22.02.2019 | 
Կրթություն
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՆՈՐ ԾՐԱԳԻՐԸ
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՆՈՐ ԾՐԱԳԻՐԸ
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի Կոնֆերենց դահլիճում այսօր Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) ներկայացուցիչները պրոֆեսորադասախոսական կազմին, ասպիրանտներին և ուսանողներին ներկայացրեցին Հեռանկարային լուծումների կենտրոնի (ASCENT) նոր ծրագիրը:

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի հաղորդակցության և  սոցիալական մեդիայի մասնագետ Արմինե Պետրոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Հեռանկարային լուծումների կենտրոնը, որը ստեղծվել է «FAST»-ի նախաձեռնությամբ, հիմնադրվել է որպես գիտահեն կազմակերպությունների ստեղծման և զարգացման բազմաֆունկցիոնալ հարթակ:

 

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի ավագ վերլուծաբան Հովակիմ Զաքարյանն ասաց, որ ծրագրի նոր փուլը ներառելու է կենսագիտության ոլորտը՝ մասնավորապես մոլեկուլային կենսաբանություն, մանրէաբանություն, կենսաքիմիա, կենսատեխնոլոգիա, հաշվողական կենսաբանություն, դեղագիտություն և բժշկական կենսաբանություն:

 

Հ. Զաքարյանի խոսքով, Հեռանկարային լուծումների կենտրոնում առկա են թափուր աշխատատեղեր ավագ հետազոտողի և հետազոտողի համար, որոնք կատարելու են մեծածավալ հետազոտություններ կենսագիտության ոլորտում և ստեղծելու են նորարարական լուծումներ առևտրայնացվող գաղափարների մշակման համար:

 

Ընտրված հայտատուներն այս տարվա հունիսից միանալու են «FAST»-ի համահիմնադիր Նուբար Աֆեյանի կողմից  ստեղծված «Ֆլեգշիփ Փիոնիրինգի» թիմին և 24 շաբաթյա ուսումնական ծրագրի շրջանակում վերապատրաստվելու են Բոստոնում գտնվող «Ֆլեգշիփ Փիոնիրինգի» գրասենյակում:

 

 

Նշենք, որ փաստաթղթերը ներկայացնելուց հետո սկսվելու է ընտրության փուլը.  սկզբնական շրջանում ներկայացվելու են պահանջվող բոլոր փաստաթղթերը, այնուհետև հիմնադրամի աշխատակիցները նախնական ուսումնասիրություն են իրականացնում, որից հետո ընտրված փաստաթղթերն ուղարկվում են մասնագիտական հանձնաժողովին, որն էլ իր հերթին կուսումնասիրի և ընտրված մասնակիցներին կհրավիրի հարցազրույցի: Հարցազրույցից կարճ ժամանակ հետո կտրվի պատասխան:

 

Այնուհետև Արմինե Պետրոսյանը ներկայացրեց «FAST» հիմնադրամի գործունեությունը, դրա նպատակները, սկզբունքները, խոսեց իրականացվող աշխատանքների և հիմնադրամի գործընկերների մասին:

 

Ա. Պետրոսյանը նաև խոսեց հիմնադրամի կրթաթոշակային ծրագրերի մանրամասների մասին: Նա նշեց, որ ծրագրի նպատակն է աջակցել ազգությամբ հայ կամ ՀՀ քաղաքացի հանդիսացող տաղանդավոր այն ասպիրանտներին և ուսանողներին, որոնք  ցանկություն ունեն Հայաստանի առաջատար բուհերում բնական գիտությունների, տեղեկատվական տեխնոլոգիաների, ճարտարագիտության և մաթեմատիկայի (STEM) բնագավառներում իրականացնելու գիտությունների թեկնածուի աստիճանի ձեռքբերմանն ուղղված հետազոտություններ:

 

Նշենք, որ հանդիպման ընթացքում հիմնադրամի ներկայացուցիչները պատասխանեցին ներկաների հարցերին:

Տեղեկացնենք նաև, որ հիմնադրամի կրթաթոշակային ծրագրին առավել մանրամասն ծանոթանալու և դիմելու համար կարող եք այցելել հիմնադրամի պաշտոնական կայք կամ անցնել հետևյալ հղմամբ:

 

Նադեժդա Տեր-Աբրահամյան

 

 

 

 

Այլ նորություններ
ԹՅՈՒՐՔԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆԻ ՄԱԳԻՍՏՐՈՍՆԵՐԸ ՍԵՎԱՆԱՎԱՆՔՈՒՄ ՍՏԱՑԱՆ ԻՐԵՆՑ ԴԻՊԼՈՄՆԵՐԸ
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության ամբիոնի մագիստրատուրայի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Սևանավանքում:
ՌՈՒՍ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ ՍՏԱՑԱՆ ԻՐԵՆՑ ԴԻՊԼՈՄՆԵՐԸ
Երևանի պետական համալսարանի Ե․ Չարենցի անվան լսարանում այսօր տեղի ունեցավ Ռուս բանասիրության ֆակուլտետի մագիստրատուրայի և բակալավրիատի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը։