21.02.2019 | 
Կրթություն
ԵՊՀ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԴԱՍԱԽՈՍՆԵՐՆ ԻՐԵՆՑ ՍՏԱՑԱԾ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ ՓՈԽԱՆՑՈՒՄ ԵՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻՆ
ԵՊՀ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԴԱՍԱԽՈՍՆԵՐՆ ԻՐԵՆՑ ՍՏԱՑԱԾ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ ՓՈԽԱՆՑՈՒՄ ԵՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻՆ
ԵՊՀ աշխատակիցները դեկտեմբերի 3-ից 7-ը Շվեդիայի Լինշյոպինգի համալսարանում մասնակցել են «Ակտիվ ուսուցում շրջված լսարանում» վերապատրաստման դասընթացին և այժմ վերապատրաստում են իրենց գործընկերներին:

«PRINTeL» նախագծի շրջանակում 5 տարբեր բուհերում վերապատրաստման դասընթաց են անցել ԵՊՀ 15 դասախոս։ «Ակտիվ ուսուցում շրջված լսարանում» վերապատրաստման դասընթացին մասնակցել են ԵՊՀ գիտական քարտուղար, քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դոցենտ Մենուա Սողոմոնյանը, Սերվիսի ամբիոնի վարիչի պաշտոնակատար Գոռ Ալեքսանյանը և Փիլիսփայության պատմության ամբիոնի դոցենտ Սերոբ Խաչատրյանը: 


Պարոն Սողոմոնյանը նշեց, որ դասընթացի նպատակն է եղել վերապատրաստել իրենց որպես վերապատրաստողների, որպեսզի իրենք մեթոդական աջակցություն ցուցաբերեն ԵՊՀ դասախոսներին։ Ըստ այս ծրագրի՝ ԵՊՀ դասախոսները պետք է վերափոխեն իրենց ծրագրերը՝ դրանց մեջ ներդնելով ակտիվ ուսուցման տարրը «Շրջված լսարանում», այսինքն՝ դասավանդեն ավելի նորարարական, թվային մեթոդներով։ Նա նաև ասաց, որ ակտիվ ուսուցումն ուսումնառության կազմակերպման մոտեցում է, երբ ուսանողը միայն պասիվ լսող չէ։


Պարոն Սողոմոնյանը խոսեց նաև «Շրջված լսարանի» գաղափարի մասին և բացատրեց, որ դրա հիմանական էությունը դասընթացի գործնական մասը լսարանում անցկացնելու մեջ է։

«Մինչև ուսումնական գործընթացի սկսկելը՝ ուսանողին պետք է տրվի գիտելիքի տեսական մասը, իսկ լսարանում դասաժամանակը պետք է օգտագործվի գործնական հատվածն իրականացնելու համար։ Հանձնարարություն կատարելն ավելի դժվար է, հետևապես դասախոսը պետք է օգնի ուսանողին՝ հանձնարարությունները կատարելու ժամանակ»,- ասաց Մենուա Սողոմոնյանը։

Վերապատրաստող խմբի կողմից կազմակերպված դասընթացներին մասնակցող դասախոսները պետք է իրենց ստացած գիտելիքների, նորամուծությունների հիման վրա փորձեն վերափոխել դասավանդվող առարկայի ծրագրերը։

Մ. Սողոմոնյանն ասաց, որ այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստում քննարկվել է նաև Հետբուհական լրացուցիչ կրթության վարչության եռամյա գործունեության ծրագիրը, որտեղ նշվել է, որ այս ու մյուս դասընթացները ներդրվելու են հետբուհական լրացուցիչ կրթության ծրագրում, այսինքն`լինելու են շարունակական։

Պարոն Սողոմոնյանի ելույթից հետո դասախոսները իրենց հուզող հարցերը տվեցին բանախոսին, այնուհետև ստացան ակտիվ ուսուցմանը վերաբերող առաջադրանքներ ու անցան դրանց կատարմանը։

Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքական գիտության պատմության և տեսության ամբիոնի դասախոս Առնակ Սարգսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իր լսարանում կիրառել է «Խճանկարի» մեթոդը, որը բավականին արդյունավետ է ու հնարավորություն է տալիս մի քանի դասաժամում ներկայացնող թեման բացատրելու մեկ դասաժամի ընթացքում։

«Նման դասավանդումը ուսանողներին դուր եկավ։ Արձագանքը շատ դրական էր։ Պատրաստվում եմ կիրառել այս մեթոդը  ևս մի քանի թեմա ներկայացնելիս»,- ասաց նա։

 

Մարինա Առաքելյան

Այլ նորություններ
ՔՆՆԱՐԿԵԼ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԽԹԱՆԵԼ ԴՐԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱՎԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ. ԵՌՕՐՅԱ ԴՊՐՈՑ՝ ԴԻԼԻՋԱՆՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի, ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի և «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ի համատեղ նախաձեռնությամբ հոկտեմբերի 11-13-ը Դիլիջան քաղաքում կազմակերպվել է արդեն ավանդական դարձած «Փախստականների իրավունք» խորագրով 9-րդ դպրոցը:
«ՆՊԱՏԱԿԸ ՏԵՍԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԾԵԼՆ Է»․ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԱՅՑԸ ԵՐԵՎԱՆԻ «ԱՐԱՐԱՏ» ԿՈՆՅԱԿԻ-ԳԻՆՈՒ-ՕՂՈՒ ԿՈՄԲԻՆԱՏ
Արդեն չորրորդ տարին է, ինչ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի կառավարման և գործարարության ամբիոնը նախաձեռնում է արտալսարանային դասեր, որոնք, տեսական գիտելիքներից բացի, նաև գործնական հմտություններ ձեռքբերելու հնարավորություն են տալիս: Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողներն այսօր նմանօրինակ դաս են ունեցել Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատում: