31.07.2017 | 
Կրթություն, Մշակույթ
ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է 9-ՐԴ ԱՄԵՆԱՄՅԱ «ՄԻԱՑՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆ» ԾՐԱԳԻՐԸ
ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է 9-ՐԴ ԱՄԵՆԱՄՅԱ «ՄԻԱՑՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆ» ԾՐԱԳԻՐԸ
Օգոստոսի 2-8-ը «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբը ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ իրականացնում է «Միացյալ Հայաստան» ամառային կրթամշակութային արշավ-ուխտագնացությունը՝ «Ազգ-բանակ» նշանաբանով:

9 տարի շարունակ անցկացվող այս ծրագրի նպատակն է երիտասարդներին հնարավորություն տալ լինելու Արցախ աշխարհում, ավելի ամրապնդելու բանակ-հասարակություն կապը:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, արցախյան ուխտագնացությունից առաջ «Վարդանանք» ակումբի նախաձեռնությամբ իրականացվել էր նաև «Ամառային դպրոց» ծրագիրը՝ «Տարածաշրջանը և մենք» խորագրով: 7-օրյա արշավի մասնակիցների կազմում ընդգրկվել են ամառային դպրոցում առավել ակտիվ և նախաձեռնող անդամները: Հարկ է նշել, որ արցախյան ուխտագնացությանը մասնակցող ուսանողներին միանալու են նաև զոհված ազատամարտիկների զավակներ, ուսանող-ազատամարտիկների հարազատներ, Մայր բուհի շրջանավարտներ և ուրիշներ:

«Մենք կրկին ուղևորվում ենք Արցախ աշխարհ: Մի վայր, որի գոյության համար իրենց կյանքն են զոհաբերել հարյուրավոր հայորդիներ: Արդեն 9-րդ անգամ այս ծրագրի միջոցով մենք սկիզբ ենք դնում նոր նախաձեռնությունների, որոնք հայրենաճանաչողական կարևոր արժեք, նպատակ ու դերակատարություն ունեն»,-նշել է ԵՊՀ «Վարդանանք» ՌՀԴԱ-ի նախագահ ՍաթենիկԱբրահամյանը:

Արցախ կատարած ուխտագնացության ընթացքում նախատեսվում են այցեր դեպի Հայրավանք, Դադիվանք, Գանձասար, Շուշի, Ստեփանակերտը, Տիգրանակերտ, Արցախյան գոյապայքարում զոհված և անհայտ կորած ազատամարտիկների հուշակոթողներ, թանգարաններ և այլուր: Ինչպես ամեն տարի, այս տարի ևս «Միացյալ Հայաստան» ծրագրի մասնակիցները կլինեն ՀՀ ԶՈՒ և ԼՂՀ ՊԲ մի շարք զորամասերում: Վարդանանքցիները զորամասեր դատարկաձեռն չեն գնա. Նրանք զինծառայողների համար արդեն պատրաստել են գեղարվեստական և մասնագիտական մի շարք գրքեր:

Ծրագրի շրջանակում նախատեսվում են նաև քննարկումներ, բանավեճեր, ընթերցումներ, ինտելեկտուալ խաղեր, երգերի ու պարերի ուսուցում, հանդիպումներ բարձրաստիճան պաշտոնյաների, հասարակական, մշակութային և ռազմական գործիչների հետ: 

Այլ նորություններ
ԱՊԱԳԱ ԹԱՐԳՄԱՆԻՉՆԵՐԸ ՅՈՒՐԱՑՆՈՒՄ ԵՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՆՈՐ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ուսանողների համար վարպետության դաս անցկացրեց Վրաստանի համաժամանակյա (синхрон) թարգմանիչների (գիտաժողովային) միության հիմնադիր Գոգա Ասկուրավան:
ԵՊՀ-ՈՒՄ ՔՆՆԱՐԿՎՈՒՄ ԷՐ «ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ
Այսօր ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը հանդիպեց հայաստանյան բուհերի ուսանողական կառույցների և ուսանողական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: