29.11.2017 | 
Մշակույթ
ՀՆՉԵՑԻՆ ՃԱՆԱՉՎԱԾ ՖԻԼՄԵՐԻ ՍԻՐՎԱԾ ԵՐԳԵՐԸ
ՀՆՉԵՑԻՆ ՃԱՆԱՉՎԱԾ ՖԻԼՄԵՐԻ ՍԻՐՎԱԾ ԵՐԳԵՐԸ
Նոյեմբերի 28-ին ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ «Ճանաչված ֆիլմերի սիրված երգեր» խորագրով ռետրո համերգը:

Պատեֆոն, ռադիո, երգեր, ճանաչված արտահայտություններ հին ու սիրված ֆիլմերից և ունկնդիրների համար թեյ՝ խորհրդանշական սպասքով. ահա այս միջավայրում էլ անցավ ռետրո համերգը, որը Մայր բուհի 100-ամյակին ընդառաջ կազմակերպվել էր ԵՊՀ մշակույթի կենտրոնի կողմից:

 

Ռետրո համերգի գաղափարը ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանինն է եղել, բեմադրող ռեժիսորը Մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանն է, իսկ իրականացնողները՝ կենտրոնի սաները: ԵՊՀ ռեկտորը հանդիսատեսի շարքերում էր, ներկա էին նաև ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, ԵՊՀ հրատարակչության տնօրեն Կարեն Գրիգորյանը, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղար Միքայել Մալխասյանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ և ուսանողներ:

 

 

Համերգի մեկնարկից առաջ ԵՊՀ պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը և Կարինե Դավթյանը պատվոգրեր հանձնեցին նոյեմբերի 15-ին ԵՊՀ մշակույթի կենտրոնի և  «Ֆոկուս» թիմի համատեղ կազմակերպած «IQ» մրցույթում բարձր արդյունքներ գրանցած մասնակիցներին՝ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի Նարե Բաղդասարյանին, Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ի կուրսի ուսանող Տիգրան Թումանյանին և Կենսաբանության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Վահե Մովսիսյանին:

 

Համերգի ընթացքում Մշակույթի կենտրոնի սաները ներկայացրին 1950-1970-ականների խորհրդային սիրված ֆիլմերի երգերը՝ զուգորդված պարային կատարումներով և թատերական բեմադրություններով:

 


Համերգային ծրագրի ավարտից հետո ԵՊՀ պրոռեկտորը հանդես եկավ համերգային ծրագիրը կատարելագործելու, այն հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրելու և ՌԴ քաղաքական ներկայացուցիչներին՝ ի դեմս դեսպանի, հրավիրելու առաջարկությամբ:

 

ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանն էլ խոստացավ, որ համերգային ծրագիրը կունենա նաև իր տրամաբանական շարունակությունը. «Կներկայացնենք ոչ միայն 1970-ական թվականներից հետո նկարահանված խորհրդային ֆիլմերի սիրված երգերը, այլև առանձին կանդրադառնանք խորհրդահայ ֆիլմերի երգերին»:

Այլ նորություններ
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ՀԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՐԱԶԸ
Դեկտեմբերի 6-ին ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ «Հին հայկական տարազը» թեմայով զրույց-դասախոսություն:
«ԵՎԱ» ՖԻԼՄԸ ՑՈՒՑԱԴՐՎԵՑ ՄԱՅՐ ԲՈՒՀՈՒՄ
Հոկտեմբերի 18-ին ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ «Եվա» ֆիլմի ցուցադրությունը: