28.06.2018 | 
Կրթություն
ՄԵԿՇԱԲԱԹՅԱ ԴՊՐՈՑ ԵՎ ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ԱՐՑԱԽ. ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ-2018» ԾՐԱԳԻՐԸ
ՄԵԿՇԱԲԱԹՅԱ ԴՊՐՈՑ ԵՎ ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ԱՐՑԱԽ. ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ-2018» ԾՐԱԳԻՐԸ
Այսօր տեղի ունեցավ ԵՊՀ «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի «Ամառային դպրոց-2018» ծրագրի բացման արարողությունը:

Արդեն մեկ տասնամյակից ավելի է, ինչ ԵՊՀ «Վարդանանք» ակումբը նախաձեռնում և իրականացնում է մեկշաբաթյա ամառային դպրոցը: Այս տարի այն նվիրված է Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին:

 

Մեզ հետ զրույցում ակումբի նախագահ Սաթենիկ Աբրահամյանը փաստեց, որ ամառային դպրոցի ընթացքում վարդանանքցիների համար կկազմակերպվեն հանդիպումներ, դասախոսություններ, սեմինարներ և այլ միջոցառումներ, որոնց կհետևի 7-օրյա ուխտագնացություն դեպի Արցախ:

 

«Հուլիսի 3-9-ն ամառային դպրոցի մասնակիցները կլինեն Արցախում, որտեղ կամփոփեն իրենց ստացած գիտելիքները՝ կազմակերպելով տարաբնույթ միջոցառումներ: Արցախում կհանդիպենք զոհված ազատամարտիկների ընտանիքներին, կայցելենք նրանց շիրիմներին՝ փորձելով վառ պահել նրանց հիշատակը»,- ասաց Սաթենիկ Աբրահամյանը:

 

Ակումբի նախագահը նշեց, որ ամառային դպրոցի շրջանակում կազմակերպվող դասընթացների թեմաները նախօրոք են ընտրվել՝ վարդանանքցիների շրջանում անցկացված հարցման համաձայն. «Առանձնացրել ենք ամենաշատ հետաքրքրող թեմաները և հրավիրել համապատասխան մասնագետների, ովքեր սիրով համաձայնվել են, ինչի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց»:

 

Ամառային դպրոցի բացման արարողության ժամանակ «Արցախի հիմնախնդիրները արդի շրջանում» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ Արա Հարությունյանը, ով այժմ Սանկտ Պետերբուրգում սովորում է ասպիրանտուրայում: Ի դեպ, Արա Հարությունյանը, ով նույնպես ԵՊՀ «Վարդանանք» ակումբի անդամ է եղել, զոհված ազատամարտիկ Արթուր Հարությունյանի որդին է:

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐ, ԱՐՏԵՐԿՐՈՒՄ ՈՒՍՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ. «ԱՐՄԱԿԱԴԸ» ՀԱՐԹԱԿ Է ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ ուսանողները և պրոֆեսորադասախոսական կազմի անդամները կարող են օգտվել «Արմակադից» և ստանալ տեղեկատվություն կրթաթոշակների, միջազգային ամառային դպրոցների, գիտաժողովների և այլ ուսումնական ու հետազոտական ծրագրերի մասին:
ԵՊՀ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆ ՎԵՐԸՆՏՐՎԵՑ ԷԴԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ
ԵՊՀ պատմության ֆակուլտետում այսօր կայացավ ֆակուլտետի գիտխորհրդի նիստ, որի օրակարգում երեք հարց էին՝ դեկանի ընտրություն, դոցենտի կոչման շնորհում և ընթացիկ թեմաների քննարկում: