08.11.2010 | 
Կրթություն
ԳԻՏԱԺՈՂՈՎԸ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է
ԳԻՏԱԺՈՂՈՎԸ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է
Նոյեմբերի 8-12-ը ԵՊՀ-ում բանասիրական խնդիրներին «ուսանողների» աչքերով են նայելու:

Արդեն 5-րդ կիսամյակն է` ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի կողմից անցկացվում է բանասիրության ամենատարբեր խնդիրներին նվիրված միջբուհական ուսանողական գիտաժողով: Այսօր ԵՊՀ 8-րդ մասնաշենքի դահլիճում մեկնարկեց գիտաժողովի հերթական` աշնանային նստաշրջանը: Գիտաժողովի բուն աշխատանքները կշարունակվեն վաղը` միաժամանակ երկու ենթաբաժնով` դահլիճում եւ Հայ բանասիրության ֆակուլտետի ընթերցասրահում: 4 օրերի ընթացքում նախատեսվում է ավելի քան 70 զեկուցում` նվիրված հայ եւ արտասահմանյան գրականության, հայոց լեզվի պատմության, ժամանակակից հայոց լեզվի եւ մանկավարժության խնդիրներին:

 

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Խաչիկ Հարությունյանի խոսքերով` արդեն ավանդույթ դարձած գիտաժողովի հիմնական նպատակը ուսանողներին համալսարանական առաջին իսկ տարիներից գիտական ոլորտ ներգրավելն է: Միջբուհական գիտաժողովի ձեւաչափի համաձայն` մասնակցության համար Հայ բանասիրության ֆակուլտետի ներկայացուցիչ լինելը պարտադիր չէ: Խաչիկ Հարությունյանը նշում է, որ գիտաժողովը միջոց է բանասիրությանն առնչվող խնդիրներին նայելու տարբեր դիտակետերից ու տարբեր ոլորտների հետ հարաբերությունների համատեքստում: Այլ ֆակուլտետների ներկայացուցիչների թիվն առայժմ շատ չէ, սակայն կազմակերպիչների խոսքերով` համագործակցության զարգացման միտումն ակնհայտ է:

 

ԵՊՀ ներկայացուցիչներից բացի` այս նստաշրջանին մասնակցում են նաեւ շուրջ երկու տասնյակ ուսանողներ Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտից, Գավառի պետական, Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարաններից եւ Սեւանի Վազգենյան դպրանոցից: Խաչիկ Հարությունյանը նշում է, որ թեպետ ընդհանուր համատեքստում այլ բուհերի ակտիվությունը զգալի է, սակայն այս ուղղությամբ գիտաժողովի կազմակերպիչները դեռ շատ անելիք ունեն: Այս տարի հատկապես պասիվ են եղել մասնավոր բուհերի ուսանողները: «Մենք անձամբ հանդիպել ենք մի շարք մասնավոր բուհերի համապատասխան ֆակուլտետների դեկանների հետ: Զրույցի ժամանակ դրական են արձագանքում, բայց հետագա համագործակցությունն առայժմ չի ստացվում. մասնավոր կրթօջախ ներկայացնող մասնակից այս նստաշրջանում չկա»,- ասում է Խաչիկը: Գիտաժողովի բացմանը ներկա էր ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը: Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին` նա առանձնակի շեշտեց այն հանգամանքը, որ, ցավոք, դահլիճում քիչ են ոչ միայն ուսանողները, այլեւ դասախոսները: Իր ելույթում այս խնդրին անդրադարձավ նաեւ ԵՊՀ ՈՒԳԸ նախագահ Կառլեն Խաչատրյանը: «Իհարկե ուսանողների ակտիվության հարցը հիմնական խնդիրներից է, սակայն չպետք է մոռանալ, որ գիտությունը երբեւէ մասսայական կամ պոպուլյար չի եղել: Հաշվի առնելով այս հանգամանքը` ես կուզենայի առանձնակի շեշտել մասնակիցներից յուրաքանչյուրի անհատական ներդրումն ու կարեւորությունը ուսանողական գիտական կյանքի աշխուժացման գործում»,- նշեց Կառլեն Խաչատրյանը: Գիտական նստաշրջանի բոլոր մասնակիցները վերջում հավաստագրեր կստանան: Խաչիկ Հարությունյանի խոսքերով` այժմ արվում է ամեն ինչ, որ հաջորդ` գարնանային նստաշրջանի լավագույն աշխատանքները, հավաստագրերից բացի, նաեւ գիտական հանդեսներում տպագրվելու հնարավորություն ստանան:

Այլ նորություններ
ԵՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ՖԻԶՄԱԹ ՀՈՍՔԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության նախաձեռնությամբ Երևանի մասնագիտական և ավագ դպրոցների աշակերտները հանդիպեցին Ֆիզիկայի ֆակուլտետի ղեկավարության հետ:
ԵՊՀ ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 198 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության դիմորդների հետ տարվող աշխատանքների բաժինն այսօր մասնագիտական կողմնորոշման նպատակով այց է կազմակերպել Երևանի թիվ 198 ավագ դպրոց։