16.11.2018 | 
Հասարակություն
«ԲԱՑԱՐՁԱԿ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԻՄԻՋԸ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՐՈՂ Է ԱՎԵԼԻ ՇԱՏ ԴՐԱԿԱՆ ԸՆԿԱԼՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՆԱԼ, ՔԱՆ ԲԱՑԱՐՁԱԿ ԴՐԱԿԱՆԸ». ՆՎԱՐԴ ՄԵԼՔՈՆՅԱՆ
«ԲԱՑԱՐՁԱԿ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԻՄԻՋԸ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՐՈՂ Է ԱՎԵԼԻ ՇԱՏ ԴՐԱԿԱՆ ԸՆԿԱԼՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՆԱԼ, ՔԱՆ ԲԱՑԱՐՁԱԿ ԴՐԱԿԱՆԸ». ՆՎԱՐԴ ՄԵԼՔՈՆՅԱՆ
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում «Քաղաքական իմիջ» խորագրով դասախոսություն կարդաց «Հասարակայնության հետ կապեր» մագիստրոսական ծրագրի ղեկավար, ս.գ.թ., դոցենտ Նվարդ Մելքոնյանը:

Միջոցառումը կազմակերպել էր Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ՈւԳԸ-ն: Ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Մելինե Պետրոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Քաղաքագիտության բաժնում ուսումնասիրվում են պետական կառավարման համակարգը, քաղաքական առաջնորդները, և այս ամենի հետ անմիջական կապի մեջ են հասարակայնության հետ կապերն ու իմիջմեյքինգը:

Այս պատճառով էլ որոշվեց կազմակերպել դասախոսություն «Քաղաքական իմիջ» թեմայով: Նվարդ Մելքոնյանը դասախոսության ընթացքում ներկայացրեց իմիջ հասկացությունը, քաղաքական իմիջը գրագետ կերտելու անհրաժեշտությունը:

Ներկայացնելով կարծրատիպերի և իմիջի տարբերությունը՝ Նվարդ Մելքոնյանը նշեց․ «Կարծրատիպն ընդհանրացնում, համահարթում է երևույթի յուրահատկությունը, դիմազրկում մարդուն: Իմիջն ամրագրում է յուրահատուկը, բացառիկը, տարաբնույթը, անձնականը։ Կարծրատիպը չի պահանջում երևակայություն կամ «լրակռահում», այն պատրաստի է ընկալվում: Մինչդեռ իմիջը հանդես է գալիս իբրև «կիսաֆաբրիկատ». այն առաջադրում է որոշակի կողմնորոշիչներ, էմոցիոնալ հիշողության ու սոցիալական փորձի համաձայն լրամշակման ուղղություններ, բացի դա՝ ներառում է «բանալի»-սիմվոլներ, որոնք մեկնաբանվում են ընկալման գործընթացում»։

Նվարդ Մելքոնյանը պատմեց իմիջի երեք հիմնական գործառույթների մասին՝ նույնականացում, իդեալականացում, հակադրում: Օրինակ բերելով ներկա քաղաքական իրավիճակը՝ նա նշեց, որ քաղաքական իմիջի ձևավորման առանցքում այժմ հակադրումն է՝ նոր իշխանությունները հստակ ընդգծելու են, որ տարբերվում են նախորդներից:

«Շատ հետաքրքիր պարադոքս կա: Բացարձակ բացասական իմիջը հասարակությունում կարող է ավելի շատ դրական ընկալումներ ունենալ, քան բացարձակ դրականը»,- ասաց Նվարդ Մելքոնյանը՝ անդրադառնալով բացասական իմիջին:

Նա կարևորեց նաև ինքնաներկայացման առանձնահատկությունները՝ ինքնաճանաչումը, շրջապատի ուսումնասիրությունը, ասելիքի ու նպատակների հստակեցումն ու ձևակերպումը:

Դասախոսության ավարտին Նվարդ Մելքոնյանը խորհուրդ տվեց ներկաներին ուշադիր հետևել ընթացող քաղաքական իրադարձություններին և համեմատել անցած ակադեմիական գիտելիքները պրակտիկ դաշտում գոյություն ունեցող օրինակների հետ:

Մարի Ռաֆյան

Այլ նորություններ
ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆՔ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ԱՍՏՎԱԾԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՄԻՆՉԵՎ ՕՐՍ ՉԼՈՒՍԱԲԱՆՎԱԾ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԷՋԵՐԸ
Ֆակուլտետի անցյալի փակ դռները կօգնի բացել ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի հիմնադիր դասախոս Գևորգ Ղուշչյանը:
ԵՊՀ-ՈՒՄ ՆՇՎԵԼ Է ԲԱՐԵՐԱՐ ՄԿՐՏԻՉ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԻ 200-ԱՄՅԱԿԸ
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր տեղի ունեցավ Մկրտիչ Սանասարյանի ծննդյան 200-ամյակին նվիրված միջոցառում: