20.03.2017 | 
Գիտություն
ԵՊՀ-ԱԿԱՆՆԵՐԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՆԱԱԿՏԻՎ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ
ԵՊՀ-ԱԿԱՆՆԵՐԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՆԱԱԿՏԻՎ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ
Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շահառուների շուրջ ¼-ը ԵՊՀ մասնագետներն են, իսկ համակարգողների մեծ մասը՝ ԵՊՀ շրջանավարտներ:

Օրերս ՀՀ նախագահին ներկայացվեցին արդեն 5 տարի գործող ծրագրի արդյունքներն ու նվաճումները, իսկ այն իրականացրած երիտասարդները պարգևատրվեցին նախագահի շնորհակալագրով: Ծրագրի ղեկավար կազմի պարգևատրված անդամներից 3-ն այս պահին աշխատում և գիտական գործունեություն են ծավալում ԵՊՀ-ում:

 

ԵՊՀ-ից ՀՀ նախագահի շնորհակալագրով պարգևատրվել են Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանը, ով նաև ծրագրի ղեկավար մարմնի պատասխանատու քարտուղարն է, Կենսաբանության ֆակուլտետի կենդանաբանության ամբիոնի գիտաշխատող Սարգիս Աղայանը և Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի կրտսեր գիտաշխատող Հարություն Սարգսյանը:

 

Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի հաշվետվությունը ներառել է 8 հիմնական ուղղություն՝ երիտասարդ գիտնականներին միջազգային գիտական գործուղումների, գիտաժողովների, սիմպոզիումների, սեմինարների կազմակերպման ֆինանսական աջակցության տրամադրում, գիտական դրամաշնորհների տրամադրում, երիտասարդ գիտնականների հեղինակած գրքերի տպագրության համար ֆինանսական աջակցության տրամադրում, գիտական սարքերի և/կամ նյութերի ձեռքբերման համար ֆինանսական աջակցության տրամադրում, ազդեցության գործակից ունեցող պարբերականներում երիտասարդ գիտնականների գիտական հոդվածների տպագրության համար ֆինանսական աջակցության տրամադրում, գիտական մրցույթի կազմակերպում և հայազգի գիտնականների դասախոսությունների կազմակերպում: 

 

 

«5 տարիների ընթացքում մենք մեր համախոհներով հետևողականորեն փորձել ենք կոտրել երիտասարդ գիտնականների մասին ձևավորված կարծրատիպը, փորձել ենք ամենօրյա աշխատանքով հասնել նրան, որ երիտասարդ գիտնականը Հայաստանում իրեն անտեսված չզգա, այլ զգա պետության ղեկավարի ուշադրությունն ու հոգածությունը: Արդեն այսօր շոշափելի են կատարված աշխատանքի արդյունքները. հայ երիտասարդները ինտենսիվ տպագրվում են միջազգային հեղինակավոր գիտական ամսագրերում»,- ասում է Կառլեն Խաչատրյանը:

 

Նշենք, որ 5 տարվա մեջ 48 լաբորատորիաներ նոր սարքեր գնելու դրամաշնորհ են ստացել, երիտասարդներից բաղկացած 49 հետազոտական խմբեր դրամաշնորհ են ստացել, կազմակերպվել են 82 գիտաժողով և գիտական դպրոց, որոնց մեծ մասը՝ միջազգային, 382 երիտասարդ արտերկրում գիտաժողովի մասնակցելու աջակցություն է ստացել, 337 երիտասարդ էլ միջազգային հեղինակավոր գիտական ամսագրերում հոդված է տպագրել և խրախուսում ստացել:

Այլ նորություններ
ՊՐՈՖԵՍՈՐԱԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԿԱԶՄՆ ԱՄՓՈՓԵՑ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Այսօր տեղի ունեցավ արդեն ավանդական դարձած ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի տարեկան գիտաժողովը:
ԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԵՏԱԶՈՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Դեկտեմբերի 7-8-ը ԵՊՀ-ում անցկացվեց Իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտների և հայցորդների տարեկան գիտական երկօրյա նստաշրջանը: