14.03.2019 | 
Հասարակություն
ԺՈՂՈՎՐԴԻՆ ԻՆՔՆԱՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՈՒՂԻՂ ՃԱՆԱՊԱՐՀԸ ԿՐԹՈՒԹՅՈՒՆՆ Է. ԵՊՀ-ՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ
ԺՈՂՈՎՐԴԻՆ ԻՆՔՆԱՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՈՒՂԻՂ ՃԱՆԱՊԱՐՀԸ ԿՐԹՈՒԹՅՈՒՆՆ Է. ԵՊՀ-ՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ «Կրթամշակութային կյանքը Հայաստանի առաջին Հանրապետության տարիներին» ժողովածուի շնորհանդեսը:

Ժողովածուն իր մեջ ներառում է ԵՊՀ-ի, Համազգային հայ կրթական և մշակութային միության և ՀՀ ԳԱԱ նախաձեռնությամբ 2018 թ. մայիսի 15-16-ին տեղի ունեցած «Կրթամշակութային կյանքը Հայաստանի առաջին Հանրապետության տարիներին» գիտաժողովի նյութերը:

Բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիոմյանը:

Ռեկտորն իր խոսքում անդրադարձավ Հայաստանի առաջին Հանրապետության գոյության ծանր պայմաններում մշակութային կյանքի կազմակերպման դժվարություններին:

«Երբ նախատեսում էինք այս թեմայով գիտաժողով կազմակերպել, կասկածներ ունեինք, որ չենք կարողանա թեմային համապատասխան նյութեր գտնել, քանի որ սովի, ֆինանսական սղության և տնտեսական ծանր պայմաններում Առաջին Հանրապետության իշխանությունների համար պետք է որ դժվար լիներ ժամանակ և ուժ գտնել՝ կրթամշակութային կյանքն ապահովելու համար»,- նշեց Արամ Սիմոնյանը:

Արամ Սիոմյանի խոսքով, այդ կասկածները փարատվեցին, երբ մասնագետները ներկայացրին մեծաթիվ աշխատանքներ, որոնք վերաբերում էին Առաջին Հանրապետության կրթամշակութային հարցերին:

«Գիտաժողովի արդյունքներից շատ գոհ լինելով՝ որոշեցինք գիտաժողովի նյութերը հրատարակել, վստահ լինելով, որ այստեղ ներառված հոդվածները նոր խոսք են տվյալ թեմայի վերաբերյալ և կարող են հարուստ հիմք լինել հետագա ուսումնասիրությունների համար»:

ԵՊՀ ռեկտորը բարձր գնահատեց Առաջին Հանրապետության իշխանության այն ջանքերը, որոնց շնորհիվ, չնայած դժնդակ պայմաններին, ստեղծվեցին Ազգային գրադարանը, թատրոնը, բազմաթիվ թանգարաններ, բացի դրանից՝  հենց այդ ժամանակ Առաջին Հանրապետության կենսագրությունը հարստացավ ԵՊՀ-ի հիմնադրմամբ:

 

«Շնորհիվ Առաջին հանրապետության իշխանության ջանքերի՝ սկիզբ դրվեցին համընդհանուր կրթության գաղափարի, կրթամշակութային կյանքի ստեղծմանը, որն իհարկե որոշակի վերապահումներով և շեղումներով շարունակվեց նաև Խորհրդային Միությունում»,- նշեց ռեկտոր Արամ Սիմոնյանը՝ շնորհակալություն հայտնելով Համազգային հայ կրթական և մշակութային միությանը և ՀՀ ԳԱԱ-ի գործընկերներին համագործակցության և ցուցաբերած աշխատանքի համար:

Ելույթով հանդես եկավ նաև Համազգային հայ կրթական և մշակութային հիմնադրամի տնօրեն Ռուզան Առաքելյանը, որն իր խոսքում առանձնահատուկ շեշտեց կրթության դերը ժողովրդի ինքնավստահության հարցում:

«Այս գիրքը մեզ համար շատ կարևոր ուղերձ ունի. Առաջին Հանրապետություն կերտող այրերն ունեին մեկ համոզմունք՝ ժողովրդին կարելի է ինքնավստահություն փոխանցել մշակութային և կրթական օջախներ ստեղծելու միջոցով»- ասաց Ռուզան Առաքելյանը:

Ըստ նրա՝ երկրում կրթամշակութային մթնոլորտի ստեղծման վառ ապացույցն է նաև ԵՊՀ-ի ստեղծումը, որն այս տարի նշում է իր հիմնադրման 100-ամյակը:

Ելույթով հանդես նաև ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, որը նախ ֆակուլտետի անունից շնորհակալություն հայտնեց նախաձեռնության համար և շնորհավորեց բոլորին գրքի հրատարակման առթիվ:

 

«Այս գրքի ամենակարևոր արժանիքներից մեկն էլ թերևս այն է, որ առաջին անգամ հանգամանորեն և գիտական մոտեցմամբ համակողմանի ներկայացվեցին Առաջին Հանրապետության կրթամշակութային կյանքի և գործունեության տարբեր ոլորտները»,- հավելեց Էդիկ Մինասյանը:

Ըստ Էդիկ Մինասյանի՝ ժողովածուն արժեքավոր աշխատանք է, որը պետք է դառնա ուսանողի սեղանի գրքերից մեկը:

«Ուսումնասիրված արխիվային նյութերը ցույց են տալիս, որ մեծ խիզախում է եղել այդ պայմաններում գիտամշակութային կյանքով ապրելը: Մեծ խիզախում է եղել նաև ԵՊՀ-ի հիմնադրումը, որը կարևորագույն երևույթ է մեր պատմության մեջ»,-փաստեց Էդիկ Մինասյանը՝ հավելով, որ հերոսներ էին նաև այն դասախոսները, որոնք թողնում էին արտասահմանյան փափուկ կյանքն ու գալիս էին հայրենիք՝ ծանր պայմաններում դասավանդելու համար:

Այլ նորություններ
ԵՊՀ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԵՐԵՔ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ՝ «ԼՐԱԳՐՈՂԱԿԱՆ ՄԵՆԱՄԱՐՏ» ՀԵՌՈՒՍՏԱՆԱԽԱԳԾԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի երեք ուսանողներ՝ Աննա Կոստանյանը, Էլեն Աղաջանյանը (4-րդ կուրս) և Ռիմա Գրիգորյանը (2-րդ կուրս), մասնակցել են Եվրոպական միության կողմից համաֆինանսավորվող «Տեղեկատվության մատչելիություն և հետաքննական լրագրություն առավել իրազեկված քաղաքացիների համար» ծրագրի շրջանակում իրականացվող «Լրագրողական մենամարտ» հեռուստանախագծին և հասել մինչև եզրափակիչ:
ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ, ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՀՆԱՐԱՎՈՐ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում «Մեդիա կենտրոն»-ի նախաձեռնությամբ անցկացվեց «Բարձրագույն կրթության հիմնախնդիրները, առկա մարտահրավերներն ու դրանց հնարավոր լուծումները բարձրագույն կրթության զարգացման ռազմավարությունում» թեմայով քննարկում: