21.04.2017 | 
Կրթություն
ԵՊՀ ԹԻՄԸ ԱՄՆ-ՈՒՄ ՏՊԱՎՈՐԻՉ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ Է ԳՐԱՆՑԵԼ
ԵՊՀ ԹԻՄԸ ԱՄՆ-ՈՒՄ ՏՊԱՎՈՐԻՉ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ Է ԳՐԱՆՑԵԼ
ԵՊՀ իրավագետների թիմը Ֆիլիպ Ջեսափի անվան իրավունքի դատախաղ-մրցույթի միջազգային մրցափուլից վերադարձել է գոհացուցիչ արդյունքներով:

Արդեն 58-րդ անգամ ԱՄՆ-ի Վաշինգտոն քաղաքում ապրիլի 9-15-ը անցկացվեց աշխարհի ամենահեղինակավորներից մեկը համարվող դատախաղ-մրցույթի միջազգային փուլը: Այս տարի աշխարհի տարբեր երկրներ ներկայացնող 700 թիմերից միջազգային փուլ էին անցել շուրջ 130-ը: Մրցույթի պատմության մեջ մասնակցության այս ցուցանիշն առավելագույնն է:

 

Մրցույթի ազգային փուլն անցկացվել է փետրվար ամսին, հայկական 5 բուհերի մեջ առավելագույն միավորները վաստակել էր ԵՊՀ-ի թիմը և ստացել միջազգային փուլին Հայաստանը ներկայացնելու իրավունքը: Թիմի անդամներն են ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտներ Լիլիթ Պետրոսյանը, Գևորգ Պողոսյանը, մագիստրանտներ Մարիամ Ղազարյանն ու Մարտին Ստեփանյանը: Թիմի մարզիչները երկուսն են՝ ֆակուլտետի դասախոսներ Տարոն Սիմոնյանը և Կարեն Գևորգյանը:

 

Վաշինգտոնում ԵՊՀ-ի թիմը 4 մրցելույթ է ունեցել, որոնցից երեքում հաղթանակ է տարել Եգիպտոսի, Կանադայի և Աֆղանստանի նկատմամբ, իսկ ԱՄՆ-ի թիմին զիջել է միավորների փոքր տարբերությամբ: Երեք խաղերում, սակայն, թիմի անդամները ճանաչվել են լավագույն բանախոսներ:

 

Այնուամենայնիվ, ԵՊՀ թիմն արձանագրել է գոհացուցիչ արդյունքներ՝ զբաղեցնելով 39-րդ տեղը՝ իրենից հետ թողնելով հարևան երկրների թիմերին (Թուրքիա՝ 41-րդ, Վրաստան՝ 43-րդ, Ադրբեջան՝ 118-րդ):

 

«Այս մրցույթը շատ համալսարաններում դասընթացի մի մաս է կազմում, մեր ուսանողները պատրաստվում են մի քանի ամսում: 17 թիմ է եղել, որոնք 4 հաղթանակ են տարել: Այսինքն՝ երբ ընդհանուր պատկերն ես դիտարկում, մեր թիմի արդյունքները բավականին լավն են»,- ասում է Իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանն ու հավելում, որ շատ շուտով սկսելու են հաջորդ տարվա նախապատրաստական աշխատանքները: 

 

Դատական գործը, որում թիմերը պետք է հանդես գային ինչպես հայցվորի, այնպես էլ պատասխանողի դերերում, հրապարակվել էր դեռևս նախորդ տարվա սեպտեմբեր ամսին: Ամեն տարի գործը լինում է համաշխարհային նշանակություն ունեցող որևէ խնդիր, այս տարի թեման Խմելու ջրի իրավունքն էր, իսկ գործը քննողը՝ ՄԱԿ-ի միջազգային դատարանը:

 

«Նախորդ տարիների համեմատ՝ այս անգամ մարտավարությունը մի քիչ փոխեցինք. որոշեցինք, որ ամբողջ պատասխանատվությունը պետք է կրի հենց թիմը: Դա տվեց իր արդյունքը, որովհետև թիմն իրեն ավելի ինքնավստահ էր զգում, իսկ մարզիչը հանդես էր գալիս զուտ որպես ուղղորդող: Նրանք կատարում էին իրենց հետազոտությունները, շաբաթական 2-3 անգամ հանդիպում էինք, դրանք ի մի բերում: Գրավոր աշխատանքը հանձնելուց հետո սկսեցինք բանավորի վրա շեշտը դնել: Օգնեց նաև այն, որ թիմի անդամները և՛ այս, և՛ այլ դատախաղերի փորձ ունեին»,- մանրամասնում է Տարոն Սիմոնյանը:

Այլ նորություններ
ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը շարունակում է վեբինարների միջոցով ուսանողներին ծանոթացնել անձնային ու մասնագիտական զարգացման, տեղական ու միջազգային աշխատաշուկայի առանձնահատկություններին:
ԵՊՀ-Ն ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է «ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՐԻԵՐԱ EXPO-2017»-ԻՆ
Այսօր «Yerevan expo» ցուցահանդեսային համալիրում մեկնարկեց 17-րդ միջազգային մասնագիտացված «Կրթություն և կարիերա EXPO-2017» ցուցահանդեսը, որին մասնակցում էր նաև Երևանի պետական համալսարանը: