26.06.2017 | 
Հասարակություն
ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Այսօր «Արմենպրես» գործակալության մամուլի սրահում տեղի ունեցավ «ACM-ICPC» ծրագրավորման հեղինակավոր միջազգային օլիմպիադայի եզրափակչին մասնակցած ԵՊՀ ուսանողների մամուլի ասուլիսը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԵՊՀ թիմը այս տարվա մայիսի 20-25-ը մասնակցել է ԱՄՆ-ում անցկացվող «ACM-ICPC» ծրագրավորման հեղինակավոր միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլին և գոհացուցիչ արդյունքներ գրանցել:

 

Ասուլիսին մասնակցում էին ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանը, դասախոս Արմեն Անդրեասյանը և մրցույթի մասնակիցներ Ալբերտ Սահակյանն ու Տիգրան Մամիկոնյանը:

 

Բանախոսները ներկայացրին իրենց թիմի հաջողությունները: Վահրամ Դումանյանի խոսքով՝ եզրափակիչ փուլում 133 թիմ է մրցել միմյանց հետ, որոնք ընտրվել են աշխարհի 103 երկրների 2948 համալսարաններից:

 

«Թիմերի գնահատման և դասակարգման սկզբունքը հետևյալն է. ընդհանուր առմամբ նախատեսված է 12 մեդալ՝ 4 ոսկե, 4 արծաթե և 4 բրոնզե: Դասակարգման աղյուսակում, ըստ հերթականության, ներկայացվում են մեդալի արժանացած թիմերը, որոնցից հետո թիմերը դասակարգում են՝ ըստ լուծած խնդիրների քանակով: Մասնավորապես 12-րդ տեղից հետո գալիս է 13-րդ տեղը, որը կիսել են 7 թիմեր, և որոնք լուծել են 7 խնդիր: Դասակարգման աղյուսակում դրանք ներկայացվում են՝ ըստ այբբենական կարգի: Այնուհետև աղյուսակում ներկայացվում են համապատախանաբար 6, 5 և 4 խնդիր լուծած թիմերը: Մենք այն թիմերի շարքում ենք, որոնք լուծել են 4 խնդիր: Մեզ հետ 4 խնդիր են լուծել ևս 54 թիմեր, որոնք դասակարգման աղյուսակում կիսել են 56-րդ տեղը: Կան թիմեր, որոնք տեղ չեն գրավել, այլ պարզապես արժանացել են շնորհակալագրերի: Եթե հիշենք, որ մրցույթին մասնակցում են 2948 համալսարանների թիմեր, ապա կարծում եմ, որ 56-րդ հորիզոնականը մեզ համար բացառիկ է: Ի դեպ, նույն արդյունքը մեզ հետ հավասար գրանցել են նաև այնպիսի հեղինակավոր համալսարանների թիմեր, ինչպիսիք են, օրինակ, Փրինսթոնի, Օքսֆորդի և այլ հեղինակավոր համալսարանների թիմեր»,- ասուլիսի ընթացքում պարզաբանեց Վահրամ Դումանյանը:

 

Մասնակիցներից մեկը հավելեց, որ չի եղել արտասովոր խնդիր, որ իրենք լուծեն, ուրիշները` ոչ: Նա նաև հայտնեց, որ այդքան առաջատար համալսարանների հետ մրցելը շատ ուրախալի է:

 

Մասնակիցները գոհ են մրցույթից, սակայն կարծում են, որ ավելի լավ արդյունք կարող էին ցույց տալ: Ինչ վերաբերում է ոլորտի զարգացմանը, դրա համար, ըստ բանախոսների, համակարգային մոտեցում է անհրաժեշտ

Այլ նորություններ
ՀՕՖ-Ը ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑ ԵՊՀ ՈՍԿԵ ՄԵԴԱԼՈՎ
ԵՊՀ-ն պարգևատրել է «Հայ օգնության ֆոնդ» բարեգործական կազմակերպությանը՝ Մայր բուհի կրթագիտական գործունեությանը ցուցաբերած մշտական և նշանակալի աջակցության համար:
ԲԱՔՎԻՑ՝ ԱՄՆ. ՄԻ ԿՅԱՆՔԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Այսօր ԵՊՀ-ում համալսարանականները հանդիպեցին ամերիկահայ գրող, դասախոս, իրավ. գիտ. թեկնածու, հասարակական գործիչ Աննա Աստվածատուրյան Թերքոթի հետ: