22.03.2019 | 
Ուսանողական
ՁԻՀ-Ի ԿՈՂՄԻՑ ԱՆՑԿԱՑՎԱԾ ԱՍՊԻՐԱՆՏՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆԸ ԵՊՀ-ԻՑ ՀԱՂԹՈՂ Է ՃԱՆԱՉՎԵԼ ԵՐԿՈՒ ԱՍՊԻՐԱՆՏ
ՁԻՀ-Ի ԿՈՂՄԻՑ ԱՆՑԿԱՑՎԱԾ ԱՍՊԻՐԱՆՏՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆԸ ԵՊՀ-ԻՑ ՀԱՂԹՈՂ Է ՃԱՆԱՉՎԵԼ ԵՐԿՈՒ ԱՍՊԻՐԱՆՏ
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) և «PMI Science»-ի աջակցությամբ Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնում մարտի 12-ին տեղի է ունեցել Ասպիրանտների աջակցության ծրագրի մրցանակաբաշխություն:

Այդ մրցանակաբաշխությանը ԵՊՀ-ից հաղթող է ճանաչվել երկու ասպիրանտ՝ Հենրիկ Պարսամյանը Ռադիոֆիզիկայի ֆակուլտետից և Մերի Արզումանյանը Կենսաբանության ֆակուլտետից:

 

Ասպիրանտների աջակցության ծրագրի նպատակն է զարգացնել գիտական և հետազոտական էկոհամակարգը: Տարբեր գիտահետազոտական հաստատությունների և համալսարանների երիտասարդ գիտնականները, ստանալով ամսական կրթաթոշակներ, հնարավորություն կունենան համապատասխանեցնելու իրենց աշխատանքները միջազգային չափորոշիչների պահանջներին։

 

Ծրագրի հաղթող 10 ասպիրանտները շուրջ 1 տարի ստանալու են 364,000 ՀՀ դրամ ամսական կրթաթոշակ, ինչպես նաև միջազգային մենթորների աջակցություն:

 

Տարբեր համալսարաններից ու գիտահետազոտական կենտրոններից ներկայացված 45 հայտերից հաղթողների ընտրությունը կատարվել է Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների ընկերակցության խորհուրդը և Նյու Ջերսիի Ռաթգրսի համալսարանը ներկայացնող միջազգային փորձագետներից ձևավորված ժյուրիի կողմից:

 

Նախապես ձևավորված, տեղական և միջազգային փորձագետներից կազմված ժյուրին լավագույն հայտերը գնահատել է ըստ առաջադրված խնդրի բարդության, հետազոտության արդիականության և կիրառելիության ոլորտի, փորձարարական լուծումների ու տեսական մասի համադրման մակարդակի:

Կիրառական ֆիզիկայի ոլորտում մրցանակը ստացել է Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ասպիրանտ Հենրիկ Պարսամյանը «Ինֆրակարմիր և միկրոալիքային տիրույթում էլեկտրամագնիսական ալիքների կլանիչներ՝ ռազմական և քաղաքացիական նպատակներով» թեմայի համար:   

 

Հ. Պարսամյանը հայտնեց, որ թեմայի շրջանակում ուսումնասիրվում են միջուկ-կաղապար կառուցվածքներ, որոնք հիմնված են բարակ մետաղական շերտով պատված դիէլեկտրիկական գլանային և գնդային երկրաչափությունների վրա։ Նշված համակարգերը ցույց են տալիս բավական լավ կլանող հատկություններ, ինչը կարող է օգտակար լինել ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական նպատակների համար: «Կլանիչները սարքեր են, որոնք մեծ արդյունավետությամբ կլանում են իրենց վրա ընկած էլեկտրամագնիսական ճառագայթումը: Դրանք կարող են օգտակար լինել այնպիսի իրավիճակում, ինչպիսին է օբյեկտների քողարկումը ռադարներից, կարող են օգտագործվել նաև կենսաչափման համակարգերում»,- հավելեց նա։

 

 

Ասպիրանտի խոսքով, համակարգերի առավելություններից է այն, որ կառուցվածքի պարզության հետ մեկտեղ դրանք ունեն նաև կլանման այնպիսի հատկություններ, որոնց շնորհիվ կլանվում է ավելի շատ էներգիա, քան անմիջականորեն ընկնում է համակարգի վրա։ Ավելին՝ գնդային կառուցվածքներն անկախ են ընկնող ալիքի բևեռականությունից և անկման անկյունից։

 

Մեր տեսական և սիմուլյացիոն հաշվարկները ցույց են տվել, որ համակարգերն ունեն լայնաշերտ կլանող հատկություններ մի շարք մետաղական ծածկույթների դեպքում։

 

Կարևորելով ասպիրանտների աջակցության ծրագրերը՝ Հ. Պարսամյանը նշեց, որ այս ծրագրի նպատակն է ստեղծել այնպիսի միջավայր, որ ասպիրանտները հնարավորություն ունենան իրականացնելու իրենց հետազոտություններն առանց ֆինանսական խոչընդոտների: 

 

Նադեժդա Տեր-Աբրահամյան

 

 

Այլ նորություններ
ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԴԻՄԱՎՈՐԵՑ ԱՌԱՋԻՆԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԻՆ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել առաջինկուրսեցիների դիմավորման արարողությունը, որին ներկա էին ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, Հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը, ֆակուլտետի դասախոսներ և ուսանողներ:
ԵՊՀ-ՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է «ԱՌԱՋԻՆԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԻ ԻՐԱԶԵԿՈՒՄ» ԾՐԱԳԻՐԸ
ԵՊՀ ուսանողական խորհուրդն օգոստոսի 29-31-ն իրականացնում է «Առաջինկուրսեցիների իրազեկում» ծրագիրը, որն անցկացվում է երկրորդ տարին: