29.05.2017 | 
Ուսանողական
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՀՅՈՒՐՆ ԷՐ ՎԱՐԴԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՀՅՈՒՐՆ ԷՐ ՎԱՐԴԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ
Այսօր ԵՊՀ ուսանողները հյուրընկալել էին Արցախի Հանրապետության գրողների միության նախագահ, Արցախի «Գրիգոր Նարեկացի» համալսարանի ռեկտոր, բանաստեղծ Վարդան Հակոբյանին:

ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց տաղանդավոր գրողի անցած ճանապարհին, ստեղծագործություններին, հնչեցին նաև հեղինակի  բանաստեղծություններից:

 

Միջոցառմանը ներկա էին Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, գրող, հասարակական և քաղաքական գործիչ Զորի Բալայանը, գրական աշխարհի մի շարք ներկայացուցիչներ, ովքեր բարձր գնահատեցին Վարդան Հակոբյանի տաղանդն ու գրական կյանքում ունեցած ավանդը:

 

«Այսօր Հայաստանում հզոր գրականություն է ստեղծվում, իսկ կյանքը հաղթահարելու ամենաբարձր ձևը գեղարվեստն է,- նշեց ՀՀ գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը և հավելեց,- շնորհավորում եմ մեզ Վարդան Հակոբյանի պոեզիայի գոյության համար: Մշակույթն ու գիտությունը գործիք են փոքր պետությունների գոյատևման համար»:

 

Զորի Բալայանն էլ Վարդան Հակոբյանին բարձր գնահատեց ոչ միայն որպես պոետ, այլև հայրենիքի զինվոր. «Նա եղել է Արցախյան շարժման ամենակարկառուն դեմքերից մեկը: Երբ Ստեփանակերտի բնակչությունն ապրում էր նկուղներում, նա գրեց մի պիես, որը «Նկուղ» էր կոչվում: Այն նկարագրում է կյանքը Ստեփանակերտի նկուղներում»:

 

Հանդիպման ավարտին Վարդան Հակոբյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին իր ստեղծագործությունները գնահատելու, իրեն ուղղված խոսքերի համար. «Ես այսօր տեսա ձեր հարգանքն իմ բառի հանդեպ, իմ պարտքն եմ համարում ձգտել և ավելի արժանի լինել այսօր՝ ձեր ելույթների ընթացքում ասված խոսքերին»:

 

Այլ նորություններ
ՏՈՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳԸ` ԲԱՐՁՐ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔ
Ուսանողների միջազգային օրը Մայր բուհում ամփոփվեց երգչուհի Սոնա Ռուբենյանի և հաղորդավար, հումորիստ, երաժիշտ Գարիկ Պապոյանի համերգային ծրագրով:
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ «ԳՐԱՎԵԼ ԷԻՆ» ԵՊՀ-Ի ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ
Ուսանողների միջազգային օրվա առթիվ ԵՊՀ-ում իրականացվեց «Համալսարանը ղեկավարում են ուսանողները» կամ «Ուսանողական ռեկտորատ» ծրագիրը: