«Լույսը խավարում» վերտառությամբ պատկերագրքում՝ լուսանկարների կողքին, տեղ են գտել նաև ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողուհի Մերի Բադալյանի և Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողուհի Գայանե Թադևոսյանի ստեղծագործությունները՝ պատմվածքներ և բանաստեղծություններ: Պատկերագիրք ստեղծելու գաղափարը ծնվել է այն ժամանակ, երբ ԵՊՀ-ում ցուցադրվում էին Գաբրիել Փանոսյանի լուսանկարները:
Գրքի ծնունդը շնորհավորելու էին եկել ՀՀ Սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանը, ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, դասախոսներ, ուսանողներ և ուրիշներ:
««Լույսը խավարում» գիրքը պատահական մտահղացում չէ: Այս գիրքն այսօր վկայում է այն մասին, որ Գաբրիել Փանոսյանն ունի յուրահատուկ լուսանկարչական տեսողություն, սա պարզապես խավարի մեջ լույսը և լույսի շարժումը տեսնելու կարողություն չէ. հեղինակի յուրաքանչյուր լուսանկարում առկա է անհատական մոտեցում: Նայելով լուսանկարներին և ընթերցելով դրանց ուղեկցող ստեղծագործությունները՝ պարզ է դառնում գրքի առաքելությունը՝ հայտնաբերել մարդու մեջ ծվարած բանաստեղծական տաղանդը: Գիրքն այս առումով յուրահատուկ ազդակ է»,- նշեց Սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանը:
Պատկերագրքի համահեղինակներ Մերի Բադալյանը և Գայանե Թադևոսյանը, լուսանկարներից ոգեշնչված, գրել են ստեղծագործություններ սիրային, խոհափիլիսոփայական, սոցիալական, բարոյահոգեբանական և այլ թեմաներով: Երիտասարդ ստեղծագործողները վստահ են՝ այս գիրքը նրանց համար նորանոր դռներ է բացելու, ինչպես նաև ստեղծագործելու խթան է լինելու: Թեև ԵՊՀ ուսանողներն իրենց գրողներ չեն համարում, սակայն վստահ են՝ դրանք ընթերցողին մտորելու տեղիք կտան:
«Պատկերագիրքը կազմվել է նոր ձևաչափով. արդեն փորձառու լուսանկարչի աշխատանքների կողքին տեղ են գտել իրենց ճանապարհը նոր-նոր հարթող տաղանդաշատ ուսանողների ստեղծագործությունները: Մերին և Գայանեն, ուսանելով Մայր բուհում, նաև ԵՊՀ մշակույթի կենտրոնի սաներ են, և նրանց միտքը հարստացել, զարգացել է նաև համալսարանական մշակութային կյանքին մասնակցելու շնորհիվ»,- ասաց ԵՊՀ պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը:
Միջոցառման ավարտին ելույթ ունեցավ նաև ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը: Կարևորելով գրքի ծնունդը՝ նա նշեց, որ համալսարանական մշակութային կառույցը մշակութային զարգացման և ինքնադրսևորման հարթակ է. «Շնորհավորում եմ գրքի հեղինակներին և համոզված եմ, որ այն հետաքրքրելու է ընթերցող լայն հասարակությանը: Այս գրքում տեղ գտած յուրաքանչյուր նկար և ստեղծագործություն իր պատմությունն ունի»:
Տեղեկացնենք նաև, որ շնորհանդեսի ընթացքում հնչեցին հատվածներ պատկերագրքում ընդգրկված ստեղծագործություններից, երաժշտական կատարումներով հանդես եկան ԵՊՀ մշակույթի կենտրոնի սաները և ուրիշներ: