտ Հովհաննես Հովհաննիսյանը:
Հետազոտությունը, որը վերլուծում է Հայաստանում ավանդական ու ոչ ավանդական կրոնական համայնքների կողմից կանանց դերի ընկալումները, կատարվել է համայնքի անդամների, հոգևորականների, հովիվների հետ խորքային հարցազրույցների միջոցով:
Ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ կրոնական համայնքներում կանանց դերի ընկալումները մեծապես կախված են այդ համայնքի կրոնական կամ դավանաբանական առանձնահատկություններից, ինչպես նաև կանանց դերի վերաբերյալ հայ հասարակության շրջանում առկա տարբեր մոտեցումներից:
«Արդյո՞ք կան տարբերություններ կանանց դերի ընկալման վերաբերյալ ավանդական ու ոչ ավանդական կրոնական համայնքներում, և ի՞նչպիսի առաջնորդական դերեր ունեն կանայք այդ համայնքներում: Վերջին ժամանակներում որոշ կրոնական կազմակերպությունների առաջնորդներ ակտիվ մասնակցում են «գենդեր» տերմինի վերաբերյալ քննարկումներին, և վերջիններիս տեսակետներն ուղղակիորեն առնչվում են ԶԼՄ-ներով տարածվող ապատեղեկատվությանը»,- նշեց Հովահաննես Հովհաննիսյանը:
Կանանց դերը հայ հասարակության մեջ սերտորեն շաղկապվում է կարծրատիպերի հետ, որոնք հատկապես լավ են երևում կրոնական համայնքներում: Բանախոսն ընդգծեց, որ հաշվի առնելով աճող հետաքրքրությունը կրոնական կազմակերպությունների նկատմամբ, ինչպես նաև Հայ առաքելական եկեղեցու աճող ուժն ու հեղինակությունը Հայաստանում՝ առավել հետաքրքիր է դառնում վեր հանել ազդեցում կրոնական համայնքներում կանանց դերի վերաբերյալ պատկերացումների վրա ազդող փոփոխությունները:
Հավելենք, որ հետազոտությունը բաղկացած է երկու մասից: Առաջին մասում վերլուծվում են կանանց դերի ընկալումներն ավանդական կրոնական համայնքներում՝ հիմնվելով Հայ առաքելական եկեղեցու օրինակի վրա, քանի որ այն մեծամասնության եկեղեցին է, և դրա ուսումնասիրությունը բացահայտում է հայ հասարակության մեջ գոյություն ունեցող հիմնական տեսակետներն ու մոտեցումները: Երկրորդ մասում ներկայացվում են կանանց դերի ընկալումները ոչ ավանդական կրոնական համայնքներում, որոնք մեծամասամբ բողոքական կամ հիսունական են (օրինակ՝ Կյանքի խոսք, Աստծո ժողովուրդ, Բապտիստական եկեղեցի, Ռեյմա եկեղեցի, Մորմոնի եկեղեցի և այլն):