14.05.2019 | 
Կրթություն
«ՀԱՅ ՍՈՑԻՈԼՈԳԻԱԿԱՆ ՄՏՔԻ ԱՆԹՈԼՈԳԻԱ» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ․ ՍՈՑԻՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԺԵՔԱՎՈՐ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ` ՆՎԻՐՎԱԾ ԵՊՀ 100-ԱՄՅԱԿԻՆ
«ՀԱՅ ՍՈՑԻՈԼՈԳԻԱԿԱՆ ՄՏՔԻ ԱՆԹՈԼՈԳԻԱ» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ․ ՍՈՑԻՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԺԵՔԱՎՈՐ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ` ՆՎԻՐՎԱԾ ԵՊՀ 100-ԱՄՅԱԿԻՆ
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ «Հայ սոցիոլոգիական մտքի անթոլոգիա» գրքի շնորհանդեսը, որը նվիրվում է Երևանի պետական համալսարանի 100-ամյա հոբելյանին:

Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ տարբեր ֆակուլտետների դեկաններ, ստորաբաժանումների ղեկավարներ, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ և ուսանողներ:

 

«Հայ սոցիոլոգիական մտքի անթոլոգիա»-ն ամփոփում է հայազգի հասարակագետների՝ հայ սոցիոլոգիայի կայացման և զարգացման շրջանում (19-րդ դարի կեսերից մինչև մեր օրերը) հրատարակված սոցիոլոգիական ժառանգությունը:

 

Ընթերցողի ուշադրությանն է ներկայացված 1867-2018 թվականներին հրատարակված 80 հայազգի հեղինակների մենագրություններից, գիտական և հրապարակախոսական հոդվածներից, ակնարկներից և էսսեներից հատընտիր քաղվածքներ, որոնք պարունակում են սոցիոլոգիական տեսական հարցադրումներ և վերլուծություններ, մեթոդական լուծումներ և սոցիալական տեխնոլոգիաների ներդրման հարցեր, ազգային ինքնության և պատմական հիշողության հիմնահարցեր:

 

Աշխատանքը կազմել են ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան, փիլ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Արթուր Մկրտիչյանը և Սոցիոլոգիայի տեսության և պատմության ամբիոնի վարիչ, սոց. գիտ. թեկնածու, դոցենտ Հարություն Վերմիշյանը:

 

Արթուր Մկրտիչյանի խոսքով, այս գրքի շնորհանդեսը շատ սպասելի իրադարձություն է Սոցիոլոգիայի ֆակուլտետի համար, քանի որ հաջողվել է ստեղծել մի անթոլոգիա, որն իր մեջ պարունակում է հայ սոցիոլոգիական մտքի զարգացման արտացոլումը՝ սկսած 19-րդ դարի կեսերից մինչև մեր օրերը: «Գրքում ներառված են 80 հայազգի հեղինակներ, որոնք ներկայացնում են 7 երկրներ՝ Հայաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իրան և այլն: Հույս ունեմ, որ այս անթոլոգիան կարևոր հանգրվան կլինի ոչ միայն սոցիոլոգիայի, այլ հասարակագիտության զարգացման համար»,- հավելեց Սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկանը:

 

Անթոլոգիայում ներկայացված են վերջին տասնհինգ տարիների ընթացքում ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետում իրականացվող հայ սոցիոլոգիական մտքի պատմության հետազոտությունների արդյունքները:

 

Արթուր Մկրտիչյանը շնորհակալություն հայտնեց ԵՊՀ ղեկավարությանը՝ գրքի հրատարակությանն աջակցելու համար:

 

 

Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ  Յուլիանա Մելքումյանը նշեց, որ այս անթոլոգիայում ներառված են սոցիոլոգիական մտքի ամենաարժեքավոր հոդվածները: «Գրքում ընդգրկված են մի շարք հեղինակների՝ Միքայել Նալբանդյանի, Լևոն Շանթի հոդվածներից քաղվածքներ, որոնց մենք սովորաբար չենք դիտարկում որպես սոցիոլոգիական մտքի ներկայացուցիչների, բայց այս գրքի շնորհիվ մեր հանրությունը հնարավորություն կունենա ծանոթանալու հայկական սոցիոլոգիական մտքին»,- հավելեց նա:

 

Նրա խոսքով, «Հայ սոցիոլոգիական մտքի անթոլոգիա»-ում ներառված են տարբեր երկրներից հայազգի հեղինակների յուրօրինակ միտքն ընդգծող հատվածներ, ներկայացված են հեղինակների վերաբերյալ կենսագրական տեղեկություններ: Կատարվել են նոր թարգմանություններ ռուսերենից, անգլերենից և ֆրանսերենից:

 

Յուլիանա Մելքումյանը ընդգծեց, որ գիրքը նախատեսված է սոցիոլոգիայի, հայ սոցիոլոգիայի պատմությունն ուսումնասիրող, դրանով հետաքրքրվող մասնագետների, ուսանողների և հանրության լայն շրջանակների համար:

 

Նադեժդա Տեր-Աբրահամյան 

 

 

 

Այլ նորություններ
«ՎԱՐՉԱԳՈՐԾԱՐԱՐԱԿԱՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ». ՆՈՐ ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ՝ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԼԵԶՈՒՆԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոնում ուսանողներն այսուհետ հնարավորություն կունենան ուսանելու «Վարչագործարարական թարգմանություն» մագիստրոսական ծրագրում:
ԵՊՀ-Ի ԵՎ ՉԻՆԱՍՏԱՆԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՄՐԱՊՆԴՎՈՒՄ Է
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի չինագիտության կենտրոնում այսօր դասախոսություններով հանդես եկան Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի գիտաշխատողներ Լի Սյան, Յույ Խունլյանը, Տան Չժի Ցաոն և Խուան Յունգուանը: