18.11.2019 | 
Հասարակություն
«ԱՐՑԱԽԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ» ԿԱՅՔԻ ՆՊԱՏԱԿԸ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ ԱՐՑԱԽՆ ԱՇԽԱՐՀԻՆ ՃԱՆԱՉԵԼԻ ԴԱՐՁՆԵԼՆ Է
«ԱՐՑԱԽԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ» ԿԱՅՔԻ ՆՊԱՏԱԿԸ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ ԱՐՑԱԽՆ ԱՇԽԱՐՀԻՆ ՃԱՆԱՉԵԼԻ ԴԱՐՁՆԵԼՆ Է
ԵՊՀ գրադարանի մասնաշենքի «Հովհաննես Ադամյան» սրահում այսօր «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպության անդամներն «Արցախի էլեկտրոնային գրադարան»-ի հանրայնացման նպատակով հանդիպել են ԵՊՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողների հետ:

Նշենք, որ «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում»  հասարակական կազմակերպությունն ամիսներ առաջ մասնակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հայտարարած դրամաշնորհային մրցույթին, հաղթող ճանաչվել և իրավունք ստացել Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների ուսումնական հաստատություններում իրականացնելու ««Արցախի էլեկտրոնային գրադարան» կայքի հանրայնացում» ծրագիրը:

 

Ծրագրի նպատակն է ճանաչողական հանդիպումների միջոցով ուսումնական գործընթացի շահակիցներին իրազեկել ԱԵԳՄՄ-ի արդյունավետ նախագծերից մեկի՝ «Արցախի էլեկտրոնային գրադարան»-ի մասին, ծանոթացնել կայքէջի մեդիա հնարավորություններին, ինչպես նաև լսել առաջարկություններ սպասարկման աշխատանքների բարելավման ու շտեմարանի հարստացման վերաբերյալ:

 

Նպատակային առաջին հանդիպումը կազմակերպվեց ԵՊՀ-ում, որը, ըստ  ԱԵԳՄՄ-ի  նախագահ Ավետիք Հարությունյանի, պատահական չէր ընտրված:

 

«Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորման հիմնադրման օրվանից անցել է մոտ 5 տարի, և այդ ժամանակահատվածում կազմակերպության և ԵՊՀ-ի միջև ձևավորվել են սերտ հարաբերություններ, որոնց հիմքում ընկած են Հայաստանի Մայր բուհի աջակցությունը և գործնական հոգածությունը»,- ընդգծեց ԱԵԳՄՄ-ի նախագահը:

 

Հանդիպմանը ներկա էին ԵՊՀ միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը, ԵՊՀ  Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվ. գրադարանի տնօրեն Եզնիկ Միրզոյանը, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողներ:

 

Կարևորելով հանդիպման նպատակը՝ ԵՊՀ միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը նշեց, որ սա ԵՊՀ ուսանողների համար լավ հնարավորություն է ծանոթանալու «Արցախի էլեկտրոնային գրադարան» կայքին և դրա գործառության սահմաններին:

 

Ա. Հարությունյանը մասնակիցներին ներկայացրեց էլեկտրոնային գրադարանի կառուցվածքը, հնարավորությունները, խոսեց կայքէջի մեդիա հնարավորությունների մասին:  

 

«Կայքն ընդգրկում է հասարակական և հումանիտար, բնական և տեխնիկական գիտությունների, ինչպես նաև այլ (կրոն, բառարաններ, մոտիվացիա) նյութերի և հոդվածների հսկայածավալ տեղեկատվություն, այն նաև կազմակերպության կողմից իրականացվող և Արցախում տեղի ունեցող գիտակրթական իրադարձությունների, միջոցառումների լուսաբանման և տեղեկատվության տարածման աղբյուր է»,- իրազեկեց Ա. Հարությունյանը:

 

Վերջինս նաև նշեց, որ կայքում լուրերն ու տեղեկությունները ներկայացված են եռալեզու (հայերեն, ռուսերեն, անգլերեն) տարբերակով, տեսանելի են ամենադիտված նյութերը և վերջին նորությունները, իսկ կայքում առկա  գրականության ներբեռնումը բացառապես անվճար է:

 

««Արցախի էլեկտրոնային գրադարան»-ի շտեմարանում մինչև այժմ տեղադրվել է 2.400-ից ավելի հեղինակների մոտ 5.000 նյութ: Կայքի մոտ 45.000 այցելուների կողմից թեմատիկ էջերը դիտվել են ավելի քան 160.000 անգամ, ինչը լավ ցուցանիշ է նորաստեղծ գրադարանի համար»,- տեղեկացրեց Ավետիք Հարությունյանը:

 

Հարկ է նշել, որ կարևորագույն գործառույթը, որով առաջնորդվում է «Արցախի էլեկտրոնային գրադարան» կայքը, գիտության դիվանագիտության միջոցով Արցախն աշխարհին ճանաչելի դարձնելն է:

 

«Որքան էլ որ Արցախը Հայաստանի անբաժանելի մասն է, և դրանում այլակարծություն լինել չի կարող, այնուհանդերձ Արցախը միջազգայնորեն դեռևս ճանաչված չէ, և մեր նպատակն է, որ օտարերկրացիներն Արցախը միայն հակամարտության, պատերազմի և նմանօրինակ տերմինների հետ չզուգորդեն, այլ հասկանան մի վայր, որտեղ ստեղծվել է առաջին դպրոցը, որտեղ աշխարհում առաջին անգամ գրված սահմանադրություն ենք ունեցել, և գիտակրթական հարթության վրա ներկայացնենք մեծ Հայաստանի գողտրիկ անկյունը»,- ասաց ԱԵԳՄՄ-ի նախագահը:

 

Կայքի հանրայնացման գաղափարի համար կազմակերպիչներն ընտրել են «Արցախն ամենուր» կարգախոսը:

 

«Էլեկտրոնային գրադարանը կազմակերպության նախագծերից  մեկն է, որից զատ՝ իրականացվում են նաև միջազգային գիտաժողով «Հայոց պետականության անցյալը, ներկան ու ապագան» խորագրով և «Գիտական Արցախ» պարբերականի լուսընծայում»,- հավելեց Ավետիք Հարությունյանը:




Խոսելով «Արցախի էլեկտրոնային գրադարան» կայքի ստեղծման անհրաժեշտության և նպատակների մասին՝ Ա. Հարությունյանը նշեց. ««Արցախի էլեկտրոնային գրադարան» ստեղծելու անհրաժեշտությունը բացահայտելու և կարիքները գնահատելու նպատակով մենք Արցախում, Հայաստանում և նրա սահմաններից դուրս ապրող 511 քաղաքացիների շրջանում անցկացրել ենք սոցիոլոգիական հարցում, ըստ որի՝  հարցմանը մասնակցած մարդկանց մեծամասնությունը նշել է, որ Արցախի վերաբերյալ գիտական նյութերը բավարար չեն»:

 

Նշենք, որ «Արցախի էլեկտրոնային գրադարան» կայքի հանրայնացման նպատակով ուսումնական հաստատությունների տարածքներում կփակցվեն ԱԷԳ-ից օգտվելու տեղեկատվական պաստառներ, իսկ շնորհանդեսի մասնակիցներին կտրամադրվեն «Արցախի էլեկտրոնային գրադարան. Արցախն ամենուր» կարգախոսով հատուկ ձևավորված նոթատետրեր և գրիչներ:


Անգին Խաչատրյան

 

 

Այլ նորություններ
ԴԱՇՏԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ. ԳԻՏԱՐՇԱՎ ԴԵՊԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ԴԵՆԴՐՈԱՅԳԻ
Կենսաբանության ֆակուլտետի կենդանաբանության ամբիոնին կից գործող «Բնության հետքերով» ակումբը դաշտային աշխատանքներ իրականացնելու նպատակով կազմակերպել էր գիտարշավ դեպի Ստեփանավանի դենդրոայգի:
«ՄԵԶ ՀԱՄԱՐ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է ԱՅՆ ԳԱՂԱՓԱՐԸ, ԸՍՏ ՈՐԻ՝ ՊԵՏՔ Է ՍՏԵՂԾՎԻ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑ՝ ԱՆՎԱՆԱՊԵՍ ՈՒԽ, ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՄԲ՝ ՈՒԳԸ». ՎԱՆԱՏՈՒՐ ՇԵՐԵՆՑ
ԵՊՀ ուսանողական գիտական ընկերությունը «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ հանդես է եկել առաջարկությամբ՝ հորդորելով փոփոխությունների ենթարկել մի շարք դրույթներ, որոնք, իրենց կարծիքով, խնդրահարույց են: Առաջարկությունների վերաբերյալ զրուցել ենք ԵՊՀ ՈՒԳԸ նախագահ Վանատուր Շերենցի հետ: