15.06.2018 | 
Կրթություն
ԵՊՀ-ՈՒՄ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԱՇԽԱՏԵԼ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ՀԵՏ. «ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ» ԲԱԺԻՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է 2018-2019 ՈՒՍՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
ԵՊՀ-ՈՒՄ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԱՇԽԱՏԵԼ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ՀԵՏ. «ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ» ԲԱԺԻՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է 2018-2019 ՈՒՍՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության «Նախապատրաստական դասընթացներ» բաժինը կատարում է 2018-2019 ուստարվա դիմորդների ընդունելություն հանրակրթական բոլոր առարկաներից:

Դիմորդների համար կազմակերպվող դասընթացները կազմակերպվում և անցկացվում են ՀՀ բուհերի ընդունելության պահանջներին նախապես համապատասխանեցված ծրագրերով:

 

Մեզ հետ զրույցում ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության նախապատրաստական  դասընթացների բաժնի վարիչ Արշալույս Գալստյանն ասաց, որ դասընթացները վարում են համալսարանի առաջնակարգ և փորձառու դասախոսները. «Համապատասխան ամբիոնների փորձառու դասախոսներն են աշխատելու դիմորդների հետ, որոնք ծանոթ են քննական կարգին, այս կամ այն չափով մասնակցել են շտեմարանների կազմման աշխատանքներին և պատրաստ են իրենց փորձն ու գիտելիքը փոխանցել դիմորդներին»:

 

Ուսումնական տարվա ընթացքում ունկնդիրները պարբերաբար մասնակցելու են ընթացիկ ստուգումների, ինչը լրացուցիչ հնարավորություն է տալիս ունկնդիրների ծնողներին` հետևելու իրենց երեխաների պատրաստվածությանը:

 

Արշալույս Գալստյանն ասաց, որ նախապատրաստական դասընթացներն ավարտողները հաջողությամբ մասնակցում են պետական ավարտական և միասնական քննություններին, ստանում բարձր գնահատականներ. «Վերջին տարիներին ունկնդիրների ավելի քան 95 տոկոսն ընդունվել է ՀՀ տարբեր բուհերի առկա և հեռակա բաժիններ»:

 

Ի դեպ, նախորդ տարվանից սկսած՝ դասընթացներ են կազմակերպվում նաև արտասահմանյան քաղաքացիների համար: Դասընթացներին արդեն մասնակցել են դիմորդներ Սերբիայից, Սիրիայից, Իտալիայից, Իրանից, Վրաստանից և Չինաստանից և հաջողությամբ համալրել հայաստանյան բուհերի ուսանողների շարքերը:

 

Նախապատրաստական  դասընթացների բաժնի վարիչն ասաց, որ արտասահմանյան քաղաքացիները գրանցվելու համար պետք է ունենան նաև միջնակարգ կրթության վկայական, իսկ ՀՀ քաղաքացիները դասընթացներին մասնակցում են միջնակարգ կրթությանը զուգահեռ, նույնիսկ՝ երկրորդ կիսամյակից:

 

Տեղեկացնենք, որ 2018- 2019 ուստարվա դասընթացները սկսվելու են հոկտեմբերի 1-ից և ավարտվելու են  մայիսի 31-ին: Յուրաքանչյուր առարկայի ուսման վարձը 150 000 (հարյուր հիսուն հազար) դրամ է, որը վճարվելու է ուսումնական վարձի վճարման սկզբունքով՝ երկու կիսամյակում: Դասընթացներն անցկացվելու են ԵՊՀ 8-րդ մասնաշենքում: Արտասահմանյան քաղաքացիների համար դրանք կազմակերպվելու են առավոտյան, իսկ ՀՀ քաղաքացիների համար՝ ժամը 15:00-ից մինչև 18:00-ը:

 

2018-2019 ուստարվա ունկնդիրների գործերն ընդունվում են հունիսի 1-ից սեպտեմբերի 30-ը՝ ժամը 10.00-ից 17.00-ը: Դիմորդները պետք է ներկայացնեն 1 լուսանկար և ծննդյան վկայականի (անձնագրի) պատճենը:  

 

Դիմել` Աբովյան 52ա, 115 սեն. (Հայ բանասիրության ֆակուլտետի մասնաշենք, 1-ին հարկ), հեռ.՝ 060 71 06 79, 096 71 06 79:

 

Քնար Միսակյան

 

Այլ նորություններ
ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱՅԻ ԵՎ ԿԻՐԱՌԱԿԱՆ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ ՍՏԱՑԱՆ ԻՐԵՆՑ ԴԻՊԼՈՄՆԵՐԸ
ԵՊՀ մեծ դահլիճում այսօր տեղի ունեցավ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանողների դիպլոմների հանձման հանդիսավոր արարողությունը:
ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ՝ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՆՈՐԱՐԱՐ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Այսօր տեղի ունեցավ «Աջակցություն ուսմանը՝ ապագայի ներդրում» խորագրով ծրագրի արդյունքների ամփոփիչ միջոցառումը, որն իրականացվում էր ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ու «ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամի հետ: