13.03.2009 | 
Քաղաքականություն, Հասարակություն
ԱՌԱՆՑ ԱՆՄԵՂՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՎԱՐԿԱԾԻ
ԱՌԱՆՑ ԱՆՄԵՂՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՎԱՐԿԱԾԻ
«Դասախոսներն այսօր ամենաանպաշտպան խմբերից մեկն են մեր հանրապետությունում»:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը նման կարծիք հայտնեց այսօր Մամուլի ազգային ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ: Զրույցի հիմնական թեման «Միասին» երիտասարդական շարժման նախաձեռնությունն էր. օրեր առաջ շարժման մասնակիցները քաղաքի բանուկ փողոցներում փակցրել էին մի շարք բուհերի մոտ 30 դասախոսի լուսանկարներ` «կաշառակեր» մակագրությամբ: «Ակցիային միանշանակ բացասական գնահատական եմ տալիս:

 

Իմ խորին համոզմամբ` կոռուպցիայի դեմ նման մեթոդներով չեն պայքարում: Ի դեպ, այս եղանակով 1937 թվականին շատ-շատ մարդկանց են հանիրավի մեղադրել,- ասաց ռեկտորը եւ հավելեց, որ ակցիան անընդունելի է ինչպես իրավական, այնպես էլ բարոյական տեսանկյունից:- Որեւէ իրավական հիմք չի կարող ունենալ մեղադրանքը, որը չունի ապացույցներ: Սա բացահայտ զրպարտություն է` որեւէ բանով չապացուցված եւ չհիմնավորված»: Իրավական պետություն կառուցելու ճանապարհին, համաձայն բանախոսի, պետք է բոլոր գործողություններն իրավական հիմքերի վրա դնել` հետեւելով օրենքի ամենակարեւոր դրույթներից մեկին` անմեղության կանխավարկածին: Նա նկատեց, որ կոռուպցիայի դեմ պայքարն «աղմուկ-աղաղակով, շոուներով» չի արտահայտվում: Այն շատ ծանր, վտանգներով լի, համառ ու երկարատեւ պայքար է:

 

Ռեկտոր Արամ Սիմոնյանին հատկապես մտահոգում էր կատարվածի բարոյական կողմը. «Այն մարդկանց, որոնց նկարներով ողողել են քաղաքը, նրանց ընտանիքի անդամներին, երեխաներին, գործընկերներին, դասախոսների ողջ հանրությանը` 10 հազարից ավելի մարդու, հասցված է բարոյական մեծ հարված: Եվ ոչ ոք այլեւս իրեն ապահովագրված չի զգում հանիրավի մեղադրանքներից: Նման վարկաբեկող ակցիաների արդյունքում արատավորվում է նաեւ բարեխիղճ դասախոսի անունը»: Կաշառակերության գոյությունը որեւէ մեկը չի կարող ժխտել, քանի որ այն կար ի սկզբանե եւ, ռեկտորի խոսքով, «կլինի հավերժ», բայց դա չի նշանակում, որ կաշառակերության դեմ չպետք է պայքարել: Պարոն Սիմոնյանն արդարացիորեն դժգոհեց, որ լրատվամիջոցներին հետաքրքրում են սկանդալները միայն, եւ ոչ ոք չի անդրադարձել այն հարցին, թե մեկ տարվա ընթացքում ինչպես է ԵՊՀ-ն պայքարել կաշառակերության դեմ: Իսկ մեղադրելուց առաջ ռեկտորը հորդորեց փնտրել կոռուպցիայի արմատները:

 

«Այսօր ԵՊՀ պրոֆեսորն ստանում է 160 հազար դրամ աշխատավարձ: Իհարկե, մարդիկ կարող են ունենալ մարդկային թուլություններ. հնարավոր է` կյանքի դժվարություններից ելնելով, տեսնելով, որ տվյալ ուսանողի միակ նպատակը գնահատական ստանալն է եւ ոչ գիտելիք ձեռքբերելը, դասախոսը դիմի հանցավոր քայլի: Բայց, հավատացնում եմ ձեզ, շատ քչերն են այդպես անում»,- ասաց պարոն Սիմոնյանը: Զրպարտության մեղադրանքով ակցիայի մասնակիցների դեմ դատարան դիմելը համալսարանի ղեկավարության իրավասություններից դուրս է եւ արգելվում է օրենքով: Նման քայլի կարող են դիմել անձամբ այն մարդիկ, ում անունը հայտնվել է ցուցակում:

 

ԵՊՀ ղեկավարությունը կարող է միայն հայտարարությամբ հանդես գալ: Իսկ թե ինչու ոչ ոք չի մեղադրում կաշառք տվողին, նրան հանցագործ չի համարում, ռեկտորն իր տեսակետն ունի: Երկու օր առաջ` քննությունների վերջին լուծարքից հետո, համալսարանից հեռացված 28 ուսանողների հարազատներն ու բարեկամները «պատերազմ» են հայտարարել համալսարանին: Բայց որեւէ ծնող իր չսովորող զավակին չի մեղադրում: «Մեր հասարակության մեջ ամեն ինչ ծուռ հայելու մեջ է դիտվում»,- նշեց ռեկտորը:

Այլ նորություններ
ԻՍՊԱՆԱՑԻ ԳՐՈՂ, ԵՊՀ ՊԱՏՎԱՎՈՐ ԴՈԿՏՈՐ ԳՈՆՍԱԼՈ ԳՈՒԱՐՉԻ ԲԱՑ ՆԱՄԱԿՆ ԱՀ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ
Ղարաբաղի Հանրապետության նախագահ մեծարգո պարոն Արայիկ Հարությունյանին
ԵՊՀ-Ն ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄԱՍՆԱԿՑԵԼ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԴՐԱՄԱՀԱՎԱՔ-ԱՐՇԱՎԻՆ՝ ՓՈԽԱՆՑԵԼՈՎ ԱՎԵԼԻ ՔԱՆ 55 ՄԼՆ ԴՐԱՄ
ԵՊՀ-ն հատուկ բացված հաշվեհամարին փոխանցել է ևս 30 մլն դրամ, Իջևանի մասնաճյուղը՝ 5.5 մլն դրամ, իսկ աշխատակիցները՝ ավելի քան 20 մլն դրամ։