12.02.2019 | 
Գիտություն
ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ. ՄՇԱԿՎՈՒՄ ԵՆ ԴՆԹ-Ի ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾՈՒՅԹՆԵՐՈՒՄ ԿԱՌԱՎԱՐԵԼՈՒ ԵՎ ԿԱՐԳԱՎՈՐԵԼՈՒ ՄԵԹՈԴՆԵՐ
ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ. ՄՇԱԿՎՈՒՄ ԵՆ ԴՆԹ-Ի ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾՈՒՅԹՆԵՐՈՒՄ ԿԱՌԱՎԱՐԵԼՈՒ ԵՎ ԿԱՐԳԱՎՈՐԵԼՈՒ ՄԵԹՈԴՆԵՐ
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ֆիզիկական և կոլոիդ քիմիայի ամբիոնի դոցենտ Հեղինե Ղազոյանի կողմից ղեկավարվող գիտական խմբի «Հավելանյութերի առկայությամբ ԴՆԹ-ի լուծույթների ֆիզիկաքիմիական ուսումնասիրությունը» թեման ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի կողմից երաշխավորվել է ֆինանսավորման:

Մեզ հետ զրույցում Հեղինե Ղազոյանը նշեց, որ հետազոտության նպատակն է կառավարել և կարգավորել ԴՆԹ-ի կայունությունը ջուր/օրգանական, մասնավորապես սուլֆօքսիդներ պարունակող խառը լուծիչներում, ուսումնասիրել տարբեր լիգանդների հետ (տարբեր կենսաբժշկական նշանակություն ունեցող ֆլուորոֆորներ և վիտամիններ) ԴՆԹ-ի կապման գործընթացի օրինաչափությունները, առաջացող կոմպլեքսի կայունության վրա ազդող գործոնները և որոշել այդ կոմպլեքսների թերմոդինամիկական պարամետրերը:

 

Գիտական խմբի ղեկավարի հավաստմամբ, հետազոտության ընթացքում մշակվելու են նոր մոտեցումներ ԴՆԹ-ի լուծույթներում կոնֆորմացիոն անցումների ղեկավարման համար. «Հետազոտության նպատակներն արժեքավոր են այն տեսանկյունից, որ ներկայումս լայնորեն ուսումնասիրվում են տարբեր լիգանդների և ԴՆԹ-ի միջև փոխազդեցությունները կենսաքիմիական և կենսաբժշկական նպատակներով: ԴՆԹ-ի տարբեր հատվածներին կապվող հետերոցիկլիկ միացությունների հետազոտությունները ցույց են տալիս, որ այդ միացությունները կարող են ազդել գենային արտահայտման վրա` ինհիբիցելով կարգավորող սպիտակուցների կապումը ԴՆԹ-ին»:

 

Տիկին Ղազոյանը փաստեց, որ այս աշխատանքները հանդիսանում են ԴՆԹ-ի ջրային և ջուր-օրգանական լուծույթների՝ իրենց կողմից կատարվող ուսումնասիրությունների շարունակությունը. «Մեր նախկին հետազոտություններում ցույց  է տրվել, որ ԴՆԹ-ի դենատուրացիայի ընթացքի վրա որոշակի ազդեցություն ունի  ջուր-օրգանական խառը լուծիչների որակական և քանակական բաղադրությունը, որտեղ որպես օրգանական բևեռային լուծիչներ օգտագործվել են դիալկիլսուլֆօքսիդները»:

 

«Նախկինում արված աշխատանքները ցույց են տվել, որ ԴՆԹ-ի  կառուցվածքային փոփոխությունների վրա որոշակի ազդեցություն ունեն հավելանյութերը, որոնք որպես լիգանդներ կարող են կապվել  ԴՆԹ-ի փոքր ակոսներին, ըստ որում՝ ԴՆԹ-ի հետ կապման վրա ազդում են մի շարք գործոններ՝ սուլֆօքսիդների առկայությունը, միջավայրի իոնական ուժը, կատիոնի բնույթը: Իրականացրել ենք նաև խառը լուծիչներ պարունակող միցելային համակարգերի ծավալային և տրանսպորտային հատկությունների ուսումնասիրություններ»,- ասաց Հեղինե Ղազոյանը:

 

Ուսումնասիրություններն իրականացնելու համար գիտական խումբը կիրառելու է խտաչափության, մածուցիկաչափության, մակերևութային լարվածության, սպեկտրաչափական՝ էլեկտրոնային կլանման, ֆլուորեսցենցիայի, ինչպես նաև  ֆլուորեսցենցիայի անիզոտրոպիայի և ինֆրակարմիր սպեկտոսկոպիայի մեթոդներ: Թվարկված բոլոր մեթոդների կիրառումը, ըստ հետազոտողների, հնարավոր է իրականացնել ԵՊՀ ֆիզիկական և կոլոիդ քիմիայի ամբիոնում:

 

Ի դեպ, հետազոտությունն իրականացնող գիտական խմբում ընդգրկված են ինչպես փորձառու գիտնականներ, այնպես էլ երիտասարդ գիտաշխատողներ:

 

Հեղինե Ղազոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ուսումնասիրություններից ստացված տվյալները կամփոփվեն և կհրատարակվեն գիտական հոդվածների ձևով: Նախատեսվում են նաև մասնակցություններ համապատասխան ոլորտի տարբեր միջազգային գիտաժողովներին և սեմինարներին:

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
ԳԻՏԱԿԱՆ ՆՈՐ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՀԱՍԱՆԵԼԻ ԵՆ ՏՊԱԳԻՐ ՏԱՐԲԵՐԱԿՈՎ. ԼՈՒՅՍ ԵՆ ՏԵՍԵԼ ԵՊՀ ՈՒԳԸ ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒԻ ՆՈՐ ՀԱՏՈՐՆԵՐԸ
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածու 2018-ի 1.1 (24), 1.2 (25) և 1.3 (26) համարների շնորհանդեսը:
«ՊԵՏՔ Է ՍՏԵՂԾԵԼ ՀԱՅՈՑ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ»․ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԸ ԵՐԱԶՈՒՄ ԷՐ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Հովհաննես Թումանյանը հայ իրականության մեջ առաջիններից էր, որը հղացավ ազգային համալսարան հիմնելու գաղափարը և ամեն ինչ արեց այն իրագործման համար։