09.08.2017 | 
Կրթություն, Մշակույթ
ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ԱՐՑԱԽ. ՆՊԱՏԱԿԸ՝ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ԱՐՑԱԽ. ՆՊԱՏԱԿԸ՝ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ավարտվեց ԵՊՀ «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի 9-րդ կրթամշակութային մեկշաբաթյա արշավ-ուխտագնացությունը դեպի Արցախ, որն այս տարի ուներ «Ազգ-բանակ» նշանաբանը:

Ինչպես տեղեկացրել էինք` օգոստոսի 2-ին` վաղ առավոտյան, մեկնարկեց արդեն ավանդական դարձած արշավ-ուխտագնացությունը, որն իրականացվում է ՀՀ պաշտպանության նախարարության և Երևանի պետական համալսարանի աջակցությամբ: Ավելի քան 60 վարդանանքցիներ՝ ԵՊՀ գրեթե բոլոր ֆակուլտետների ուսանողներ, նրանց թվում՝ զոհված ազատամարտիկների զավակներ, զոհված համալսարանականների հարազատներ, ԵՊՀ դասախոսներ, աշխատակիցներ և շրջանավարտներ, ուխտագնացության բոլոր օրերին կրկին հանգրվանեցին Մարտակերտի շրջանի Վանք գյուղի Գուրգեն Հայրապետյանի անվ. միջնակարգ դպրոցում:

Ծրագիրը հագեցած էր բազմաբնույթ միջոցառումներով, որոնց շարքում ուրույն տեղ ունեցավ նաև Երևանի Ավ. Իսահակյանի տուն-թանգարանի ձեռնարկած «Նամակ զինվորին Վարպետի տնից» կրթական ծրագիրը: Ուխտագնացների յուրաքանչյուր օրն սկսվում էր վաղ առավոտյան՝ ժամը 6-ի «վեր կաց»-ով, շարունակվում զորամասերում զինվորների հետ զրույցներով, ԵՊՀ զոհված ուսանող ազատամարտիկների շիրիմներին այցելություններով, նրանց հարազատների հետ հանդիպումներով, ուղևորություններով դեպի Արցախի դիտարժան վայրեր, պատմամշակությային կենտրոններ և կոթողներ: Իսկ երեկոյան արդեն Վանքի դպրոցում անցկացվում էին քննարկումներ, վերլուծվում էր օրվա ընթացքում տեղի ունեցածը, կազմակերպվում էին խաղեր, գրական-երաժշտական միջոցառումներ:



Ուխտագնացության բոլոր օրերին վարդանաքցիների կողքին էր Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր–Թադևոսյանը՝ լեգենդար Կոմանդոսը, ով այս ծրագրի նախաձեռնողներից է և բոլոր ուխտագնացությունների մասնակիցը: Ուխտագնացության օրերին վարդանանքցիներին էին միացել նաև Վանքի դպրոցի շուրջ մեկ տասնյակ աշակերտներ, որոնց ոգևորությունը աննկարագրելի էր:

Ուխտագնացության նշանաբանին համահունչ՝ վարդանանքցիների համար առանձնակի կարևորություն ունեցան հանդիպումները հայրենիքի պաշտպանների հետ: Վարդենիսի, Մարտունու, Ասկերանի, Ստեփանակերտի զորամասերում կայացած ջերմ հանդիպումների ընթացքում քննարկվեցին նաև «Պատիվ ունեմ» և «Ես եմ» ծրագրերը: Հանդիպումներն ավարտվում էին վարդանանքցիների և զինվորների համատեղ երգ ու պարով, իսկ հրաժեշտից առաջ ուսանողները ընթերցում և զինվորներին էին փոխանցում Ավ. Իսահակյանի տուն-թանգարան այցելած աշակերտների նամակները՝ ուղղված զինվորին:

Տպավորիչ էին այցելությունները ԵՊՀ զոհված ուսանող ազատամարտիկների անունը կրող՝ Եղեգնուտի Պետրոս (Պետո) Ղևոնդյանի և Ճարտարի Արա Ավանեսյանի անվան միջնակարգ դպրոցներ: Վարդանանքցիները վերջինիս գրադարանին հանձնեցին ԵՊՀ հրատարակած շուրջ 200 միավոր գրականություն: Բազմաբնույթ մշակութային միջոցառումների շարքում ուշագրավ է Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնում վարդանանքցիները անցկացրած «Թամրազյանական ընթերցումներ» ցերեկույթը՝ նվիրված Երևանի Մատենադարանի նախկին տնօրեն Հրաչյա Թամրազյանի հիշատակին: Միջոցառմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ, ԵՊՀ շրջանավարտ Արթուր Մկրտչյանի քույրը, Արցախի հոգևոր թեմի ներկայացուցիչը, գիտնականներ և մշակութային գործիչներ:



«Վարդանանք» ՌՀԴ ակումբի նախագահ Սաթենիկ Աբրահայմանի գնահատմամբ՝ «Ուխտագնացությունը ծառայեց իր նպատակին, քանի որ ամփոփման օրը մենք լսեցինք բոլոր մասնակիցների կարծիքներն ու առաջարկությունները, որոնք շեշտում էին, որ հայրենաճանաչության այս դասերը անփոխարենելի են և շատ կարևոր: Ուխտագնացության յոթ օրերը ամեն մի մասնակցի համար արժևորվեց որպես ինքնաճանաչման, ինքնութույնության, ազգային բանակի մասին սեփական կարծիք ունենալու, զինվորների հետ անմիջականորեն առնչվելու մեծ խորհուրդ»:

«Վարդանանք» ՌՀԴ ակումբի գլխավոր խորհրդատու գեներալ-մայոր Արկադի Տեր–Թադևոսյանը, ով ինչպես նշեցինք ուխտագնացության ծրագրի նախաձեռնողներից է, նշեց, որ նման նախաձեռնությունները ամրապնդում են երիտասարդների միասնական ոգին, իսկ սերունդների երկխոսությունը նոր ուժ է տալիս ավագներին: Կոմանդոսի խոսքերով 9 տարի առաջ երբ մեկնարկում էր առաջին ուխտագնացությունը նա չէր սպասում, որ ծրագիրը կստանա այսպիսի բովանդակային ընթացք և ներգրավում:


Ուխտագնացության լուսանկարները՝ պատկերասրահում (լուսանկարիչ՝ Լիլիթ Զեյնալյան)

Այլ նորություններ
ԱՊԱԳԱ ԹԱՐԳՄԱՆԻՉՆԵՐԸ ՅՈՒՐԱՑՆՈՒՄ ԵՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՆՈՐ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ուսանողների համար վարպետության դաս անցկացրեց Վրաստանի համաժամանակյա (синхрон) թարգմանիչների (գիտաժողովային) միության հիմնադիր Գոգա Ասկուրավան:
ԵՊՀ-ՈՒՄ ՔՆՆԱՐԿՎՈՒՄ ԷՐ «ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ
Այսօր ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը հանդիպեց հայաստանյան բուհերի ուսանողական կառույցների և ուսանողական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: